Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Թուրք լրագրող. «Անկեղծ ասած չեմ հաւատում, որ հայ-թուրքական կարգաւորումը հնարաւոր կը լինի միայն 2 երկրների հանդիպումների միջոցով»

«ԱԼԻՔ» – Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների կարգաւորման գործընթացի շրջանակներում յուլիսի 30-ին հայ-թուրքական սահմանին կայացել էր բանագնացների 5-րդ հանդիպումը։ Թուրք լրագրող, գրող Սերդար Քորուջուն իրադարձութիւնները ներկայացրել է Երեւանից եւ Ermenihaber.am-ի թղթակից Անի Գալստեանի հետ զրոյցում կիսւել իր դիտարկումներով։

– Ի՞նչ էք կարծում, հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացում նոր առաջընթաց կա՞յ, թէ՞ սա հերթական սիմւոլիկ հանդիպումն էր։

– Այս հանդիպումը կարեւոր էր։ Ի վերջոյ, սա 30 տարուց աւելի փակ պահւող սահման է եւ երկու երկրների բանագնացների հանդիպումը սահմանին ունի պատմական նշանակութիւն՝ ի տարբերութիւն նախորդների։ Բայց արդիւնքները ցոյց են տալիս, որ մենք դեռ գործի սկզբում ենք եւ պէտք է աւելի շատ առաջընթաց գրանցենք։

– Դուք այժմ գտնւում էք Երեւանում, հանրային ի՞նչ տրամադրութիւններ են տիրում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների կարգաւորման հարցում։

– Առաջին հերթին սա պէտք է շեշտեմ։ Չնայած պատերազմից դուրս գալուն եւ Ղարաբաղը կորցնելուն՝ Հայաստանում, որպէս Թուրքիայի Հանրապետութեան քաղաքացի, ես որեւէ դժւարութեան չեմ հանդիպել։ Սա միայն դիւանագիտական գործընթացների համար չեմ ասում։ Անցեալ տարի շատ հասկանալի պատճառներով մամուլի հաւատարմագրում ստանալու համար ինձնից պահանջւեց 6 ամիս, սակայն այս տարի Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութիւնը շատ աւելի արագ տւեց հաւատարմագրում։ Հասարակութեան մէջ էլ ոչ մի խնդրի չեմ հանդիպել։

10 տարի է անցել այն օրւանից, երբ առաջին անգամ եկել եմ Երեւան եւ հիմա նոյնիսկ չեմ կարող հաշւել, թէ քանի անգամ եմ եղել այստեղ։ Այս 10 տարւայ ընթացքում շատ բան է փոխւել թէ՛ Հայաստանում, թէ՛ մեր տարածաշրջանում եւ չնայած դրան ոչ մի բացասական բանի չեմ հանդիպել։ Օրինակ` երբ քաղաքի հրապարակներում, փողոցներում թուրքերէն էինք խօսում շատ մարդիկ հետաքրքրութիւն էին ցուցաբերում, որոշները թուրքերէն էին խօսում եւ նոյնիսկ մեզ գրկում։ Սա չեմ ասում նրա համար, որ երկրների միջեւ ոչ մի խնդիր չկայ։ Գիտեմ թէ Հայաստանի ու հայ ժողովրդի համար ինչ դժւար գործընթաց է ընթանում եւ իհարկէ այդ պատճառով Հայաստանում կան այնպիսիք, ովքեր բարկանում են Անկարայի վրայ եւ արձագանգում Անկարային։ Հնարաւոր չէ, որ չլինի։ Թուրքիայում էլ Հայաստանի կառավարութեանը բացասաբար վերաբերւողներ կան ու կը լինեն․․․Դա բնական է։

– Ինչպէս գիտէք, յուլիսի 30-ին Հայաստանի եւ Թուրքիայի յարաբերութիւնների կարգաւորման գործընթացի շրջանակներում տեղի ունեցաւ բանագնացերի 5-րդ հանդիպումը, որի ընթացքում կողմերը վերահաստատեցին նախկինում ձեռք բերւած պայմանաւորւածութիւնները, սակայն դեռեւս նոր առաջընթաց չի նկատւում։ Ըստ Ձեզ՝ հայ-թուրքական սահմանը ե՞րբ կը բացւի, ի՞նչն է խանգարում Թուրքիային։

– Իմ անունից խօսեմ։ Անկեղծ ասած չեմ հաւատում, որ Հայաստանի եւ Թուրքիայի յարաբերութիւնների կարգաւորումը հնարաւոր կը լինի միայն երկու երկրների հանդիպումների միջոցով։ Իհարկէ, այս շփումները կարեւոր են, սակայն Անկարան էլ ասում է, որ Հայաստանի հետ յարաբերութիւնները կը կարգաւորի Բաքւի հետ խաղաղութեան պայմանագրի ստորագրումից յետոյ։

Սահմանի փակման պատճառն էլ 1990-ականներին կրկին Ղարաբաղի դէպքերն էին։ Թուրքիան փակել է սահմանը՝ ի աջակցութիւն Ադրբեջանի եւ ի պատասխան կատարւածի։ Սահմանը չէր փակւել Անկարա-Երեւան գծում տեղի ունեցած ճգնաժամի պատճառով, որ միայն երկու երկրների միջեւ հանդիպումներով կարողանայ բացւել։ Այդ պատճառով, եթէ կարգաւորումը լինի, ապա այս գործընթացում անհնար է գործել առանց Ադրբեջանի։ Անկարա-Երեւան, Բաքու-Երեւան գծում պէտք է լինի կարգաւորման/խաղաղութեան գործընթաց։ Այժմ կողմերը միմեանց հետ պէտք է աւելի շատ խօսեն եւ համաձայնագիրը պէտք է դրւի սեղանին։ Դա միայն դիւանագէտները չպէտք է անեն, լրագրողները, գիտնականները պէտք է հանդիպեն, քննարկեն եւ իւրաքանչիւր թեմայի շուրջ պէտք է բաց խօսենք։ Պէտք է խօսենք։

Ինչպէս ասել է Հայաստանի ազգային ժողովի պատգամաւոր Արման Եղոյեանը, ում հետ անցկացրել եմ հարցազրոյց մենք չենք անհետանալու այս հողերից։ Միմեանց հետ կապրենք որպէս հարեւան։ Պէտք է հանդիպենք, խօսենք։ Այլ ճանապարհ չկայ․․․

Զրոյցը՝ ԱՆԻ ԳԱԼՍՏԵԱՆԻ

Related Articles

Back to top button