Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ինչո՞ւ դեմոնիզացւեց նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կէտը

«ԱԼԻՔ» – Քաղաքագէտ Բենիամին Մատթէոսեանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծութիւն, որում մասնաւորապէս ասւում է.

«Հայկական պետականութեան «ազատ անկումը» շարունակւում է, ինչի պատճառով Հարաւային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ յատուկ ներկայացուցիչ Տոյւօ Կլաարը, յայտարարելով հայերի՝ իրենց պատմական հայրենիք Արցախ հնարաւոր վերադարձի մասին, խօսում է նաեւ ադրբեջանցիների՝ Հայաստան «վերադարձի» մասին: Սա ռումբ է «հայկական պետականութեան տակ», որը կարող է յանգեցնել նրան, որ Ուկրաինայում հակամարտութիւնը կաւարտւի աւելի ուշ, քան կը վերանայ ժամանակակից հայկական պետականութիւնն իր ներկայիս տեսքով եւ ներկայիս սահմաններում: Պարադոքսն այն է, սակայն, որ, ի թիւս այլ բաների, հայկական պետականութեան այս «ազատ անկումը» պայմանաւորւած է 2020 թւականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի վարկաբեկմամբ եւ սաբոտաժով։

Իշխանամէտ քարոզչութիւնը յատկապէս դեմոնիզացրել էր նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ պարբերութիւնը: Պարբերութիւն, որտեղ բառացիօրէն ասւում է.

«Ապաշրջափակւում են տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետութիւնը երաշխաւորում է Ադրբեջանի Հանրապետութեան արեւմտեան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետութեան միջեւ տրանսպորտային հաղորդակցութեան անվտանգութիւնը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների՝ երկու ուղղութիւններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցութեան նկատմամբ վերահսկողութիւնն իրականացւում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայութեան մարմինները: Կողմերի միջեւ համաձայնեցմամբ՝ ապահովւելու է Նախիջեւանի Ինքնավար Հանրապետութիւնն Ադրբեջանի արեւմտեան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցութիւննների շինարարութիւնը»։

Պէտք է յստակ նշել, թէ ինչու է 9-րդ կէտը նշում ռուսական ФСБ-ի կողմից տրանսպորտային հաղորդակցութիւնների նկատմամբ վերահսկողութիւնը: Աշխարհը Հայաստանով չի սկսւում ու աւարտւում, իսկ համաշխարհային փորձը ցոյց է տալիս, որ նման մասշտաբի ու նշանակութեան տրանսպորտային միջանցքը, նման տրանսպորտային հաղորդակցութիւնները, որոնք պէտք է անցնեն Հայաստանի Հանրապետութիւնով, կարող են գործել միայն համաշխարհային խաղացողներից մէկի անվտանգութեան երաշխիքների ներքոյ։ Այսպէս է աշխատում միջազգային լոգիստիկան եւ միջազգային առեւտուրը։ Դա, ի թիւս այլնի, անհրաժեշտ է, քանի որ հակառակ դէպքում ոչ մի միջազգային ապահովագրական ընկերութիւն չի ապահովագրի այս ճանապարհով անցնող բեռները։ Իսկ առանց ապահովագրութեան մեծ բեռնափոխադրումներ չեն կարող լինել։

Որպէս օրինակ՝ դիտարկենք Պանամայի ջրանցքը, որի ստեղծման համար ամերիկացիները 1906 թւականին ստեղծեցին առանձին պետութիւն՝ փաստացի խլելով Կոլումբիայից տարածքների մի մասը։ Պաշտօնապէս, այսօր ջրանցքը կառավարւում է Պանամայի ջրանցքի վարչակազմի կողմից: Պանաման վճարումներ է ստանում ջրանցքով անցնելու համար, սակայն տրանսպորտային հաղորդակցութեան փաստացի վերահսկողութիւնն իրականացնում է Ամերիկայի Միացեալ Նահանգները։

Սա լաւ է, թէ վատ, այլ հարց է, բայց սրանք միջազգային առեւտրի կանոններն են։ Նոյն «խաղի կանոնների» հիման վրայ 2020 թւականի նոյեմբերից պայմանաւորւածութիւն է ձեռք բերւել, որ Ռուսաստանը վերահսկելու է հաղորդակցութիւնները, եւ բոլոր տարածաշրջանային խաղացողները համաձայն են դրան։ Աւելին, 2021 թւականի մայիսին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները յայտարարութիւն տարածեցին, որում ասւում էր.

«Համանախագահները վճռականօրէն կոչ են անում կողմերին՝ անյապաղ վերացնել Լեռնային Ղարաբաղ մարդասիրական օգնութեան մուտքի բոլոր սահմանափակումները եւ կողմերին կոչ են անում ամբողջութեամբ իրականացնել նոյեմբերի 9-ի հրադադարի յայտարարութեամբ ստանձնած պարտաւորութիւնները»։ Այսինքն՝ ԵԱՀԿ Մինսկի խումբն իր յայտարարութեամբ լեգիտիմացրել է նոյեմբերի 9-ի յայտարարութիւնը։

Սակայն աւելի ուշ Ուկրաինայում պատերազմ սկսւեց, եւ Փաշինեանի արտատարածաշրջանային գործընկերներն այս իրավիճակը ընկալեցին որպէս Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու եւ դէպի Կենտրոնական Ասիայի ճանապարհ բացող հաղորդակցութիւնների վրայ վերահսկողութիւն ձեռք բերելու պատմական հնարաւորութիւն։ Ու Նիկոլ Փաշինեանի գործընկերները պատրաստ էին դա անել թէ՛ Արցախի, թէ՛ ողջ Հայաստանի գնով՝ ինչի մասին էլ վկայում է Տոյւօ Կլաարի վերը նշւած յայտարարութիւնը։

Մտածէ՛ք այդ մասին…»։

Related Articles

Back to top button