ԻրանՀայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Ահարոն Վարդանեան. «Ադրբեջանում իսրայէլական խորը ներկայութեան մասին են խօսում, այդ թւում՝ Արցախից օկուպացւած տարածքներում»

Իրան-Իսրայէլ լարւածութեան աճի ֆոնին իրանագէտները նշում են Իսրայէլի աջակից Ադրբեջանում ահագնացող վախերի մասին։

Յիշեցնենք՝ բրիտանական The Telegraph պարբերականում օրերս տեղ էր գտել հրապարակում, որը յղում տալով իրանական աղբիւրներին՝ նշել էր, թէ Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանն առաջարկում է Իսրայէլի փոխարէն հարւածել հարեւան երկրներում, մասնաւորաբար, Ադրբեջանում կամ Իրաքի հիւսիսի քրդաբնակ շրջաններում գտնւող գաղտնի իսրայէլական բազաներին։ Բաքւից շտապել էին հերքել իրենց տարածքում իսրայէլական ուժերի առկայութիւնը։

«Երբ ամէն անգամ լարւում են Իրան-իսրայէլական յարաբերութիւնները, այդ համատեքստում սկսում են խօսել նաեւ այն տարածքների մասին, որտեղ Իսրայէլն ունի ռազմաբազաներ կամ տարբեր ներկայութիւններ, իսկ այդ տարածքները յայտնւում են Իրանի թիրախում։ Մասնաւորապէս, նման հարւած եղել է Իրաքի Քրդստանում՝ Էրբիլում, որտեղ Իսրայէլն ունեցել է բազաներ։ Հէնց այս համատեքստում է դիտարկւում նաեւ ադրբեջանական հանրապետութիւնը, որովհետեւ թէպէտ ոչ պաշտօնապէս, բայց խօսւում է Ադրբեջանում իսրայէլական խորը ներկայացւածութեան մասին, այդ թւում՝ Արցախից օկուպացւած տարածքներում «խելացի գիւղեր»-ի անւան տակ ռազմաբազաների առկայութեան։ Իրանական վերլուծական շրջանակները չեն բացառում, որ այդ տարածքները հետագայում որպէս պլացդարմ են օգտագործւելու հէնց Իրանի դէմ»,- 168.am-ի հետ զրոյցում նշել է իրանագէտ Ահարոն Վարդանեանը՝ պատասխանելով հարցին, թէ այս պահին որքանո՞վ է իրատեսական եւ հնարաւոր Իրանի կողմից Ադրբեջանի թիրախաւորումը։

Իրանագէտը նկատել է, որ հէնց այս հանգամանքներն են նաեւ իրանցի տարբեր վերլուծաբանների ու գործիչների հիմք տալիս յայտարարելու, որ հնարաւոր թիրախների շարքում կարող են լինել նաեւ ադրբեջանական պետութեան տարածքում գտնւող իսրայէլական ուժերը։

«Այս տեղեկատւական ֆոնին օրերս Ադրբեջանից եղաւ պաշտօնական հերքում, թէ Իսրայէլն Ադրբեջանում չունի որեւէ ռազմաբազա, բայց մենք գիտենք՝ հերքելը մի բան է, իրականութիւնը՝ մէկ այլ»,- շեշտել է նա։

Ահարոն Վարդանեանը չի կարծում, թէ Իրան-Իսրայել լարւածութիւնը մօտ ժամանակում կը վերաճի ուղիղ առճակատման։

«Դա ձեռնտու չէ ո՛չ Իրանին, ո՛չ Իսրայէլին. երկուսն էլ հասկանում են, թէ դա ինչ ռիսկեր է պարունակում, եւ, որ դա չի սահմանափակւելու միայն Իրանով եւ Իսրայէլով։ Միջազգային այլ խաղացողներ էլ են հասկանում դրա լրջութիւնը,- պարզաբանեց նա՝ չբացառելով ինչպէս նախկինում, այս անգամ՝ եւս հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերով Իսրայէլի տարածքներին հարւածներ հասցնելու իրանական ռազմավարութիւնը,- իսկ թէ այդ հարւածները կը լինեն ուղի՞ղ, կայ միջնորդաւորւա՞ծ… Իրանը տարածաշրջանում ունի արբանեակային ուժեր, եւ կարող է իր ազդեցութեան տակ գտնւող երկրներից էլ հարւածներ հասցնել Իսրայէլի ենթակառուցւածքներին, կամ իսրայէլական բազաներին այլ տարածքներում, այդ թւում՝ ադրբեջանական տարածքներում»։

Հարցին, թէ այս իրավիճակում ինչպէ՞ս պէտք է դիրքաւորւի Հայաստանը, իրանագէտը պատասխանել է. «ՀՀ-ն, ինչպէս բոլոր դէպքերում, այս դէպքում՝ եւս, պէտք է առաջնորդւի բացառապէս իր շահերը հաշւի առնելով»։

Յիշեցնենք՝ Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբիւրոյի առաջնորդ Իսմայիլ Հանիէի սպանութիւնից յետոյ վերջին օրերին ակտիւօրէն քննարկւում է, թէ Իրանն ինչպէս պէտք է արձագանգի այս գործողութեանը։ Արեւմտեան լրատւամիջոցները չեն բացառում, որ իրանական կողմը կարող է հարւածել Ադրբեջանի տարածքին, որտեղ Իսրայէլը մեծ ներկայութիւն է հաստատել։

Related Articles

Back to top button