ՄիջազգայինՔաղաքական

Ասւում է, թէ Էրդողանն աստւածային յատկանիշեր ունի. «Բացարձակ իշխանութիւնը փչացնում է բացարձակապէս»

Աբդօլլահ Բոզքուրտը Nordic Monitor-ի իր յօդւածում գրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին, որն իրեն պարուրել է Աստծոյ կամ Ալլահի յատկանիշերով: Էրդողանի հնազանդ մերձաւոր շրջապատն ամրապնդում է նրա այդ ինքնագովասանքի եւ ուռճացւած կարծիքը՝ պնդելով, որ նա աստւածային ուժ ունի: Յօդւածը վերնագրւած է. «Թուրքիայի նախագահը տառապում է աստւածային բարդոյթով, պաշտւած է Ալլահին եւ մարգարէին բնորոշ յատկանիշերի համար»:

Բոզքուրտն իր յօդւածն սկսում է Էրդողանին բնութագրելով որպէս «նախագահ, որը հաւատում է, որ ունի գերազանց կարողութիւններ եւ, ըստ երեւոյթին, տառապում է աստւածային բարդոյթով… Էրդողանը ջարդել է ընդդիմութեանը, բանտարկել իր քննադատներին եւ հակառակորդներին, իր ձեռքում համախմբել իշխանութեան բոլոր լծակները, ոչնչացրել հակակշիռներն ու դարձել իր երկրի բոլոր հարցերի վերաբերեալ միակ որոշում կայացնողը: Իր ունակութիւնների եւ անսխալականութեան մասին նրա ուռճացւած տեսակէտը, զուգորդւած նրան շրջապատող միաբերան համաձայնողների ներկայութեամբ, ամրապնդում է նրա ինքնասիրահարւածութիւնն ու ամրացնում նրա գերազանցութեան բարդոյթը: Նա իրեն համարում է խալիֆ, ամբողջ աշխարհում ողջ մահմեդական համայնքի առաջնորդ, եւ հետեւաբար կարծում է, որ արժանի է յատուկ ուշադրութեան»:

Բոզքուրտը յիշեցնում է, որ 2024 թւականի մարտին կայացած խորհրդարանական ընտրութիւններում Էրդողանի կուսակցութեան (AKP) պարտութիւնից յետոյ, ապրիլի 17-ին նա ասաց. «Տիկնա՛յք եւ պարոնա՛յք: Թող բոլորը տեսնեն եւ իմանան, որ ոչինչ չի աւարտւում, քանի դեռ չենք ասել, որ աւարտւել է»: Այս հնչած անմեղ յայտարարութիւնը, պարզւում է, որ ցնցող հետեւանքներ ունեցաւ… քաղաքական իսլամական շրջանակների համատեքստում՝ [վիճարկելով] Ալլահի աստւածային կամքը, իսլամի վեց հիմնական սիւներից մէկը, ինչը նշանակում է, որ Ալլահն է վերջնական որոշում կայացնողը, եւ ամէն ինչ տեղի է ունենում միայն Նրա աստւածային կամքի համաձայն: Այս մեկնաբանութիւնն արտացոլում է Էրդողանի ներքին մտածելակերպը, քանի որ նա սովոր է լինել թուրքական հարցերում վերջնական իրաւարարը, գրեթէ բացարձակ իշխանութեան երկարատեւ կառավարումից յետոյ: Էրդողանն այս խօսքերը դատարկ տեղը չի ասել. նա իրեն աստւածահաճոյ կերպով տեսնելու երկարատեւ փորձ ունի: Նրա հետեւորդների պաշտամունքային գովասանքը, անշուշտ, նպաստել է նախագահի հոգեբանութեան ձեւաւորմանը»:

2024 թւականի մարտին նախընտրական հանրահաւաքում ելոյթ ունենալիս Էրդողանն ասաց. «Մեր ողորմութիւնը կը յաղթի մեր բարկութեանը»։ Նման կերպ նկարագրելով իր կառավարութեան արձագանգն իր քննադատներին եւ ընդդիմախօսներին՝ Էրդողանը «ուղղակիօրէն յղում արեց աւանդական իսլամական մտքի դպրոցում Ալլահի եզակի յատկանիշին, որը նկարագրւած էր իսլամական մարգարէ Մոհամմադի խօսքում. «Երբ Ալլահը որոշեց արարել, Նա խոստացաւ իրեն՝ գրելով Իր Գրքում, որը դրւած է Նրա հետ՝ Իմ ողորմութիւնը յաղթում է իմ բարկութեանը»։ Ընդդիմադիր իսլամական քաղաքական «Սաադեթ» կուսակցութեան Milli Gazete թերթը գրել է. Էրդողանը «ապշեցրեց ներկաներին, երբ իրեն միացրեց Ալլահի յատկանիշերի հետ»։

Էրդողանի համախոհները եւ նրա իշխող կուսակցութեան բարձրաստիճան անդամները, որոնք զբաղւած են քծնանքով, ուռճացւած յայտարարութիւններ են անում՝ հաստատւելով գերագոյն ուժեր ունենալու իր պնդումը։ Ահա Բոզքուրտի ներկայացրած մի քանի օրինակները.

«2011 թ. յուլիսին AKP-ի Բուրսայի այն ժամանակւայ պատգամաւոր Հոսէյին Շահինն Էրդողանի հետ զրոյցից եւ այցելութիւնից յետոյ յայտարարեց, որ «նոյնիսկ մեր յարգարժան վարչապետին [Էրդողանին] դիպչելը, կարծում եմ, պաշտամունքի արարք է: Ես այսպէս եմ ասում, որովհետեւ նոյնիսկ նրա ներկայութիւնը էներգիայով է լցնում մեզ»»:

«Ֆեւաի Արսլանը, Էրդողանի իշխող կուսակցութեան միւս օրէնսդիրը, 2014 թւականի յունւարին ասաց. «Ռեջեփ Թայիփ Էրդողանը մի առաջնորդ է, որը մարմնաւորում է Ալլահի բոլոր յատկանիշերը: Նրանք ուզում էին խանգարել նրան»»:

«AKP-ի երկարամեայ օրէնսդիր Զուլֆու Թոլգա Աղարը 2019 թւականի օգոստոսին իր ելոյթում Էրդողանին համեմատեց Աստծոյ հետ՝ ասելով. «Երբ մեզ ասում են նախագահի մասին, թւում է, թէ մեզ ասում են Ալլահի մասին»»:

«2009 թւականի նոյեմբերին մօտ 1500 կուսակցական հաւատարիմների առջեւ ելոյթ ունենալիս AKP-ի Այդինի այն ժամանակւայ մարզային գրասենեակի ղեկավար Իսմայիլ Հակկի Էսերը բազմութեանն ասաց. «Թող ոչ ոք չկասկածի մեր վարչապետի [Էրդողանի] նկատմամբ մեր ժողովրդի սիրուն ու յարգանքին: Մենք նւիրւած ենք մեր վարչապետին, նա մեզ համար երկրորդ մարգարէի պէս է»»:

«Եւրոմիութեան գործերի նախկին նախարար Էգեմէն Բաղիշը 2013 թւականի փետրւարին մի քանի քաղաքներ յայտարարեց որպէս սուրբ, որոնք նման են Մեքքայի եւ Մեդինայի իսլամական սրբավայրերին՝ ասելով. «Ռիզէն, Ստամբուլը եւ Սիիրթը սուրբ քաղաքներ են, քանի որ այս երեք քաղաքները մեծ դեր են ունեցել Թուրքիայի Հանրապետութեան պատմութեան մեծագոյն ղեկավարի ստեղծման գործում»: Ռիզեն Էրդողանի ընտանիքի հայրենի նահանգն է, իսկ Ստամբուլն այն վայրն է, որտեղ նա մեծացել է ու մտել քաղաքականութիւն: Նրա կնոջ հայրենի նահանգը՝ Սիիրթը, այն ընտրատարածքն է, որտեղ նա առաջին անգամ ընտրւել է խորհրդարանում 2003 թւականի մարտի կրկնակի ընտրութիւններում։ Չնայած բազմամիլիոնանոց կաշառակերութեան սխեմայի մէջ մեղադրւելուն՝ Էրդողանը կանգնել է Բաղիշի կողքին եւ նրան նշանակել է դեսպան  Չեխիայում»:

Ոմանք նոյնիսկ ասում են, որ Էրդողանը գերազանցել է իսլամական մարգարէին: Էֆքան Ալան, այն ժամանակւայ ներքին գործերի նախարարը, ասաց. «Մուհամմադ մարգարէն հպարտութեան մէջ էր, ուստի Աստւած նախազգուշացրեց նրան: Միւս կողմից, մենք հպարտութեան գայթակղութեանը չենք ենթարկւի»: Ալայի իրաւայաջորդ Սուլէյման Սոյլուն 2021 թւականի դեկտեմբերին պնդեց, որ Էրդողանի կառավարութեան աշխատանքը Ալլահի աշխատանքն է: «Մի նայէք միայն այն, ինչ մենք անում ենք: Մենք դա չենք անում միայնակ: Մենք հաւատում ենք, որ դա Ալլահն է, որն ստիպում է մեզ դա անել»»:

«2010 թւականի փետրւարին AKP-ի քաղաքական գործիչ Օքթայ Սարալը, որը ղեկավարում էր Տրապիզոն նահանգի Օֆ շրջանը, կոչ արեց երկրպագել Էրդողանին եւ ասաց, որ պէտք է երախտագիտութեան աղօթք անել, որը նման է Աստծոյ համար մահմեդական ծեսերին, քանի որ Էրդողանն իսլամական աշխարհի օրհնւած ղեկավարն է։»։

«Էրդողանի որոշ տեղակալներ նրա ելոյթները նմանեցրել են Սուննային, որը վերաբերում է Մուհամմադ մարգարէի խօսքերին եւ գործելակերպին ու համարւում է մահմեդականների համար սուրբ Ղուրանից յետոյ գիտելիքի երկրորդ հեղինակաւոր աղբիւրը»:

Բոզքուրտը յաւելել է. «Թուրքիայում նրա աւելի քան երկու տասնամեակ կառավարման ընթացքում Էրդողանին Աստծոյ այսպիսի վերագրումների տասնեակ դէպքեր են եղել: Նրանցից ոչ մէկը չի վիճարկւել Էրդողանի կողմից, նա, կարծես թէ, վայելել է նման գովասանքները: Իր ինքնընկալման մէջ, թերեւս, նա իրեն զգում է որպէս Աստւած կամ Աստծոյ կողմից ընտրւած առաքեալ, որը եկել է իշխանութեան՝ մահմեդականներին ամբողջ աշխարհում առաջնորդելու համար»:

«Իրավիճակն աւելի է բարդանում նրանով, որ նախագահ Էրդողանը շրջապատւած է միաբերան համաձայնող կանանցով եւ տղամարդկանցով, որոնք երկրպագում են նրան եւ չեն համարձակւում արտայայտել այն տեսակէտները, որոնք կարող են նրան դժգոհեցնել: Մարդկանց պրոֆիլը, ում նա ընտրել է իր մերձաւոր շրջապատում ընդգրկելու համար, պատկերում է նրանց, որոնք խուսափում են քննադատական ​​մտածելակերպից եւ վիճայարոյց տեսակէտներից երկրի կառավարման մէջ: Իրականում Էրդողանը ոչ այլ ինչ է, քան աւազակ, ինքնասիրահարւած դիկտատոր, որը չարաշահում է կրօնը իր քաղաքական նկրտումների համար՝ հարստացնելով իր ընտանիքի անդամներին եւ ընկերակցողներին միլիարդաւոր դոլարներով՝ իր վարչակազմում համատարած կոռուպցիայի եւ բոլոր տեսակի անօրինական բիզնես գործունէութիւնից եւ յանցաւոր ձեռնարկութիւններից շահոյթ ստանալու միջոցով», եզրափակել է Բոզքուրտը:

ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ

«Կալիֆորնիա կուրիէր»

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ

Related Articles

Back to top button