Հայաստան - ԱրցախՔաղաքական

Գենսերը՝ Ռուբէն Վարդանեանի մասին. «Նրա յանցագործութիւնը պարզապէս հայ ժողովրդի արժանապատւութիւնը պաշտպանելն էր»

«ԱԼԻՔ» – «Իմ պաշտպանեալ Ռուբէն Վարդանեանի՝ Ադրբեջանի կողմից կալանաւորումից աւելի քան 18 ամիս է անցել։ Նւիրւած հայ քրիստոնեայ, յարգւած բարերար եւ գործարար Ռուբէնը քաղբանտարկեալ է դարձել 2023 թւականի սեպտեմբերին»։ Այս մասին երէկ՝ ապրիլի 29-ին, ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանտոսի անւան մարդու իրաւունքների յանձնաժողովի լսումների ժամանակ յայտարարել է Ռուբէն Վարդանեանի միջազգային իրաւական խորհրդատու Ջարեդ Գենսերը։

«Նրա իրական յանցագործութիւնը պարզապէս Լեռնային Ղարաբաղի հայ քրիստոնեայ ժողովրդի արժանապատւութեան եւ ինքնորոշման իրաւունքի պաշտպանութիւնն էր. Հարաւային Կովկասի մի տարածաշրջան, որը հայերն անւանում են Արցախ: Էթնիկ զտումներից յետոյ Ադրբեջանը միայն արագացրեց իր երկարատեւ ջանքերը՝ տարածաշրջանում հայ քրիստոնեաների ներկայութեան ցանկացած հետք վերացնելու համար»,- շեշտել է Ջարեդ Գենսերը:

Նա ընդգծել է, որ անցեալ տարի հրապարակւած զեկոյցում «Ճշմարտութեան եւ արդարադատութեան կենտրոնը» փաստաթղթաւորել է 500 պատմական վայրի եւ 6000 հայկական յուշարձանի, դրանց թւում՝ եկեղեցիների եւ վանքերի պղծման կամ ոչնչացման բազմաթիւ օրինակներ։

«Եւ Ռուբէնի շարունակական բանտարկութիւնը մնում է Ալիեւի շարունակական դաժանութեան վառ խորհրդանիշը։ Եթէ Բաքւի ռազմական դատարանը նրան մեղաւոր ճանաչի աւելի քան 40 կեղծ մեղադրանքով, նրան սպառնում է ցմահ ազատազրկում։ Նրա դէմ մեղադրանքները, անկեղծ ասած, ապշեցուցիչ են»,- շեշտել է Ջարեդ Գենսերը։

Related Articles

Back to top button