Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ռոբերտ Քոչարեանի հարցազրոյցի ամենակարեւոր մեսիջները

ՍԵՒԱԿ ՅԱԿՈԲԵԱՆ

Yerevan.today-ի գլխաւոր խմբագիր

 

Նախորդ շաբաթւայ վերջին տեղի ունեցաւ երկու իրադարձութիւն, որից մէկը կարելի է բնութագրել որպէս հերթական խայտառակութիւն, միւսը դիտում եմ ապագայ խայտառակութիւնները կանգնեցնելու, իրավիճակը առաջիկայում փրկելու փորձ։ Նախ Նիկոլ Փաշինեանն այցելեց Ալբանիա։ Նրա այցերից, հանդիպում-բանակցութիւններից, յատկապէս երբ այցը ՌԴ է, բանակցութիւնները՝ Էրդողանի ու Ալիեւի հետ, երբ տեսանիւթեր են տարածւում, ամաչում ես, որ նա ներկայացնում է քեզ։ Այդ տեսանիւթերը մի քանի վայրկեանանոց են ու այդ առաւելագոյնը կէս րոպէից խեղճութիւնը թափւում է։ Վատ ես զգում, որ այդ մարդն այդ պահին քո անունից է գնացել, քո շահերից է բանակցում։ Եթէ միւս կադրերում խեղճութիւն էր թափում, Ալբանիայի կադրերը ինձ սարսափեցրին: Դա խեղճութիւն չէր․ Էրդողանի շարժումներն ու պահւածքը, Ալիեւին Նիկոլի սուրճի հրաւիրելը, նրա պատասխանը, խնդալները։ Երկրոդ նախագահը ասում է՝ Նիկոլի, Ալիեւի ու Էրդողանի շփումները նման են տիրոջ ու ծառայի շփումների։ Ու եթէ կէս րոպէանոց վիդէոյի պատճառով մենք մեզ զգում ենք խայտառակւած, բա մտածէք, որ դա ժամերով նրանց հետ խօսում է, բանակցում է ու սա՝ 7 տարի շարունակ։ Յետոյ հարցնում ենք՝ ի՞նչու են մեր սահմանները փոքրանում, ինչու ենք յանձնում հողեր, պատերազմ պարտւում, զոհեր ունենում։ Էստեղ ասում են՝ շատ լաւ է՝ Նիկոլը ընդամէնը ոտքի վրայ է խօսել Էրդողանի հետ, Ալիեւի հետ էլ ոնցոր կարճ է խօսել, ուրեմն հասցրած չի լինի յանձնելու նոր խոստումներ տալ։ Էդքան վստահ մի եղէք, ժողովուրդ ջան։ Նիկոլի առաջին հնդիպումն էլ էր Ալիեւի հետ ոտքի վրայ, ընդամէնը վերելակի մէջ․ ու տեսանք՝ մեր գլխին ինչ եկաւ։ Ալիեւի հետ Նիկոլի հանդիպումը՝ կը լինի ոտքի վրայ, ծնկի վրայ, սեղանի շուրջ, թէ տեղաշորի մէջ, աղէտալի են։ Մարդ, որը 2018 թւականին, 2019 թւականին, 2020 թւականին յոխորտում էր, սպառնում էր թուրքերին, ադրբեջանցիներին, սպառնում էր քանդել Ադրբեջանը ներսից, հիմա ինքը կանգնում է Ալիեւի առաջ արդէն քանդւած։ Էն Ալիեւին, որին հայ ժողովուրդը միշտ ծաղրել է՝ յաղթած լինելով։

Միւս իրադարձութիւնը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի հարցազրոյցն էր, որին մասնակցում էի նաեւ ես։ Հարցազրոյցը իր մեսիջներով գնահատում եմ չափազանց կարեւոր ու բացառիկ։ Գիտէ՞ք, նախ պէտք է նշեմ, որ այդ մարդկանց հետ, որոնց առաջ Նիկոլը ծնկի էր գալիս, բանակցել է նաեւ երկրորդ նախագահը։ Համեմատէք այդ բանակցութիւնները առաջ ու հիմա, համեմատեք Քոչարեանի պատասխանը Ցեղասպանութեան վերաբերեալ Էրդողանի նամակին։ Այո, ի սկզբանէ տարբեր են, որովհետեւ Քոչարեանը բանակցել է յաղթածի դիրքերից։ Նիկոլ Փաշինեանը գնում է շփւեու պարտութեան այնպիսի բեռով, որի տակից սերնդէ սերունդ չեն կարող դուրս գալ ոչ ինքը, ոչ ՔՊ-ական պաշտօնեաները՝ ներկայ ու նախկին։ Նա այդ մեծ բեռը, մեղադրանքը շալակել է ու գնացել է նոյն մարդկանց հետ բանակցելու։ Երկրորդ նախագահը նշում է, որ Նիկոլի համար կարեւոր է մենակ իրեն փրկելը։ Նա իրեն չի կարող փրկել հրաժարականով, փախչելով, կարող է փրկել աթոռը պահելով ու ամէն ինչ անում է դրա համար։ Աթոռը պահելու համար էլ թուղթ, օգնութիւն է մուրում Էրդողանից, Ալիեւից։ Երկրի ներսում չունի այդ աջակցութիւնը։

Ռոբերտ Քոչարեանի հարցազրոյցում ստացանք մեզ յուզոյ ամենակարեւոր հարցերի պատասխանները։ Երկրորդ նախագահը խօսում է կոռուպցիայից ու ասում՝ այս մարդիկ կոռուպցիան Հայաստանում հասցրել են լրիւ այլ մակարդակի, Հայաստանը սարքել են դրախտ՝ կոռուպցիայի համար։ Բարեկամներին լցրել են պետական կառավարման համակարգ, բիզնեսներ են տնօրինում. խօսում է ԱՆԻՖ-ից, որտեղ փոշիացւել է մի քանի տասնեակ միլիոն դոլար, համահայկական հիմնադրամի գումարների մսխումից ու հարց է տալիս՝ հնարաւո՞ր է այդքան գումար փոշիացւի, ու պետութեան ղեկավարի մատը խառը չլինի։ Երկրորդ նախագահը, որի ժամանակ ՀՀ պետական պարտքը եղել է խիստ ցածր վիճակում, հարցնում է՝ ի՞նչ է եղել 7 մլրդ. դոլար պետական պարտքը, որ աւելացրել էք։ Ասում է՝ իր օրօք 230 մլն. դոլար «Լինսի» հիմնադրամով մտել է Հայաստան, կառուցւել են հսկայական բաներ։ Էն որ ՔՊ-ականները ասում են՝ «Լինս»-ի փողերը կերան, Նիկոլենք իրենց թերթում ստեր էին տարածում, թէ՝ Քրքորեանի փողերը կերան, բարերարի գրասենեակն էլ հերքում էր, ասում էր՝ Քոչարեանի հետ համագործակցութեան արդիւնքից շատ գոհ ենք։ Ի դէպ, Նիկոլի կինը գրում է, թէ իրենց մասին սուտ բաներ են տարածում՝ սա ունեն, նա ունեն։ Ձեր ընտանեկան թերթով տարիներ շարունակ անձամբ ում ինչ ուզել՝ վերագրել էք, հիմա բողոքում էք, որ գրում են, թէ ինչ ունեցւածք ունէ՞ք։ Ռոբերտ Քոչարեանն ասում է՝ 230 մլն. դոլար մտել է Հայաստան, ամէն քայլափոխի կարող եմ ասել, թէ ինչ ենք սարքել՝ փողոցներ ենք կառուցել եւ վերանորոգել, մշակոյթի հաստատութիւններ, դպրոցներ, մանկաարտէզներ, երկրաշարժից աւերւած Գիւմրու մեծ մասն ենք վերականգնել, տները բաժանել ժողովրդին, Սպիտակն ենք վերականգնել ամբողջութեամբ, Դիլիջանի թունել ենք կառուցել, Սարալանջի մայրուղի ենք կառուցել, Սելիմի լեռնանցք ենք կառուցել եւ այլ՝ լիքը բաներ։ Այդքանը՝ 230 մլն. դոլարով։ Բա 7 մլրդ. դոլար պարտք էք կուտակել, ցոյց տւէք մի բան, որ արել էք։ Ու եզրակացնում է, որ կերել են, ու Փաշինեանն այսօր Հայաստանի ամենահարուստ մարդն է։ Որովհետեւ նա էնքան խեղճ հարիֆ չէ, որ քթի տակ միլիարդաւոր դոլարներ ուտեն, խաբար չլինի, մասնակցութիւն չունենայ։

Երկրորդ նախագահը մի շարք հարցերի անդրադարձաւ՝ հայ-ռուսական յարաբերութիւների վերականգնում եւ Իրանի հետ խորացում, ռուս-ուկրաինական պատերազմ եւ Եւրոպայի սխալ հաշւարկներ, Միութենական պետութիւն, որի հետ են կապում իրեն, այնինչ նշում է, որ երբեք իր օրօք խօսակցութիւն անգամ չի եղել․ տւեց 2018-ին մեր երկրում կատարւածին իր գնահատականը, ինչը համարում եմ շատ կարեւոր։ Նոր Նիկոլ թոյլ չտալու համար պէտք է վերլուծել ու ճիշտ գնահատել, թէ ինչու եւ ինչպէս եկաւ այս մէկը։ Ու դա պէտք է հասկանալ առանց վիրաւորելու ու առանց վիրաւորւելու։ ՀՀԿ-ն մեղադրում է ժողովրդին Սերժին մերժելու համար, բայց այստեղ խնդիրը Սերժին մերժելը չէր, դա տարիներով ստեղծւած իրավիճակի արձագանքն էր, այլ խնդիրը Նիկոլին բերելն էր։ Անդրադարձաւ երրորդ նախագահից տարանջատմանը՝ նշելով, որ դա եղել է 2008 թւականից ի վեր, անդրադարձաւ իմպիչմենթին եւ այլ թեմաների, որոց դեռ կանդրադառնամ մանրամասն։

Ինչ վերաբերում է խորհրդարանում միջադէպերին, որոնք մշտական են, Ռոբերտ Քոչարեանը նշում է, որ դա պայմանաւորւած է նախընտրական վիճակով․ ՔՊ-ն արել է բաներ, որոնց պատասխանը չունի․ երկիր են յանձնել, 5 հազարի գլուխն են կերել, 7 մլրդի պարտք են կուտակել, կոռուպցիայի մէջ թաղւած են, ԱՆԻՖ-ով գումարներ են փոշիացւել, հարստանում են շատ արագօրէն եւ այլն եւ այլն եւ ոչ մի բանի պատասխանը չունեն, ու տրամաբանական է, որ նեարդայնանում են։ Իրենք գիտեն ինչ են արել, իրենք գիտեն իրենց արածի ծանրութիւնը ու գիտեն հանրութեան արձագանքը։ Ու իրենք սկսել են մեղադրել հէնց հանրութեանը՝ իրենց սխալների մէջ։ Մենք տեսել ենք, որ Նիոլ Փաշինեանը իր սխալները միշտ գցել է տարբեր կողմերի վրայ, մեղաւոր են նախկինները, մեղաւոր են ռուսները, մեղաւոր է թիմը, որ սխալ է զեկուցում, ու յետոյ հասաւ ժողովրդին՝ ծոյլ են, չեն աշխատում, կրթութիւն չունեն եւ այլն։ Երկրորդ նախագահը շեշտում է՝ ժողովրդից գործ չունես, ես ժողովրդի հետ աշխատել եմ 10 տարի ու մեր երկրի բրենդը եղել է մեր ժողովրդի խելացիութիւնը, կազմակերպւածութիւնը, աշխատասիրութիւնը։ Պէտք էր ընդամէնը ժողովրդին ճիշտ կազմակերպող։ Եթէ նոյն ժղովուրդը մի ղեկավարի օրօք պատերազմ է յաղթում, երկիր է զարգացնում, ենթակառուցւածքներ սարքում, աղէտի գօտի վերականգնում, ներգաղթ ապահովում ու լծւում երկիրը շենացնելուն, իսկ մէկ այլ ղեկավարի օրօք նոյն ժողովուրդը պարտւում է պատերազմում, մնում է աղքատութեան մէջ, կուտակում է պարտքեր, ուրեմն խդիրը ոչ թէ ժողովուրդն է այլ ղեկավարը, որն այս պարագայում, ըստ երկրորդ նախագահի, ունի գործարանային դեֆեկտ։ Եւ ուրեմն ժողովրդին մի՛ մեղադրէք ու մի՛ իջեցրէք ժողովրդի գնահատականը։

Լաւ, ո՞րն է այս ամէնի ելքը․ երկրորդ նախագահի ասուլիսից ամենակարեւորներից եմ համարում մեր երկրի ապագայ գործընթացների վերաբերեալ դիրքորոշումը։ Որ Հայաստանը ճգնաժամային վիճակում է, մեր երկրում կառավարման ճգնաժամ է, երկրորդ կարծիք չկայ։ Նախագահն ասում է՝ երբ Արցախի ղեկավարութիւնը ստանձնել եմ, երկրի 50 տոկոսից աւելին կորսւած էր։ Կազմակերպւած աշխատանքով, յստակ որոշումներով ու դրանք կեանքի կոչելով յաղթեցինք։ Երբ եկայ Հայաստանում վարչապետ, քանդւած տնտեսութիւն էր, կուտակւած աշխատավարձի ու թոշակի պարտքեր, արագ փակեցի երկար ամիսների պարտքերը, եւ երկիրը զարգացման հուն տարա։ Երկրորդ նախագահը նշում է, որ իր կեանքի փորձով ապացուցել է՝ ճգնաժամային իրավիճակներում լաւ մենեջեր է. յստակ քայլերով, կարգապահութեամբ, պատասխանատւութեան գիտակցումով արել է, ու հիմա պատրաստ է երրորդ անգամ էլ փորձելու։ Ու շեշտում է՝ ես ինքնաբաւ մարդ եմ, քանդւած երկիրը կրկին վերականգնելը բեռ է լինելու, բայց պատրաստ է մտնել այդ բեռի տակ, որովհետեւ հիմա էլ աւելի փորձառու է ճգնաժամների յաղթահարման տեսանկիւնից։ Հեռու չգնամ, 2018 թւականից ողջ պետական ապարատը Ռոբերտ Քոչարեանի դէմ պայքարում է, եւ նա այդ՝ իր համար ճգնաժամային իրավիճակում կարողանում է յաղթել։

Կարճ ասած՝ յատկապէս ապագայի համար Ռոբերտ Քոչարեանի ծրագրերը համարում եմ խիստ կարեւոր եւ հարցազրոյցում՝ առանցքայինը։ Նիկոլենք, մէկ է՝ գնալու են, բայց Փաշինեանի ու իր մահաբեր խմբակին պէտք է յաջորդի ոչ թէ հերթական վարչապետ, հերթական իշխանութիւն, այլ մարդ, որն ունակ է երկիրը դուրս բերելու էս քանդումից, քաոսից։ Անկախութիւնից յետոյ երկրորդ անգամ է քանդւել Հայաստանը եւ պէտք է վերականգնել։ Այստեղ ոչ թէ պէտք է նայել որ գործչին ենք սիրում, որին ոչ, այլ՝ ով կարող է, ով՝ ոչ։

Իսկ թէ Ռոբերտ Քոչարեանի հարցազրոյցը ում վրայ ինչպէս է ազդել ու ովքեր, որ շրջանակները ուշքի չեն գալիս, այդ մասին, երեւի խօսենք յաջորդիւ, եթէ հարկ համարենք։

Related Articles

Back to top button