ԻրանՀայաստան - ԱրցախՔաղաքական

Իրանական կողմը պլանաւորում է Փեզեշքիանի այցը Հայաստան

«ԱԼԻՔ» – Իրանի փոխարտգործնախարար Սայիդ Խաթիբզադէն յայտնել է, որ իրանական կողմը պլանաւորում է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի այցը Երեւան:

«Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին իրանցի պաշտօնեան ասել է «Երեւանեան երկխօսութիւն-2025» միջազգային համաժողովի շրջանակում լրագրողների հետ ճեպազրոյցի ընթացքում:

Փոխնախարարը շեշտել է, որ երկու երկրների միջեւ յարաբերութիւնները շատ լաւ մակարդակի վրայ են, իրականացւում են դիւանագիտական ամենաբարձր մակարդակի փոխայցեր: Իրանցի փոխնախարարը նշել է, որ հէնց այս շաբաթւայ ընթացքում եւս հինգ պաշտօնական պատւիրակութիւններ պէտք է այցելեն Հայաստան՝ միաժամանակ յիշեցնելով, որ Հայաստանի անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանը նախորդ շաբաթ այցելել է Իրան:

«Այժմ մենք պլանաւորում ենք երկրի ղեկավարի այցը Երեւան: Երկու մայրաքաղաքների միջեւ իրականացւում են քաղաքական խորհրդակցութիւններ, իսկ ինչ վերաբերում է յարաբերութիւնների տնտեսական ոլորտին, ապա դրանք գտնւում են շատ բարձր մակարդակի վրայ եւ առաջիկայում, երբ արդէն փոխադրումների զրօ տոկոս տոկոսադրոյքն իրականացւի, տնտեսական համագործակցութիւնը թռիչքային աճ կարձանագրի»,-նշել է իրանցի պաշտօնեան՝ յաւելելով, որ լաւ համագործակցութիւն է ձեւաւորւել նաեւ նորագոյն տեխնոլոգիաների ոլորտում:

Փոխնախարարի խօսքով՝ զբօսաշրջութեան, մշակութային ոլորտում, ինչպէս նաեւ երկու ժողովուրդների միջեւ կապն անընդհատ զարգանում է:

«Յուսով եմ, որ որոշ խոչընդոտներ հարթելուց յետոյ՝ յատկապէս Հայաստան-Ադրբեջան խաղաղութեան պայմանագրի ստորագրումից յետոյ մենք բազմաթիւ նախագծեր եւ ծրագրեր կիրականացնենք, որոնք մինչ այս պահը կեանքի չեն կոչւել»,-շեշտել է Սայիդ Խաթիբզադէն:

Related Articles

Back to top button