Արման Թաթոյեան. «Վարչապետի պաշտօնի կարգավիճակի չարաշահումով ՔՊ ղեկավարը խօսում է Կաթողիկոսի ընտրութեան հարցում Կառավարութեան հակասահմանադրական միջամտութեան եւ Հայոց եկեղեցին զաւթելու ապօրինի մտադրութիւնների մասին»

«ԱԼԻՔ» – «Վերջին օրերին երկրի գործադիր իշխանութեան ղեկավարի պաշտօնը զբաղեցնող անձի, նրա կնոջ, ինչպէս նաեւ նրանց վարքն արդարացնող ՔՊ խմբակցութեան խօսքերը, այդ թւում՝ Հայոց եկեղեցու ու նրա հոգեւոր սպասաւորների նկատմամբ, ատելութեան քարոզ են, ու դա կործանարար է»։ Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է ՀՀ Մարդու իրաւունքների նախկին պաշտպան Արման Թաթոյեանը:
«Ես կարծում եմ` նրանց այդ հոգեվիճակին ու էժան բառապաշարին են հասցրել իրենց վարկանիշի վերաբերեալ տւեալները։
Համաձայնէք՝ պոպուլիստ ղեկավարի համար հեշտ չէ համակերպւել այն բանի հետ, որ ինքը մսխել է 2018թ. հանրային վստահութիւնը, ձախողել կառավարումը, մարդկանց իրար հետ թշնամացրել ու մի ամբողջ ժողովրդի մէջ սերմանում է ծայրայեղականութիւն, երկիրը հասցրել է լինել-չլինելու սահմանագծին, թալանի վերադարձի դրօշակով թաթախւել բազմաթիւ կոռուպցիոն սկանդալների մէջ՝ հաստատակամ պահպանելով միայն ֆէյքերի բանակը։
Միանգամից բարձր պաշտօնների հասնելով` այդպէս էլ պետական մտածողութիւն ձեռք չբերեցին, չհասկացան իրենց իսկական առաքելութիւնը, չդարձան հասարակութեան համար օրինակ։
Նրանց համար ստացւել է այնպէս, որ նրանք յանուն իշխանութիւն պահպանելու, պէտք է գործեն ադրբեջանական իշխանութեան շահերի տիրոյթում, եւ այդպէս էլ անում են, ընդ որում, ադրբեջանականի հետ սինխրոն՝ կոտրելով պայքարի մեր դիմադրողականութիւնը, ինքնութեան հենասիւները, անարգելով պատմութիւնն ու ազգային արժէքները:
Չեն կանգնում ոչինչի առաջ, ներառեալ` Սահմանադրութեան ու օրէնքների կոպիտ խախտումների, այդ թւում` քրէական հետապնդման ենթակայ արարքների գնով (ինչպէս տեղի ունեցաւ այսօր): Բանը հասաւ նրան, որ Վարչապետի պաշտօնի կարգավիճակի չարաշահումով ՔՊ ղեկավարը խօսում է Կաթողիկոսի ընտրութեան հարցում Կառավարութեան հակասահմանադրական միջամտութեան եւ Հայոց եկեղեցին զաւթելու ապօրինի մտադրութիւնների մասին:
Այս պայմաններում, չպէտք է դառնալ նրանց բեմադրած թատրոնի հանդիսատեսը։ Դա միայն ջլատում, թուլացնում է մեզ: Բայց պէտք է պաշտպանենք մեր արժէքները` նաեւ թէ´ նրանցից իւրաքանչիւրի, թէ´ պետական մակարդակով քարոզւող ու հովանաւորւող ատելութեան մերժումով»,- գրել է նա:
Նշենք, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դէմ սանձազերծած անբարոյ արշաւին զուգահեռ, ՀՀ վարչապետի պաշտօնը զբաղեցնող անձը ֆէյսբուքեան մէկ այլ գրառման մէջ փորձ է արել միջամտել Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրութեան գործընթացում.
«Հայաստանի Հանրապետութիւնը պէտք է վճռորոշ ձայն ունենայ Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրութեան հարցում։
Կաթողիկոսի թեկնածուները պէտք է անցնեն բարեվարքութեան ստուգում։
Այս հարցը մէկընդմիշտ պէտք է լուծել»,- գրել է նա։