Արա Պօղոսեան. «Կարող եմ ասել, թէ ինչ կը լինի իմպիչմենտի գործընթացի ապագան»

«ԱԼԻՔ» – Քաղաքագէտ Արա Պօղոսեանն անդրադարձել է Նիկոլ Փաշինեանին անվստահութիւն յայտնելու ՀՀԿ-ի եւ ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան նախաձեռնութեանը՝ փորձելով գուշակել գործընթացի հնարաւոր ելքը:
«Իհարկէ կարող եմ ասել, թէ ինչ կը լինի իմպիչմենտի գործընթացի ապագան։
Ա. լիակատար խայտառակութիւն,
Բ. լիակատար յաղթանակ։
Ա տարբերակը մեկնաբանման խնդիր չունի, որովհետեւ ո՛չ միայն քաղաքական թւաբանութիւնը, այլեւ քաղաքական շախմատը այս դէպքում չունեն բաւարար նախադրեալներ, որոնց պարագայում «անհնարինը հնարաւոր դարձնելու» արւեստը կաշխատէր։
Բ տարբերակը հնարաւոր է միայն այն դէպքում, եթէ Սերժ Սարգսեանը 2018 թւականին գիտէր ում եւ ինչու է յանձնում իշխանութիւնը։ Այսինքն` իր մօտ են գտնւում բոլոր բանալիները եւ իշխանութեան վերադարձը մեքենայացւած գործընթացի է վերածւում։
Բանալիները այն քաղաքական, անձնական, իրաւական, սոցիալական կոմպրոմատներն են, որոնք առկայ են իշխանութեան անհրաժեշտ ներկայացուցիչների վրայ, ովքեր անհրաժեշտ պահին ընտրութիւնը պէտք է կատարեն` բանտի, ինքնասպանութեան կամ իշխանութեան յանձնման միջեւ։
Այս դէպքում դժւար չէ գտնել այն 18+2 պատգամաւորներին, որոնց կեանքը կոմպրոմատների համադրութիւն է, իսկ լաւ ապրելու ցանկութիւնը վեր է ցանկացած բարոյական սկզբունքներից։
Կարծում եմ, երկու դէպքն էլ Սերժ Սարգսեանի դէմ են…»,- գրել է նա ֆէյսբուքեան իր էջում: