ՄիջազգայինՔաղաքական

ՆԱՏՕ-ում կարծում են, որ Ռուսաստանը կարող է յարձակւել դաշինքի վրայ հինգ տարւայ ընթացքում

«ԱԼԻՔ» – ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղար Մարկ Ռիւտէն յայտարարել է, որ դաշինքը մտադիր է առաջիկայ երեք-հինգ տարում նախապատրաստւել Ռուսաստանի հետ հնարաւոր հակամարտութեանը։ Այս մասին ըստ Reuters-ի՝ նա ասել է՝ ելոյթ ունենալով Մեծ Բրիտանիայում կայացած համաժողովում։

«Ռուսաստանը չորս անգամ աւելի շատ զինամթերք է արտադրում, քան ՆԱՏՕ-ի բոլոր երկրները միասին վերցրած, թէեւ նրա տնտեսութիւնը 25 անգամ փոքր է դաշինքի տնտեսութիւնից: Զինամթերքը ցանկացած հակամարտութեան հիմքն է: Եթէ պաշար չունես, չարժէ այն սկսել»,- նշել է Ռիւտէն:

Նրա խօսքով՝ Ռուսաստանի տնտեսութիւնն «արդէն 100 տոկոսով գտնւում է պատերազմական ռելսերի վրայ»։ Այդ կապակցութեամբ նա ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել արագացնել եւրոպական տնտեսութեան ռազմականացումը՝ հինգ անգամ աւելացնելով հակաօդային պաշտպանութեան համակարգերի, տանկերի, հարւածային համակարգերի, անօդաչու թռչող սարքերի արտադրութիւնը եւ ստեղծել զինամթերքի զգալի պաշարներ։

Պատասխանելով ժամկէտների մասին հարցին՝ Ռիւտէն բացատրել է, որ հնարաւոր սպառնալիքի մասին տւեալները գալիս են դաշինքի ռազմական վերլուծաբաններից։ Մասնաւորապէս, նա անդրադարձել է Գերմանիայի զինւած ուժերի գլխաւոր շտաբի պետի յայտարարութեանը, թէ Ռուսաստանը կարող է պատրաստ լինել ՆԱՏՕ-ի վրայ յարձակմանը 2029 թւականին, այսինքն՝ չորս տարի յետոյ։

Related Articles

Back to top button