Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ստեփան Դանիէլեան. «Թուրքիան եւ Ադրբեջանը կարող են ցանկացած ձեւով օգնութեան հասնել Հայաստանի իշխանութիւններին»

«ԱԼԻՔ» – «Հայաստանի իշխանութիւնները լուրջ աջակցութիւն ունեն ի դէմս Թուրքիայի եւ Ադրբեջանի, որոնք կարող են նրանց օգնութեան հասնել ցանկացած պահի եւ ցանկացած ձեւով»։ Այս մասին քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանն ասել է News.am-ի թղթակցի հետ հարցազրոյցում։

Նա յիշեցրել է Հայաստանի ԶՈՒ գլխաւոր շտաբի 2021 թւականի յայտարարութիւնը՝ իշխանափոխութեան եւ վարչապետի հրաժարականի անհրաժեշտութեան մասին: Նրա խօսքով, դրանից յետոյ Թուրքիայի նախագահն իր ռուս գործընկերոջն ասել է, որ դա կարող է Հայաստանում ցնցումների յանգեցնել։

Դանիէլեանը յաւելել է, որ սա թոյլ տւեց գործող Հայաստանի իշխանութիւններին մնալ պաշտօններում, իսկ յետոյ նրանց կախւածութիւնը Թուրքիայից եւ Ադրբեջանից միայն մեծացաւ: Նա Թուրքիային եւ Ադրբեջանին անւանեց գործող իշխանութիւնների անվտանգութեան երաշխաւորներ: «Որքան կառավարութեան վարկանիշը նւազում է երկրի ներսում, այնքան կախւածութիւնը Թուրքիայից եւ Ադրբեջանից մեծանում է»,- նշել է փորձագէտը։

Ըստ նրա՝ Հայոց եկեղեցին, որպէս կարեւոր ինստիտուտ երկրի ներսում, բայց նաեւ դրա սահմաններից դուրս,  անկախութիւն է ցուցադրում։

Քաղաքագէտը յիշեցրել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն բարձրացրել է Արցախի, ռազմագերիների եւ այլնի հարցերը, որոնք հարւած են հասցնում իշխանութիւններին: «Եկեղեցու հեղինակութիւնը մեծանում է, իսկ իշխանութիւնների նկատմամբ ատելութիւնն՝ ուժգնանում»,- ընդգծել է Դանիէլեանը: Նա նշել է, որ Փաշինեանը լիազօրութիւններ չունի փոխարինելու Ամենայն Հայոց կաթողիկոսին եւ կրկին դիմում է պոպուլիստական ​​կարգախօսների՝ մարդկանց փողոց դուրս բերելու եւ Էջմիածինը շրջապատելու համար։

«Սակայն, մարդկանց իշխանութիւնների նկատմամբ աճող ատելութիւնը կարող է յանգեցնել հակառակ էֆեկտի. քաղաքացիները կարող են պաշտպանել եկեղեցին։ Վերջինս չպէտք է մտնի իշխանութիւնների դաշտ, վիրաւորանքների, ատելութեան հրահրման դաշտ, քանի որ այս անձը (նկատի ունի Փաշինեանին – ԽՄԲ.) սկզբունքներ չունի։ Եկեղեցին այժմ հաւասարակշռւած կերպով է արձագանքում իշխանութիւնների յայտարարութիւններին, եւ եթէ իշխանութիւնները դիմեն ուժի, ապա վստահ եմ, որ քաղաքացիները կը պաշտպանեն եկեղեցին»,- բացատրել է քաղաքագէտը։

Նա յոյս է յայտնել, որ Եկեղեցու դէմ ուժային գործողութիւնների դէպքում հանրային արձագանք կը լինի, եւ վարչապետը իր աթոռին չի մնայ մինչեւ 2026 թւականը։

Նրա գնահատմամբ՝ իշխանութիւնները վարկանիշով այլեւս առաջատար չեն միւս քաղաքական ուժերի շարքում։

«Երբ բնակչութեան ճնշող մեծամասնութիւնը դէմ է իշխանութիւններին, վերարտադրւելն անհնար է նոյնիսկ կեղծիքների օգնութեամբ, ինչի մասին վկայում են Գիւմրու ընտրութիւնները»,- եզրափակել է Դանիէլեանը։

Related Articles

Back to top button