Արամ Մանուկեան. «Փաշինեանն անցնում է գժականի սահմանը. Հայաստանին մեծ հարւած է սպասւում դրսից»

«Նիկոլ Փաշինեանն իր ապիկարութեան, ապաշնորհութեան եւ կոպիտ սխալի արդիւնքում հայութեանը համախմբեց Ամենայն Հայոց կաթողիկոսի եւ եկեղեցու շուրջ։ Փաշինեանն իր սխալների արդիւնքում համախմբեց նաեւ սփիւռքը, հետեւապէս՝ այժմ ստեղծւում է մի լուրջ բեւեռ, որը կարող է յանուն եկեղեցու եւ պետութեան՝ դէպքերի զարգացումը տանել երկու սցենարով. կա՛մ գնալ իրավիճակի սրման (Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու թեմերը յայտարարել են, որ պատրաստ են անգամ սրման գնալ), կա՛մ գնալ հանդուրժողականութեան տարածման, ինչը, սակայն, Փաշինեանը թոյլ չի տայ»: Այս մասին 168TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով Հայ Առաքելական եկեղեցու եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի դէմ Նիկոլ Փաշինեանի սկսած արշաւին ու դրանից բխող զարգացումներին, ասել է ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկեանը։
«Այս պայքարը ոչ թէ անձի՝ Վեհափառի, այլ եկեղեցու դէմ է։ Փաշինեանի մօտեցումներն ամենեւին էլ չեն բխում անկեղծ մտահոգութիւններից։ Չկայ մի այնպիսի վիճակ, որ արժէր յանուն դրա գնալ երկրի ներսում ներքին խժդժութիւնների հրահրման։ Իմ համոզմամբ՝ Փաշինեանը դա անում է, որովհետեւ կան մի շարք դրդապատճառներ։
Օրինակ՝ փաստ է, չէ՞, որ եթէ Փաշինեանն անցնում է գժականի սահմանը, ուրեմն Հայաստանին մեծ հարւած է սպասւում դրսից։ Նա միշտ է այդպէս արել վտանգների պահին. Հայաստանին սպառնացող վտանգներից ուշադրութիւն շեղելու համար է դիմում նման քայլերի։ Դրդապատճառներից յաջորդը հետեւեալն է՝ հասարակութեան մէջ առաջացնել թեւաթափ վիճակ, ինչը ներքին վերահսկողութիւն ունենալու համար լաւ միջոց է։
Մէկ այլ պատճառ է այն, որ 2026 թւականի ընտրութիւններից առաջ Փաշինեանին պէտք է յուսահատ Հայաստան. յուսահատութիւնը նպաստաւոր վիճակ է Փաշինեանի համար։ Ակնյայտ է, որ դրդապատճառների շարքում են նաեւ Ադրբեջանից Հայաստանի վրայ դրւած պահանջները։ Փաշինեանն այսպիսով Ադրբեջանի նախագահին ասում է՝ տեսէք, կաթողիկոսը Ժնեւում խօսե՞լ է Արցախից, գերիներից, ես հարցերը լուծում եմ»,- իրավիճակի նկարագրութիւնը ներկայացրել է Մանուկեանը։
Նրա դիտարկմամբ՝ Հայաստանի անվտանգութեանը սպառնացող խիստ վտանգաւոր զարգացումները կանխելու, դաշնակիցներ գտնելու փոխարէն՝ Հայաստանը ներկայացնող անձը խնդիրները տեղափոխել է երկրի ներս՝ պատրաստ լինելով երկիրը տանել քաղաքացիական բախումների։
«Նա դեբոշներ է սարքելու, ախ չի քաշելու. պատրաստ է տանել երկիրը քաղաքացիական բախումների՝ յատկապէս, որ իր առաջ քաշած խնդիրն արհեստածին է»,- ասել է Մանուկեանը։
Նա նաեւ վստահեցրել, որ առաջիկայում եկեղեցու դէմ սրացումներն աւելի ցցուն կը լինեն, որովհետեւ դրանք հովանաւորում է մէկը, որի ուղեղում չկայ պետականութիւն պահպանելու նպատակ։
«Փաշինեանի ուղեղի ծալքերում պետականութիւն հասկացութիւն գոյութիւն չունի։ Սպասւող զարգացուներում կարող է հիմա էլ եկեղեցուն մեղաւոր կարգել, ինչպէս աւելի վաղ արեց բանակի հետ։ Գիտէ՛ք, ամօթ է նրա համար դիւանագիտութիւն բառն օգտագործել։ Անգրագէտ է, թոյլ եւ անզուսպ։ Նա իր քանդարարութիւններով շարունակում է աւերել երկիրն այն դէպքում, երբ կանգնած ենք պատմական մարտահրաւէրների առաջ»,- ասել է ՀԱԿ փոխնախագահը՝ որպէս ստեղծւած իրավիճակից դուրս գալու ելք՝ քաղաքական միաւորներին առաջարկելով միաւորւել ոչ թէ անձի, այլ Հայաստանը Փաշինեանական իշխանութիւնից ազատելու գաղափարի շուրջ։
«Այս անգամ Փաշինեանը չափն անցաւ։ Նրան «գցելը» հիմա շատ աւելի հեշտ է լինելու։ Վախենում եմ պարզապէս, որ այդ ժամանակ գնայ քաղաքացիական բախումների»,- ամփոփել է ՀԱԿ փոխնախագահը։