Հայաստան - ԱրցախՔաղաքական

Բագրատ Սրբազան. «Վերադարձել ենք 1937 թւականին, երբ հակահայկական իշխանութիւնը, ենթարկւելով թշնամու պարտադրանքին, ինքն իրեն կարգել է որպէս թշնամի»

«ԱԼԻՔ» – «Սրբազան Պայքար»-ի առաջնորդ, քաղբանտարկեալ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեանը նամակ է հրապարակել ՀՀ ԱԱԾ շէնքում գտնւող «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից.

«Անձնական մտորումներ

Բանտախցում, որտեղ գտնւելու համար մէկ վայրկեան անգամ չեմ զղջում, զանազան զգացումներ են առաջացել։

Երէկ մտորումներիս մէջ ակամայից անդրադարձայ, որ մօտաւորապէս 90 տարի, իսկ աւելի ճիշտ՝ 88 տարի առաջ, 1937 թւականին այս նոյն շէնքում կալանաւորւել եւ ապա նոյն շէնքի նկուղներում գնդակահարւել է Բագրատ արք. Վարդազարեանը, ում անւան կրողը լինելու պատիւը ինձ ընծայեց իմ հոգեւոր ծնողը՝ Գարեգին Ա Ամենայն Հայոց հոգելոյս հայրապետը։

Ինձ ձեռնադրեց եւ օծեց Բագրատ անունով ի յիշատակ Բագրատ արքեպիկսոպոս Վարդազարեանի եւ պատւիրեց հաւատարիմ լինել նրա անցած ճանապարհին եւ շարունակել նրա աւանդը։ Շուրջ 30 տարի ես փորձում եմ պատւով եւ երախտիքով կրել նահատակ Սրբազանի անունը, ով իր ողջ կեանքն անցկացրել է պայքարի բովում ի պաշտպանութիւն եւ յանուն հայոց ինքնութեան, արժէքների, Մայր Եկեղեցու եւ Հայրենիքի։ Պայքարել է Ցարական Ռուսաստանի ոտնձգութիւնների դէմ, Բաքւում՝ ադրբեջանական հրոսակների դէմ, ողջունել Անկախ Հայաստանի հռչակումը ու ապա յայտնւել Խորհրդային հալածանքների ներքոյ։ Այնուհետեւ իր կեանքը կնքել նահատակութեամբ՝ յանուն հայի եւ Հայաստանի, յանուն Սուրբ Եկեղեցու եւ ինքնութեան, յանուն սեփական պատմութեան եւ կենսագրութեան, յանուն գալիքի եւ Հայոց յաղթանակի։

Հիմա ես այս նոյն վայրում եմ՝ միգուցէ նոյն խցում։ Թէ ինչ կը լինի շարունակութիւնը, կը տեսնենք հետագայում։ Սակայն մէկ բան յստակ է՝ վերադարձել ենք 1937 թւական, երբ հակահայկական իշխանութիւնը, ենթարկւելով թշնամու պարտադրանքին, ինքն իրեն կարգել է որպէս թշնամի այն ամէնին, ինչը կարող է վերականգնել մեր Տունն ու Պատիւը։

Այն ժամանակ էլ Բագրատ արք. Վարդազարեանին զրպարտեցին որպէս ահաբեկիչ, ժողովրդի թշնամի եւ պետական դաւաճան կամ յանցագործ։

Սա նոյնաբնոյթ նկարագիր ունեցող իշխանութեան էութիւնն է, որի վախճանը անխուսափելի է, ինչպէս խորհրդային բռնապետներինը։

Յաղթանակը այլընտրանք չունի…»:

Related Articles

Back to top button