Վարուժան Գեղամեան. «Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կը լինեն նոր զարգացումներ»

«ԱԼԻՔ» – Թուրքագէտ Վարուժան Գեղամեանը սոցցանցերի իր հարթակներում գրառում է կատարել՝ անդրադառնալով նախօրէին «Զանգեզուրի միջանցք»-ի մասին Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքի յայտարարութեանը:
«Միջանցքի» հարցում նոր մանրամասներ
Այն, որ այս օրերին մեզանից թաքուն Հայաստանը դէ-ֆակտօ կառավարող խմբաւորումը քննարկում է թուրք-ադրբեջանական տանդեմին «միջանցք» տալու հարցը, արդէն փաստւած իրողութիւն է։
Ըստ էութեան, փորձ է արւում գտնել Սիւնիքի աստիճանական նւաճումը ենթադրող այդ ծրագրի իրականացման այնպիսի տարբերակ, որը չառաջացնի հայերի դիմադրութիւնը եւ մատուցւի որպէս ինքնիշխանութեան բարձրացում «հերթական բարիք»։
Կասկած չունեմ, որ առաջիկայում այս թեմայով կը լինեն նոր զարգացումներ։
Իսկ մինչ այդ այսօր Թուրքիայի իշխանութիւններին մօտ կանգնած Middle East Eye պարբերականը յայտնել է, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը ուրբաթ օրը Նիւ Եօրքում իր ասուլիսի ժամանակ անդրադարձել է «Զանգեզուրի միջանցք»-ի հակահայկական ծրագրին։ Նա հաստատել է, որ ԱՄՆ կարող է վերցնել «միջանցքի» վերահսկողութիւնը.
«Ինչ կը լինի, եթէ Ամերիկան ուղղակի գայ ու ասի. «Լաւ, մենք դա կը վերցնենք։ Տւէ՛ք մեզ 32 կմ-ոց այդ ճանապարհը 100 տարով եւ դուք բոլորդ կարող էք կիսել այն»։
Middle East Eye-ի մէկ այլ անանուն աղբիւր նշում է, որ միջանցքը բացելու եւ ամերիկեան մասնաւոր ընկերութեան վերահսկողութեանը տալու տարբերակը առաջարկել է Թուրքիան, որին համաձայնել են Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները։
Ամերիկեան բեռնափոխադրող ընկերութիւնը կը կիսւի ճանապարհով անցնողների տւեալներով հայկական եւ ադրբեջանական կողմերի հետ։
Մի խօսքով, Թուրքիան եւ Ադրբեջանը չեն դադարում Սիւնիքը օկուպացնելուն ուղղւած «միջանցք» գործողութիւնը՝ հիմա նոր փաթեթաւորմամբ։ Նպատակը նոյնն է՝ ձեւաւորել Թուրքիա-Ադրբեջան ընդհանուր լայն ցամաքային սահման, որը հնարաւոր է միայն Սիւնիքի գրաւմամբ։
Ինչու է այս ծրագիրը ցանկացած տարբերակով վտանգաւոր, մենք բացատրում ենք «Զանգեզուրի միջանցք»-ին նւիրւած մեր նոր՝ «Թուրանի ճանապարհի հայկական սեպը» գիտական աշխատանքում»,- գրել է նա: