Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Կոնստանտին Զատուլին. «Ըստ իս՝ ԱՄՆ-ն ասաց այն, ինչի շուրջ համաձայնութեան են գալիս Հայաստանն ու Ադրբեջանը»

«ԱԼԻՔ» – «Թուրքիայում ԱՄՆ դեսպան, Սիրիայի հարցերով ԱՄՆ նախագահի յատուկ ներկայացուցիչ Թոմաս Բարաքի խօսքերն այն մասին, որ Միացեալ Նահանգները պատրաստ է 100 տարով վարձակալել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տրանսպորտային միջանցքը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցութիւնները առաջ մղելու համար, կարող են բլեֆ չլինել, այլ իրական ծրագիր»: Այս մասին ըստ News.am-ի՝ ռուսական RTVI-ի հետ զրոյցում ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտէի ղեկավարի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

Զատուլինը յայտարարել է, որ ամերիկացի դեսպանի խօսքերի հետեւում «կայ այդ տարբերակին այսօրւայ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարութեան համաձայնութիւնը»։

«Ըստ իս՝ դա միանգամայն իրական հեռանկար է։ Եւ ես նոյնիսկ կարծում եմ, որ ռուս-հայկական, ինչպէս նաեւ ռուս-ադրբեջանական յարաբերութիւններում վերջին շրջանում տեղի ունեցած բոլոր սրացումները հէնց այն փաստի հետ են կապւած, որ Ադրբեջանն իր հերթին, Հայաստանն իր հերթին արհեստականօրէն լարւածութիւն են բարձրացրել՝ խուսափելու համար «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերեալ Մոսկւային հարցնելու անհրաժեշտութիւնից»,- ասել է պատգամաւորը։

Զատուլինը յիշեցրել է, որ աւելի վաղ խօսակցութիւններ էին շրջանառւում, ըստ որոնց եթէ նման միջանցք ստեղծւի, այն կը վերահսկեն ռուսական զօրքերը կամ Ռուսաստանի ներկայացուցիչները։ Հիմա, ըստ խորհրդարանականի, «ոչ ոք չի անհանգստանում դրա համար ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Ադրբեջանում»։

«Նրանց համար կարեւոր է, որ տարածաշրջանի նոր տէրերը գան եւ իրականացնեն այդ վերահսկողութիւնը։ Հետեւաբար, միտումնաւոր ստեղծւում է մի իրավիճակ, երբ յարաբերութիւնների սառեցման պատճառով յարմար չէ Ռուսաստանին հարցնել այս հարցի մասին, բայց յարմար է բանակցել ամերիկացիների հետ։ Ըստ իս՝ Թուրքիայում ԱՄՆ դեսպանն իրականում յայտարարել է այն, ինչի մասին համաձայնութիւն է եղել»,- եզրափակել է նա։

Related Articles

Back to top button