
«ԱԼԻՔ» – Գերագոյն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական դոկտ. Ալի Աքբար Վելայաթին Պակիստանի ներքին գործերի նախարար Մոհսէն Նաղաւիի հետ հանդիպմանն ընդգծել է իսլամական երկրների միջեւ փոխգործակցութեան եւ միասնութեան անհրաժեշտութիւնը, յատկապէս, մարդկութեան դէմ յանցագործութիւնները դատապարտելու հարցում:
Անդրադառնալով Կովկասում ստեղծւած իրավիճակին՝ նա ընգծել է. «Դուք (Պակիստանը) սերտ յարաբերութիւններ ունէք Ադրբեջանի հետ, բայց միեւնոյն ժամանակ պէտք է յիշեցնել, որ Ադրբեջանի կառավարութիւնը ձեռնարկում է գործողութիւններ, որոնք հակասում են իսլամական աշխարհի տեսակէտներին։ Դրանց թւում են Ջոլանիի եւ սիոնիստական ռեժիմի միջեւ միջնորդութիւնը, ինչպէս նաեւ նաւթի արտահանումն Իսրայէլ, ռեժիմի կողմից Պաղեստինի ժողովրդի դէմ յանցագործութիւնների ողջ ընթացքում։ Նրանց հարցրէք, թէ ինչո՞ւ են այս գործողութիւնների մասնակիցը դառնում, որոնք հակասում են մուսուլմանների եւ իսլամական երկրների մօտեցումներին»։
Գերագոյն առաջնորդի խորհրդականը նաեւ Միացեալ Նահանգների հետ հնարաւոր բանակցութիւններին է անդրադարձել եւ նշել. «Մենք առարկութիւն չունենք առանց նախապայմանների եւ մեր կարմիր գծերը յարգող բանակցութիւնների նկատմամբ։ Սակայն նրանք ասում են, որ Իրանը պէտք է դադարեցնի հարստացումը, մինչդեռ սա մեր կարմիր գծերից մէկն է, եւ եթէ բանակցութիւնները պայմանաւորւած լինեն հարստացման դադարեցմամբ, նման բանակցութիւններ տեղի ունենալ չեն կարող»։
Նա ԱՄՆ նախագահի խօսքերը որակել է որպէս «հակասական եւ անվստահելի»։
Հանդիպման ընթացքում Պակիստանի ներքին գործերի նախարարը Գերագոյն առաջնորդին ներկայացնելու նպատակով Վերալայաթիին է փոխանցել Պակիստանի վարչապետի եւ բանակի շտաբի պետի ուղերձները: