Այլ

Միկրոպլաստիկն ի վիճակի է թոքերի բջիջներում քաղցկեղի զարգացմանն առնչւող չարորակ փոփոխութիւններ յարուցել

Թէեւ շնչառական համակարգը միկրոպլաստիկների եւ նանոպլաստիկների (ՄՆՊ) օդից օրգանիզմ թափանցելու հիմնական աղբիւրներից մէկն է, այս փոքրիկ մասնիկների՝ թոքերի վրայ ազդեցութեան մասին քիչ բան է յայտնի։ Վիեննայի MedUni բժշկական համալսարանի հետազօտողներն առաջին անգամ ցոյց են տւել, որ ՄՆՊ-ներն ի վիճակի են թոքերի բջիջներում քաղցկեղի զարգացմանն առնչւող չարորակ փոփոխութիւններ յարուցել։

Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են Journal of Hazardous Materials բժշկագիտական  հանդէսում եւ եւս մէկ անգամ ընդգծում են պլաստիկ թափոնների քանակը կրճատելու համար միջոցներ ձեռնարկելու հրատապ անհրաժեշտութիւնը։

Հետազօտութեան ընթացքում գիտնականները պարզել են, թէ ինչպէս են պոլիստիրոլային միկրօ- եւ նանոպլաստիկները (PS-MNPS) փոխազդում թոքերի տարբեր տեսակի բջիջների հետ։

Պոլիստիրոլը պլաստիկ է, որը լայնօրէն օգտագործւում է առօրեայ իրերի մէջ, դրանց թւում՝ սննդի փաթեթաւորման եւ միանգամեայ օգտագործման իրերի, մասնաւորապէս՝ եոգուրտի եւ սուրճի բաժակների մէջ։ Հետազօտութեան անսպասելի արդիւնքը. առողջ (ոչ չարորակ) թոքային բջիջները PS-MNPS-ի յատկապէս փոքր մասնիկները (0,00025 միլիմետր) զգալիօրէն աւելի յաճախ են կուլ տալիս, քան չարորակ քաղցկեղային բջիջները, եւ արձագանքում են կենսաբանական փոփոխութիւններով, որոնք էլ աւելի են ընդգծում MNPS-ին առնչւող առողջական ռիսկերը:

Մասնաւորապէս, մասնիկների ազդեցութեանը ենթարկւելուց յետոյ առողջ բջիջները սկսցին բջջային միգրացիայի աճի միտում, ԴՆԹ-ի վնասում, օքսիդատիւ ստրես, բջիջների աճն ու գոյատեւումը խթանող ազդանշանային ուղիների ակտիւացում ցուցաբերել. այս բոլոր գործընթացները քաղցկեղի զարգացման վաղ նշաններ են համարւում։

Մինչ թոքերի քաղցկեղի բջիջները նոյն պայմաններում մնացել են համեմատաբար անփոփոխ, նոյնիսկ MNPS-ի կարճատեւ ազդեցութիւնը կարող է բաւարար լինել չարորակ փոփոխութիւններին առնչւող ուղղութեամբ՝ առողջ թոքերի բջիջներին ազդելու համար։ Ըստ վերջին հետազօտութիւնների՝ բջիջների պաշտպանական մեխանիզմները եւս ակտիւացել են պոլիստիրոլի մասնիկների ազդեցութեան տակ։

«Մենք հակաօքսիդանտային պաշտպանական համակարգերի ակտիւացում նկատեցինք, ինչը նշան է, որ բջիջներն ակտիւօրէն պաշտպանւում են պլաստիկ մասնիկների պատճառած ստրեսից»,- պարզաբանել է հետազօտութեան առաջին հեղինակ Բիւսրա Էրնհոֆերը։

Թոքերը օդակաթիլային ճանապարհով փոխանցւող միկրոպլաստիկների ազդեցութեան հիմնական աղբիւրներից մէկն են համարւում։

News.am

Related Articles

Back to top button