Հակաեկեղեցական քաղաքականութիւն. ո՞ւր է տանում Փաշինեանի «յեղափոխութիւնը»

Յուլիսի 20-ին Նիկոլ Փաշինեանը փաստացի յայտարարել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրաժարականի անհրաժեշտութեան մասին։ Հրապարակած ուղերձում նա նշել է.
«Կտրիճ Ներսիսեանը (Գարեգին Երկրորդի աշխարհիկ անունը) պէտք է ազատի Վեհարանը… Պատրաստւէք Մեծ հոգեւոր հանդիպման Էջմիածնի կենտրոնական հրապարակում»։ Աւելի վաղ՝ յուլիսի 16-ին կայացած մամուլի ասուլիսում Փաշինեանը յայտարարել է, որ պատրաստ է գլխաւորել «յեղափոխութիւնը» Հայ Առաքելական եկեղեցում՝ համեմատելով այն իր իշխանութեան գալու՝ 2018 թ. շարժման հետ, երբ պաշտօնից հեռացւեց նախագահ Սերժ Սարգսեանը։
Միջազգային կազմակերպութիւնները, որոնք պաշտպանում են կրօնական ազատութիւնները, աւելի յաճախ են մտահոգութիւն յայտնում Եկեղեցու իրաւունքների խախտման կապակցութեամբ Հայաստանում։ ԱՄՆ-ում գործող հայկական «Armenian Weekly» պարբերականը Փաշինեանի գործողութիւնները Եկեղեցու դէմ համարում է «կարմիր գծի հատում»՝ նշելով, որ նման դէպքում նրա իշխանութեան օրերը հաշւած են։
Մեր ունեցած տեղեկութիւններով, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան ներսում կան տարաձայնութիւններ՝ Եկեղեցու նկատմամբ տարւող քաղաքականութեան վերաբերեալ։ Սակայն Փաշինեանը շարունակում է իր կողմնակիցներին համոզել Եկեղեցին քաղաքական վերահսկողութեան տակ վերցնելու անհրաժեշտութեան մասին։
Միաժամանակ մի շարք պատգամաւորներ ու այլ պաշտօնեաներ վարչապետի ցուցումով մասնակցում են Եկեղեցու հեղինակութիւնը թուլացնելու հանրային արշաւին։ Մասնաւորապէս, տարածքային կառավարման եւ ենթակառուցւածքների նախարար Դաւիթ Խուդաթեանը յուլիսի 17-ին յայտարարել է, որ կառավարութիւնը անհրաժեշտութեան դէպքում կը ներկայացնի «Վեհարանն ազատելու» «ճանապարհային քարտէզ», ինչպէս եղել է «թաւշեայ յեղափոխութեան» ժամանակ։
Փաշինեանի քաղաքականութիւնը Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ ընկալւում է որպէս փորձ՝ թուլացնել հասարակութեան մէջ մեծ վստահութիւն ունեցող կարեւոր ինստիտուտը։ Ի վերջոյ, Եկեղեցին մնում է Թուրքիայի եւ Ադրբեջանի հանդէպ զիջումների քաղաքականութեանը ընդդիմանալու գլխաւոր կենտրոնը։ Միեւնոյն ժամանակ, Եկեղեցու վրայ ճնշումն ընկալւում է որպէս Փաշինեան-Ալիեւ «խաղաղութեան պայմանագրի» բանակցութիւնների ակնյայտ մաս, ինչպէս նաեւ 2026 թւականի խորհրդարանական ընտրութիւնների նախապատրաստման տարր՝ ուղղւած հիմնական ընդդիմախօսներին չէզոքացնելուն։
«Փաստ»