Ստանիսլաւ Տարասով. «Ադրբեջանը չի հրաժարւել Հայաստանի հանդէպ պահանջների գործիքից ու օրակարգից»

«ԱԼԻՔ» – Ադրբեջանի պաշտօնական շրջանակները շարունակում են ներկայացնել պահանջներ Հայաստանին՝ հող նախապատրաստելով նոր պահանջների համար։
Ադրբեջանի նախագահի արտաքին հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիեւը գերմանական Berliner Zeitung թերթին տւած հարցազրոյցում ասել է, որ Ադրբեջանը ցանկանում է, որպէսզի հայ ժողովուրդը վերջ դնի Ադրբեջանի նկատմամբ բոլոր տարածքային պահանջներին՝ Սահմանադրութեան համապատասխան փոփոխութիւնների միջոցով։ Ադրբեջանցի պաշտօնեան դարձեալ պնդել է՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը «պէտք է յանձնւի պատմութեան արխիւին»։ Նա նաեւ ասել է, թէ պէտք է ուշադիր լինեն ՀՀ-ում ռեւանշիստական տրամադրութիւնների նկատմամբ։ Ըստ նրա, փորձեր են արւում կասկածի տակ դնել ռեգիոնալ նոր ստատուս-քւօն։ Նման միտումները դադարեցնելու ուղղութեամբ Հաջիեւը կարեւոր քայլ է համարել Սահմանադրական փոփոխութիւնները։
Հաջիեւը նշել է, թէ հայ-ադրբեջանական բանակցութիւններում փոխհատուցումների հարց չի քննարկւում, միաժամանակ յաւելել, որ Բաքուն, այդուհանդերձ, համապատասխան գնահատում է իրականացնում «Ադրբեջանին հասցւած վնասի» վերաբերեալ:
«Համաձայն այդ գնահատականի՝ մեր երկրին հասցւած ընդհանուր վնասը մօտենում է 150 միլիարդ դոլարին»,- պնդել է Ադրբեջանի նախագահի օգնականը եւ գերմանական լրատւամիջոցին հաւաստիացրել, որ տարածաշրջանում «խաղաղութիւն է տիրում, ռազմական բախումներ կամ լարւածութիւն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ օրակարգում այլեւս չկայ»:
Սակայն Ադրբեջանին հասցւած, այսպէս կոչւած, վնասի մասին օրակարգն Ադրբեջանը սկսեց զարգացնել պատերազմից կարճ ժամանակ անց, եւ ներկայումս էլ ժամանակ առ ժամանակ բարձրացնում է 150 միլիարդ դոլար վնասի թեման։
Վերջերս օկուպացւած Ստեփանակերտում անցկացւած Տնտեսական համագործակցութեան կազմակերպութեան (ՏՀԿ) 17-րդ գագաթնաժողովի շրջանակում Իլհամ Ալիեւն իր ելոյթի կէսը նւիրել էր Հայաստանի հասցէին ուղղւած մեղադրանքներին եւ Ադրբեջանի կրած «վնասներին»։
Ըստ նրա՝ իբր Հայաստանը ոչնչացրել է Արցախի քաղաքներն ու գիւղերը, մշակութային եւ կրօնական յուշարձանները։
Նա յայտարարել էր, թէ իբր Արցախում առկայ 67 մզկիթներից 65-ը հաւասարեցւել են հողին, իսկ միւս երկուսն էլ վնասւել են եւ օգտագործւել որպէս ախոռներ։ Ըստ նրա՝ Ադրբեջանի կողմից ձեւաւորւած պետական յանձնաժողովն էլ «գնահատել է» Հայաստանի հասցրած վնասը 150 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով։
168.am-ի հետ զրոյցում ռուս վերլուծաբան Ստանիսլաւ Տարասովն ասել է, որ Ադրբեջանի վերջին տարիների բանակցային տակտիկայի էութիւնը կայացել է նրանում, որ անընդհատ նոր հարցեր է բերել բանակցային օրակարգ՝ դրա միջոցով լուծելով նախորդ հարցերը։ Բանակցային այդ տակտիկան, նրա որակմամբ, ճնշման յաւելեալ գործիք է եղել, որը ներկայումս էլ կիրառւում է, չնայած կողմերը յայտարարում են, որ օրակարգում պատերազմ չկայ։
Նրա խօսքով՝ օրակարգում պատերազմ չկայ, սակայն բանակցային ճնշման այդ գործիքն աշխատում է Ադրբեջանի դէպքում։ Փոխհատուցման թեման եւս, վերլուծաբանի դիտարկումների համաձայն, պատահական չէ։
Թէեւ, նրա խօսքով, այդ թեման ներկայումս կողմերի միջեւ չի քննարկւում, սակայն այն անընդհատ ներկայացւում է հնարաւոր բոլոր միջազգային հարթակներում։
«Եթէ կողմերի օրակարգում խաղաղութիւնն է, խաղաղութեան համաձայնագրի ստորագրումը, վերջերս խօսւեց նաեւ վստահութեան մեխանիզմների ներդրման մասին, ապա ինչո՞ւ է օրակարգ բերւում փոխհատուցման հարց։ Ըստ ամենայնի, դա եւս լծակ է, ուղերձ, որ այդ թեման եւս կարող է դրւել սեղանին հետագայում։
Ամենայն հաւանականութեամբ, հայկական կողմի ակնկալիքն այն է, որ համաձայնագրի նախաստորագրումից կամ ստորագրումից յետոյ Ադրբեջանն այլեւս ոչինչ չի պահանջի։ Դա կը լինի լաւագոյն սցենարը, սակայն մի փոքր կասկածում եմ՝ հաշւի առնելով խնդիրների խորութիւնը ու Ադրբեջանի քաղաքականութիւնը, որը ձգտում է ռեգիոնում մեծ առաջնորդութեան։ Ուստի նոր պահանջներ օրակարգ բերելու հարցը կախւած է իրավիճակներից։ Եթէ Ադրբեջանը ճնշումների կարիք ունենայ, ապա դա կանի, սակայն ներկայումս Ադրբեջանի համար շատ աւելի մեծ կշիռ ունեցող հարց են քննարկում եւ բանակցում կողմերը, ըստ իրավիճակի՝ Ադրբեջանը կը շարժւի։ Տպաւորութիւնն այնպիսին չէ, որ Ադրբեջանը հրաժարւել է այդ պահանջների օրակարգից»,- ասել է Տարասովը։
Նրա խօսքով՝ եթէ կողմերը սկսում են վստահութեան ձեւաւորման գործընթաց, ապա հրապարակային դաշտում յայտարարութիւնները պէտք է մեղմւեն, պահանջները հնարաւորինս քչանան, արւեն յայտարարութիւններ, որոնք կը նպաստեն խաղաղութեան ձեւաւորմանը։
«Ադրբեջանը ձգտում է լծակներ ունենալ իր օրակարգերը հեշտութեամբ առաջ մղելու համար։ Այս դէպքում հնարաւոր են նոր պահանջներ, սակայն չի բացառւում նաեւ, որ նոր հարցեր օրակարգ չբերւեն, հնարաւոր է ամէն զարգացում»,- նկատել է նա։
Զրոյցը՝ ԱՐԱՔՍ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆԻ