Գառնիկ Դանիէլեան. «Յաճախ չենք բարձրաձայնում, սակայն մշտապէս ուշադրութեան կենտրոնում ենք պահում քաղբանտարկեալների հարցը»

«ԱԼԻՔ» – ՀՅԴ Տաւուշի Մարզային կոմիտէի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գառնիկ Դանիէլեանը իր ֆէյսբուքեան վերջին գրառման մէջ անդրադարձել է քաղբանտարկեալների թեմային:
«Քիչ առաջ ազատ արձակւեց 2 ամսով կալանաւորւած Հրայր Յակոբեանը, ինչի կապակցութեամբ շնորհաւորում եմ բոլորիս:
Սա իսկապէս լաւ լուր է, որը եւս մէկ անգամ ի ցոյց է դնում այս ապօրինի գործի անհիմն լինելը:
Համարելով մեր պարտականութիւնը՝ մենք յաճախ չենք բարձրաձայնում, սակայն մշտապէս ուշադրութեան կենտրոնում ենք պահում քաղբանտարկեալների հարցը:
Այս առումով, պէտք է ըստ արժանւոյն գնահատենք մեր փաստաբանների անձնւէր, յաճախ՝ անվարձահատոյց աշխատանքը:
Ես եւ գործընկերներս մշտական կապի մէջ ենք քաղբանտարկեալների ընտանիքների հետ՝ փորձելով հասկանալ նրանց խնդիրները, կարիքներն ու հետեւողական աջակցութիւն ցուցաբերել բռնապետական ռեժիմի կողմից հալածւողներին:
Լիայոյս եմ, որ համատեղ եւ հանապազօրեայ ջանքերի շնորհիւ շուտով ազատութեան մէջ կը տեսնենք մեր բոլոր եղբայրներին ու քոյրերին»,- գրել է նա: