Բեզպալկօ. «Հայաստանի ղեկավարութիւնը ուրախութեամբ հրաժարւում է իր ազգային շահերից՝ դա ներկայացնելով որպէս ձեռքբերում»

«ԱԼԻՔ» – Ռուս քաղաքագէտ Բոգդան Բեզպալկոն Alpha News-ի հետ զրոյցում մեկնաբանել է այն լուրը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանը Վաշինգտոնում խաղաղութեան համաձայնագիր են ստորագրելու:
«Դա բացառապէս բխում է Թրամփի շահերից, որն ամենուր իրեն ներկայացնում է որպէս գլխաւոր հաշտարար եւ միաւորող։ Նա հաշտեցրեց Հնդկաստանին եւ Պակիստանին, Թաիլանդին եւ Կամբոջային, բայց ոչ մի կերպ նրան չի յաջողւում հաշտեցնել Ուկրաինային եւ Ռուսաստանին: Ինչո՞ւ հէնց հիմա: Միգուցէ նրանք փորձում են դա անել ԱՄՆ-ի ճնշման ներքոյ, որպէսզի պարզապէս բարելաւեն Թրամփի իմիջը։ Բայց այս դէպքում կը յաղթի նախ Թրամփը, յետոյ Ադրբեջանը։ Եւ ամենաքիչ շահած կամ ընդհանրապէս պարտւող կողմերի թւում կը լինեն Հայաստանը եւ, իհարկէ, մասամբ Ռուսաստանը։
Հայաստանն, այսպէս ասած, կը հրաժարւի իր շահերից՝ ներառեալ «Զանգեզուրի միջանցք»-ի թոյլտւութիւնը՝ այն բոլոր պայմաններով, որոնք պահանջում էին Ադրբեջանը եւ Թուրքիան, իսկ Ռուսաստանը կը կորցնի ազդեցութիւնը Կովկասեան տարածաշրջանում՝ կորցնելով եւս մէկ ճանապարհ։ «Զանգեզուրի միջանցք»-ը կը վերածւի զարկերակի, որը, նախ, կը կտրի Հայաստանը եւ Ռուսաստանն Իրանից, եւ երկրորդ՝ դա հզօր միջոց կը լինի Կասպեան տարածաշրջան նիւթատեխնիկական միջոցներ, մարդիկ տեղափոխելու համար եւ, ընդհանրապէս, դա կը լինի Թուրքիայի, ԱՄՆ-ի եւ Իսրայէլի շահերի իրացումը Կասպեան տարածաշրջանում», – ասել է Բեզպալկոն։
Ըստ նրա՝ ԱՄՆ-ն շահագրգռւած է նրանով, որ հնարաւորինս ամենուր տեղաւորւի հնարաւորինս մեծ շահոյթ ստանայ։
«Սակայն Միացեալ Նահանգների համար գլխաւոր շահոյթը Կասպից ծովի տարածաշրջան մտնելն է, «Զանգեզուրի միջանցք»-ով ճանապարհից գումար ստանալը։ Իհարկէ, լաւ է, բայց դա չնչին է, իսկ ահա Կենտրոնական Ասիայի Կասպից ծովի տարածաշրջան մտնելը, որը Միացեալ Նահանգները վաղուց յայտարարել է իր ռազմավարական շահերի գօտի, շատ աւելի կարեւոր է»,- նշել է Բեզպալկոն։
Նրա խօսքով՝ Հայաստանի ղեկավարութիւնը ապշեցնում է նրանով, որ ժպիտով եւ ուրախութեամբ հրաժարւում է իր ազգային շահերից եւ միեւնոյն ժամանակ այս ամէնը ներկայացնում որպէս մեծ ձեռքբերում: