«Եկել եմ պաշտպանելու Եկեղեցին, Քրիստոսի զաւակներին, Սամուէլ Կարապետեանին»
Երեւան է ժամանել աշխարհառչակ իրաւաբան Ռոբերտ Ամստերադամը

«ԱԼԻՔ» – Այսօր՝ վաղ առաւօտեան, շտապ այցով Հայաստան է ժամանել աշխարհահռչակ իրաւաբան եւ մարդու իրաւունքների միջազգային պաշտպան Ռոբերտ Ամստերդամը: Հաղորդում են հայաստանեան ԶԼՄ-ները:
Հայաստան ժամանելուն պէս՝ լրագրողների հետ զրոյցում նա իր գլխաւոր առաքելութիւնն է նշել եկեղեցու եւ քրիստոնեաների պաշտպանութիւնը, որոնք, ըստ նրա գնահատման, ապօրինի կերպով զրկւած են ազատութիւնից։
«Երբ հաւատացեալ մարդիկ, որոնք սիրում են իրենց եկեղեցին եւ հայրենիքը, ինչպէս Սամուէլ Կարապետեանը, իսկ նրա բիզնեսը ենթարկւում է ապօրինի յարձակման, նշանակում է՝ ինչ-որ բան այնպէս չէ։ Անհրաժեշտ է երկխօսութիւն կառավարութեան եւ եկեղեցու միջեւ։ Յուսով եմ, որ այդ երկխօսութիւնը կը սկսւի, յուսով եմ, որ այդ մեղադրանքները կը հանւեն, եւ գործընթացի արդիւնքում եկեղեցին կը պաշտպանւի»,- նշել է նա։
Ըստ նրա՝ եկեղեցին Հայաստանում կարեւոր դեր է խաղում կրօնի, լեզւի եւ քրիստոնէութիւն դաւանող մարդկանց համար՝ եւ ոչ միայն Հայաստանում։
«Բոլոր հաւատացեալները պարտաւոր են պաշտպանել եկեղեցին Հայաստանում։ Ես պաշտպանում եմ եկեղեցին Ուկրաինայում, 45 տարի առաջ այնտեղ պաշտպանում էի Ուղղափառ եկեղեցին։ Ցաւօք, այսօր կայ երկրների ցանկ, որտեղ եկեղեցին ենթարկւում է յարձակումների։ Իմ կարծիքով՝ չկայ աւելի սուրբ պարտք, քան եկեղեցու եւ իրաւունքի գերակայութեան պաշտպանութիւնը։ Տարիքի հետ եկեղեցին եւ կրօնը աւելի կարեւոր տեղ են գրաւում մարդու կեանքում»,- ասել է Ամստերդամը։
Նշենք, որ քաղաքական հարցերով առաջին կարգի մջազգային իրաւաբանի այցը արտահերթ է եւ կապւած է մի քանի աղմկայարոյց գործերի հետ՝ արքեպիսկոպոսների գործը, ճնշումները Հայ Առաքելական Եկեղեցու վրայ, գործարար Սամուէլ Կարապետեանի կալանաւորումը։ Ամստերդամի այցը կոչւած է իրականացնել մարդու իրաւունքների եւ ժողովրդավարութեան իրական վիճակի մոնիթորինգ։
Ամստերդամը յայտնի է տարբեր երկրներում մի շարք հասարակական-քաղաքական գործիչների եւ ակտիւիստների պաշտպանութեան գործերով։