Դաւիթ Ջամալեան. «Սա մեծ աղէտի սկիզբն է. յստակ երեւում է՝ Նիկոլն ինչ է անելու»

«ԱԼԻՔ» – Ռազմական փորձագէտ Դաւիթ Ջամալեանի կարծիքով՝ եթէ 2021-ին անորոշութիւնը մեծ էր, Արցախը կար՝ ոտքի էր կանգնում, յոյսեր կային, որ իսկապէս առնւազն այն, ինչ պահպանւել է, կը մնայ, թուրքական էքսպանսիան եւ պետականութեան անկումն ու աղէտը շատ հեռաւոր մի բան էր թւում, ու մարդիկ խաբւեցին, հիմա ըստ նրա՝ իշխանութիւնները ցոյց են տալիս, թէ ինչ աղէտ են բերելու 2026 թ. յունիսին, եթէ նրանց յաջողւի խաբել մարդկանց եւ վերարտադրւել:
«Այն, ինչ ստորագրել են Վաշինգտոնում, սա Նիկոլի եւ իր թրքահպատակ շրջապատի պարտաւորութիւնն է, սա ՀՀ պարտաւորութիւնը չէ: Սա այն ահռելի գինն է, որի դիմաց ինքը յոյս ունի վերընտրւել, վերարտադրել իր իշխանութիւնը, ստանալ Նահանգների աջակցութիւնն այդ գործընթացում: Յստակ մի բան ֆիքսենք՝ սա մեծ աղէտի սկիզբն է: Եթէ յաջողւի հասնել իշխանափոխութեան, եթէ իմպիչմենտի գործընթացը յաջողութեամբ պսակւի, կամ եթէ վատթարագոյնը պատկերացնենք՝ բանը հասել է հերթական ընտրութիւններին, սա, իհարկէ, լաւագոյն սցենարը չէ, այնուամենայնիւ, եթէ անգամ խորհրդարանական հերթական ընտրութիւնների պարագայում յաջողւի հասնել իշխանափոխութեան, այս թղթի կտորը կորցնելու է իր ուժը, որովհետեւ այն, ինչ ստորագրւել է, բոլորը հակասում են այս պահին գործող Սահմանադրութեանը: Որպէսզի դրանք կենսագործւեն, Նիկոլը պէտք է Սահմանադրութիւն փոխի, եւ, բնականաբար, նա դա կանի ընտրութիւններից յետոյ, որովհետեւ այս իրավիճակում չի կարող դա անել»,- 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում ասել նա:
Նա նկատել է, որ գործող իշխանութիւնները մինչեւ ընտրութիւնները չեն գնայ կրիտիկական զիջումների. «Այդ կրիտիկական զիջումները նա անելու է վերընտրւելուց յետոյ: Մեր ժողովուրդը պէտք է հասկանայ հետեւեալը՝ այն աղէտը, որ մեզ սպասւում է, միս ու արիւն է ստանալու, եթէ Նիկոլը վերարտադրւի: Մինչ այդ աւելի ցաւոտ զիջումների գնալը քիչ հաւանական եմ համարում, որովհետեւ դա ուղղակի թոյլ չի տայ, որ ինքը վերարտադրւի: Հիմա ամբողջովին կը ֆիքսւեն ընտրութիւնների վրայ, PR-ի վրայ, բայց հէնց, Աստւած չանի, 2026-ի յունիսին էլի այս նոյն պատկերը ստանանք, նրանք վերընտրւեն, ուրեմն՝ աղէտն անխուսափելի է, յստակ երեւում է՝ ինչ է անելու»:
Ըստ նրա՝ եթէ ճանապարհը վարձակալութեան տալը լաւ բիզնես պրոյեկտ է, ինչո՞ւ Ադրբեջանը նոյն ճանապարհով չի գնում. «Թուրքերը կանեն հնարաւոր ամէն ինչ, որպէսզի վերահսկողութեան տակ առնեն այն կազմակերպութիւնը, որը վարձակալելու է Հայաստանի տարածքով անցնող ճանապարհը: Տարբերակները շատ են՝ կը փորձեն բաժնետոմսերն առնել, կը փորձեն իրենց մարդկանց ներդնել կառավարման խորհրդում, կը փորձեն, ի վերջոյ, գնել այդ կազմակերպութիւնն ինչ-որ միջնորդաւորւած սխեմաներով: Եթէ այդ երեքն էլ չստացւի, կը փորձեն կաշառել գործող ղեկավար կազմին, ինչն իրենց մօտ շատ լաւ է ստացւում:
Եթէ, Աստւած չանի՝ Փաշինեանը վերընտրւեց, մեր կողմի դիմադրութեան բացակայութեան պայմաններում նրանք դա շատ աւելի հեշտ կանեն: Վերահսկողութեան արդիւնքը լինելու է այն, որ այդ ներդրումները ծառայելու են աւելի շատ այն ադրբեջանցիներին, որոնք պէտք է գան բնակւեն՝ համաձայն այդ նոյն խաղաղութեան պայմանագրի, նրանք կը բնակեցւեն այդ միջանցքի յարակից տարածքներում, եւ այդ ներդրումներից էլ մեզ շատ բան չի մնայ: ԱՄՆ-ը այստեղ հակաիրական, հակառուսական պլացդարմ է ստեղծելու: Մասնաւոր կազմակերպութեան անւան տակ Իրանի դէմ ամենատարաբնոյթ դաւերն են նիւթւելու՝ հետախուզութիւնից սկսած՝ մինչեւ ուղղակի ագրեսիայի պլացդարմ որպէս օգտագործւելու է Մեղրու տարածաշրջանը: Սիւնիքի հարուստ ընդերքը, փաստօրէն, այդ կերպ անցնում է ամերիկեան ազդեցութեան տակ: Ներդրումների անւան տակ իրենք ձեռք են բերելու մոլիբդենի հանքերը, ուրանի հանքերը, եւ ահռելի ֆինանսական օգուտներ են լինելու ԱՄՆ-ին՝ մեր պետութեան հաշւին, իսկ մեզ՝ ինչ-որ կրճոններ»: