Արաղչի. «Եկել է ժամանակը, որպէսզի պատժամիջոցները ճանաչւեն որպէս մարդկութեան դէմ ուղղւած յանցագործութիւն»

«ԱԼԻՔ» – ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին անդրադառնալով ԱՄՆ-ի եւ արեւմտեան երկրների կողմից կիրառւող պատժամիջոցներին՝ նշել է, որ եկել է ժամանակը, որպէսզի պատժամիջոցները ճանաչւեն որպէս մարդկութեան դէմ ուղղւած յանցագործութիւն: Այս մասին նա գրել է X-ի իր հարթակում:
«Արեւմտեան ռեժիմները մշտապէս պնդել են, որ պատժամիջոցները պատերազմի անարիւն այլընտրանք են։ Բայց ո՞րն է իրականութիւնը։
Հեղինակաւոր The Lancet ամսագրում հրապարակւած նոր ուսումնասիրութիւնը ցոյց է տալիս, որ միակողմանի պատժամիջոցները, մասնաւորապէս Միացեալ Նահանգների կողմից կիրառւողները, կարող են նոյնքան մահացու լինել, որքան պատերազմը։
1970-ական թւականներից ի վեր պատժամիջոցների պատճառով ամէն տարի զոհւել է աւելի քան 500 հազար մարդ, որոնք հիմնականում երեխաներ եւ տարեցներ են եղել:
Եկել է ժամանակը, որպէսզի ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների կողմից կիրառւած այս անմարդկային պատժամիջոցները ճանաչւեն որպէս մարդկութեան դէմ ուղղւած յանցագործութիւններ։
Պատժամիջոցների տակ գտնւող երկրները պէտք է արձագանքեն այս կազմակերպւած ճնշմանը համակարգւած ջանքերով՝ միասնական եւ համախմբւած»,- գրել է նա: