Իրանն ու Հայաստանը համաձայնութեան են եկել Արաքս գետի վրայով երկրորդ կամրջի կառուցման հարցում

«ԱԼԻՔ» – Իրանն ու Հայաստանը պայմանաւորւել են Արաքս գետի վրայ երկրորդ կամուրջը կառուցելու վերաբերեալ։ Այս մասին «Թասնիմ» լրատւական գործակալութեանը տւած հարցազրոյցում յայտնել է ճանապարհների եւ քաղաքաշինութեան նախարար Ֆարզանէ Սադեղը:
Ինչպէս նշել է նախարարը, նախնական համաձայնութիւններ են ձեռք բերւել Նորդուզում երկրորդ կամրջի կառուցման, գոյութիւն ունեցող կամրջի վերակառուցման, սահմանային տերմինալների բարելաւման եւ բեռնատարների համար նախատեսւած տուրքերի վերանայման վերաբերեալ։
«Այս քայլերը կը հեշտացնեն բեռնափոխադրողների աշխատանքը եւ կը ձեւաւորեն լիարժէք տարանցիկ փաթեթ։ Փաթեթը կամբողջացւի առաջիկայ ամիսներին»,- ասել է նա։
Սադեղի խօսքով՝ յատուկ ուշադրութիւն է դարձւում երկաթուղային նախագծերին։ Սադեղը ընդգծել է, որ Պարսից ծոցը Սեւ ծովին կապող երկաթուղային գիծը ռազմավարական նշանակութիւն ունի։ Իրանում ճանապարհն արդէն հասնում է Ջուլֆա, նաեւ հաստատւել է Ջուլֆա-Երեւան երթուղին։
Բացի այդ, կողմերը պատրաստւում են աւիափոխադրումների ոլորտում յուշագիր ստեղծել։ Հաշւի առնելով Հայաստանի դէպի ծով ելքի բացակայութիւնը՝ օրակարգում ներառւած է նաեւ նաւահանգստային ենթակառուցւածքի ոլորտում համագործակցութիւն։ Դրա համար նախատեսւում է օգտագործել Պարսից ծոցի եւ Օմանի ծովի ափերին գտնւող հարաւային իրանական նաւահանգիստների լոգիստիկ ներուժը։
«Այս նախաձեռնութիւնները ամուր հիմք կը ստեղծեն Իրանի, Հայաստանի, Եւրոպայի եւ Արեւելեան Ասիայի միջեւ տարանցիկ փոխադրումների զարգացման համար», – նշել է Սադեղը։
Միեւնոյն ժամանակ, Երեւանում համաձայնեցւել է նաեւ Պարսից ծոց-Սեւ ծով աւտոմոբիլային եւ երկաթուղային միջանցքի զարգացման վերաբերեալ համաձայնագիրը։