Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Axios. «Ադրբեջանը ձգտում է աւելի սերտ կապեր հաստատել ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանի հետ խաղաղութեան համաձայնագրից յետոյ»

«ԱԼԻՔ» – Ադրբեջանը ձգտում է ազգային անվտանգութեան եւ տեխնոլոգիաների ոլորտում աւելի սերտ կապեր հաստատել ԱՄՆ-ի հետ՝ Թրամփի վարչակազմի միջնորդութեամբ կնքւած խաղաղութեան հռչակագրից յետոյ: Գրում է ամերիկեան է Axios պորտալը:

«Ադրբեջանը սեղմւած է Ռուսաստանի եւ Իրանի միջեւ, որոնք Վաշինգտոնի ամենասուր փշերից են։ Այն նաեւ նաւթի եւ գազի խոշոր արտահանող է եւ ունի լաւ սպառազինւած զինւած ուժեր։ Երկիրն ունի Ամերիկայի հետ համագործակցութեան պատմութիւն, ներառեալ՝ օդային թռիչքների իրաւունքի եւ վառելիքի լիցքաւորման կանգառների տրամադրումը ահաբեկչութեան դէմ համաշխարհային պատերազմի ընթացքում։ Սակայն Ադրբեջանի երկարատեւ հակամարտութեան պատմութիւնը ԱՄՆ-ում ազդեցիկ սփիւռք ունեցող հարեւան Հայաստանի հետ, իր հետքն է թողել յարաբերութիւնների վրայ»,- նշում է լրատւամիջոցը։

Ադրբեջանի դեսպանատանը տւած հարցազրոյցում դեսպան Խազար Իբրահիմը Axios-ին ասել է, որ իր կառավարութիւնն այժմ «կաշխատի աշխատանքային խմբեր ստեղծելու եւ բոլոր ոլորտներում յարաբերութիւնները զարգացնելու համար՝ տնտեսութեան, էներգետիկայի, պաշտպանութեան, քաղաքականութեան, կրթութեան ուղղութեամբ, ինչ կը ցանկանաք, տեխնոլոգիաների, արհեստական բանականութեան ոլորտներում»։

«Եկէք նոր էջ բացենք,- ասել է Իբրահիմը։ -Եկէք միասին աշխատենք ոչ միայն հայ-ադրբեջանական, այլեւ ադրբեջանա-ամերիկեան յարաբերութիւնների համար»։

Իբրահիմը շնորհակալութիւն է յայտնել նախագահ Թրամփին խաղաղութեան գործընթացի առաջխաղացման համար՝ նշելով, որ նա «101 տոկոսով» արժանի է խաղաղութեան Նոբէլեան մրցանակին։

«Այս շատ կարճ ժամանակահատւածում՝ մօտ վեց ամսւայ ընթացքում, նա կարողացել է անել այն, ինչ ուրիշները չեն կարողացել անել աւելի քան 30 տարի»,- ասել է դեսպանը։

Նա նաեւ շնորհակալութիւն է յայտնել Սպիտակ տան յատուկ բանագնաց Սթիւ Ուիթքոֆին, որի դերն «անհնար է անտեսել»։

Ուիթքոֆն այցելել է երկիր մարտին, նոյն ամսին, երբ յայտարարւեց, որ խաղաղութիւնը հնարաւոր է հասել։

«Ցանկացած բանակցութիւններում, յատկապէս շատ դժւար խաղաղութեան բանակցութիւններում, միշտ կարեւոր է ունենալ շատ ուժեղ քաղաքական կամք՝ շատ ուժեղ համաշխարհային առաջնորդից,- ասել է Իբրահիմը։ -Ահա թէ ինչ ստացանք այս անգամ»։

ԱՄՆ պաշտօնեաներից մէկը Axios-ին տւած հարցազրոյցում յայտարարել է, որ Թրամփի վարչակազմի օգտին արւող հաճոյախօսութիւններն, ըստ ամենայնի, Ադրբեջանի հիմնական դրդապատճառն էր խաղաղութեան համաձայնագիրը ստորագրելու համար։

Related Articles

Back to top button