Վարդան Օսկանեան. «Ադրբեջանը հասել է իր նպատակներին եւ շարունակելու է հասնել դրանց, քանի դեռ Փաշինեանը մնում է իշխանութեան»

«ԱԼԻՔ» – «Ադրբեջանը հասել է իր նպատակներին եւ շարունակելու է հասնել դրանց, քանի դեռ Փաշինեանը մնում է իշխանութեան՝ անկախ նրանից, թէ ինչ է ասում կամ չի ասում»։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանեանը:
«Երէկ (օգոստոսի 23-ԽՄԲ.) Նիկոլ Փաշինեանը կրկին խօսեց Արցախի մասին՝ ապարդիւն փորձելով արդարացնել իր աղէտալի որոշումները։ Վերջին տարիների իրադարձութիւններին ծանօթ իւրաքանչիւրի համար ակնյայտ է, որ մեր կորուստների հիմնական եւ գլխաւոր պատճառը Փաշինեանի լիակատար անկարողութիւնն է։
Նրա պնդումը, թէ մինչեւ 2020 թւականի պատերազմը զիջումների գնալը Հայաստանի համար աւելի վնասակար կը լինէր, բացարձակ անհեթեթութիւն է։ Չկայ կասկածի ոչ մի մասնիկ, որ եթէ Փաշինեանը մինչեւ 2020-ի սեպտեմբեր ձեռնարկէր անհրաժեշտ զիջումներ, հազարաւոր երիտասարդ հայեր այսօր կենդանի կը լինէին։ Արցախը եւ Լաչինը կը մնային հայկական, խաղաղութեան պայմանագիր կը կնքւէր, եւ մեր սահմաններն ու հաղորդակցութիւնները բաց կը լինէին։ Փոխարէնը՝ նրա հակասական խօսքերն ու անփոյթ դիւանագիտութիւնը Հայաստանը տարան կործանարար պատերազմի եւ մեզ թողեցին պարտւած բոլոր ճակատներում։ Իսկ կանխելու համար այն հարցադրումը՝ թէ «ինչո՞ւ դուք 2008-ին չէք արել», ասեմ, որ եթէ նման զարգացման հեռանկար տեսնէինք եւ հաստատ կը նկատէինք՝ համապատասխան քայլ անպայման կը ձեռնարկէինք։
Մնում է միայն յուսալ, որ Փաշինեանը մինչեւ իր հեռանալը քաղաքականութիւնից կը դադարեցնի խօսելը։ Նրա խօսքերը վաղուց դարձել են Հայաստանի ամենամեծ բեռը եւ թշնամին՝ մշտապէս քայքայելով ազգային անվտանգութիւնը եւ անչափելի վնաս հասցնելով։ Նրա հակասական ու անհեթեթ յայտարարութիւնները կրկին ու կրկին ուժեղացրել են Ադրբեջանի դիրքերը՝ Հայաստանին բերելով աղէտալի հետեւանքներ։ Այժմ, երբ գրեթէ ամէն ինչ արդէն զիջւած է, նրա խօսքերը ռազմավարական առումով անկարեւոր են։ Ադրբեջանը հասել է իր նպատակներին եւ շարունակելու է հասնել դրանց, քանի դեռ Փաշինեանը մնում է իշխանութեան՝ անկախ նրանից, թէ ինչ է ասում կամ չի ասում։ Նրա խօսքերը միայն խորացնում են ժողովրդի վիշտը՝ անընդհատ յիշեցնելով, որ մեր բոլոր կորուստները հնարաւոր էր կանխել։
Փաշինեանի անկարողութիւնը մեր ազգային ողբերգութեան գլխաւոր պատճառն է, իսկ նրա փորձերը՝ վերաշարադրելու պատմութիւնը, միայն խորացնում են վէրքը։ Այս փուլում լռութիւնը Հայաստանի համար անհամեմատ աւելի օգտակար կը լինէր, քան նրա անվերջ արդարացումները»,- գրել է նա։