Այլ

Ծխողների մօտ թուլութիւնը կապւած է բարդութիւնների աւելի մեծ ռիսկի հետ

Նոյնիսկ նորմալ թոքային ֆունկցիա ունեցող նախկին եւ ներկայ ծխողների մօտ օրգանիզմի բարձր «փխրունութիւնը» կապւած է շնչառական ծանր սրացումների եւ մահւան ռիսկի կտրուկ աճի հետ։ Նման եզրակացութեան են հանգել Brigham and Women’s Hospital-ի եւ Հարւարդի բժշկական դպրոցի հետազօտողները։ Աշխատանքը հրապարակւել է Aging-US ամսագրում։

Փխրունութիւնը համախտանիշ է, որի դէպքում օրգանիզմը կորցնում է ֆիզիոլոգիական պաշարները եւ աւելի վատ է յաղթահարում բեռնւածութիւնն ու հիւանդութիւնները։ Ամենից յաճախ այն հանդիպում է տարեց մարդկանց մօտ եւ դրսեւորւում է ուժի, դիմացկունութեան եւ ֆիզիկական ակտիւութեան մակարդակի նւազեցմամբ, ինչը մարդուն աւելի խոցելի է դարձնում նոյնիսկ համեմատաբար թեթեւ հիւանդութիւնների նկատմամբ։

Հետազօտութեանը մասնակցել է աւելի քան 2,6 հազար մարդ՝ 45-80 տարեկան, ովքեր առնւազն 10 տարի ծխելու փորձ ունեն։ Դիտարկման երկրորդ փուլում բոլոր մասնակիցներին բաժանել են երեք խմբի՝ «ամուր», «նախապէս փխրուն» եւ «փխրուն» եւ մօտ երեք տարւայ ընթացքում հետեւել են նրանց առողջութեանը։ Այդ ընթացքում գրանցւել են շնչառութեան կտրուկ վատթարացման եւ մահացութեան դէպքերը։

Պարզւել է, որ «փխրուն» մասնակիցների մօտ շնչառական ծանր կամ յաճախակի նոպաների հաւանականութիւնը 3-5 անգամ աւելի բարձր է, քան «ամուր» մասնակիցների մօտ, ընդ որում, այս ազդեցութիւնը դիտւել է նոյնիսկ թոքերի քրոնիկ հիւանդութիւնների բացակայութեան դէպքում։ «Նախապէս փխրունութեան» փուլում գտնւող մարդիկ նոյնպէս բարդութիւնների բարձր ռիսկեր են ունեցել։

Գիտնականները նաեւ այս խոցելիութեան կենսաբանական հաստատումն են յայտնաբերել. «փխրուն» հետազօտվողների մօտ օրգանիզմի ծերացումն արագացւած տեմպերով է ընթանում, ինչը ցոյց է տւել DunedinPACE ԴՆԹ թեստը։ Սա վկայում է այն մասին, որ փխրունութիւնը արտացոլում է աւելի խորը տարիքային փոփոխութիւններ։

Հեղինակները կարծում են, որ փխրունութեան պարզ թեստերը կարող են դառնալ ծխողների եւ նախկին ծխողների մօտ խնդիրների վաղ յայտնաբերման արդիւնաւէտ գործիք՝ թոյլ տալով ժամանակին կանխարգելում իրականացնել եւ նւազեցնել մահացութիւնը։

News.am

Related Articles

Back to top button