Երկկողմ յարաբերութիւններ եւ տրածաշրջանային զարգացումներ
ՀՀ ԱԽՔ-ի Թեհրանի այցի օրակարգը

«ԱԼԻՔ» – Ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար դոկտ. Ալի Լարիջանիի հրաւէրով Թեհրան էր այցելել ՀՀ Ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանը:
Այցի ընթացքում, Գրիգորեանը հանդիպել է իր գործընկերոջ՝ Ալի Լարիջանիի, Հանրապետութեան նախագահ Մասուդ Փեզեշքիանի, ԶՈՒ ԳՇ պետ գեներալ Աբդօլռահիմ Մուսաւիի, ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչիի եւ Արտաքին յարաբերութիւնների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկւել են երկկողմ յարաբերութիւնների օրակարգին վերաբերող հարցերն ու տարածաշրջանային զարգացումները:
Փեզեշքիան-Գրիգորեան հանդիպման ժամանակ, զրուցակիցենրն ընդգծել են, որ երկու երկրները հաստատակամ են զարգացնել շարունակական երկխօսութիւնը՝ միտւած ռազմավարական գործընկերութեան հաստատմանը:
Զրուցակիցները քննարկել են նաեւ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռքբերւած պայմանաւորւածութիւնները: Հանրապետութեան նախագահը նշել է, որ Իրան-Հայաստան վերջին շփումները եւ իր պաշտօնական այցը Հայաստան նպաստել են Իրանում առկայ անորոշութիւնների արդիւնաւէտ հասցէագրմանը:
Լարիջանի-Գրիգորեան հանդիպմանը, կողմերն անդրադարձ են կատարել Իրանի եւ Հայաստանի միջեւ երկկողմ օրակարգին՝ ընդգծելով տնտեսական փոխգործակցութեան ամրապնդման անհրաժեշտութիւնը:
Դոկտ. Լարիջանին յատուկ կարեւորել է Իրանի եւ Հայաստանի միջեւ ռազմավարական յարաբերութիւնների վերաբերեալ համապարփակ փաստաթղթի ստորագրումը՝ ընդգծելով, որ այն կենսականօրէն կարեւոր է տարածաշրջանում խաղաղութեան շուրջ քննարկումներին համահունչ։
Մուսաւի-Գրիգորեան հանդիպման ընթացքում, ԶՈՒ ԳԾ պետն ընդգծել է, որ արտատարածաշրջանային ուժերի առկայութիւնը տարածաշրջանում մտահոգիչ է եւ պէտք է մշակել մեխանիզմներ՝ այդ անհանգստութիւնները նւազեցնելու համար:
«Պատմական փաստերը վկայում են տարածաշրջանում ԱՄՆ-ի բացասական դերի մասին»,- նշել է գեներալ Մուսաւին:
Արաղչի-Գրիգորեան հանդիպմանն անդրադարձ է կատարւել երկկողմ բազմոլորտ համագործակցութեանը:
Զրուցակիցները կարեւորել են փոխադարձ յարգանքի եւ վստահութեան վրայ հիմնւած երկկողմ շփումների շարունակականութիւնը:
Կողմերը քննարկել են նաեւ տարածաշրջանային վերջին զարգացումներն ու ընդգծել խաղաղութեան պահպանման կարեւորութիւնը:
Եւ վերջապէս Խարազի-Գրիգորեան հանդիպման ժամանակ զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Իրան-Հայաստան երկկողմ օրակարգին, ընդգծել ընթացիկ եւ նախանշւած ծրագրերի շուտափոյթ իրականացման անհրաժեշտութիւնը:
Խարազին ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղութեան եւ յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը: Նա, սակայն, ընդգծել է, որ հաղորդակցութեան ուղիների աշխատանքում ամերիկեան ընկերութեան մասնակցութեան հարցը պէտք է մանրամասնօրէն պարզաբանւի, որպէսզի յստակ դառանայ, թէ որոնք են երթուղու խնդիրների կարգաւորման պայմանները: Խարազին զգուշացրել է, որ պէտք է հաշւի առնել այն հանգամանքը, որ Թրամփը չի հետեւում որեւէ կանոնի, նոյնիսկ իր սեփական ստորագրութեանը:
«Կարեւոր է, որ այս հարցում երկու երկրների միջեւ խորհրդակցութիւնները շարունակական բնոյթ կրեն»,- ընդգծել է Խարազին: