ԻրանՔաղաքական

Արաղչի. «Պատժամիջոցների նկատմամբ անտարբերութիւնը կամ չափազանցւած մօտեցումը սխալ է»

«ԱԼԻՔ» – «Պատժամիջոցների բացասական հետեւանքները անհերքելի են, սակայն չպէտք է թոյլ տալ երկու սխալ. առաջինը՝ անտարբերութիւն պատժամիջոցների եւ դրանց ազդեցութեան ու հետեւանքների նկատմամբ, որը կարող է յանգեցնել ծրագրաւորման անհրաժեշտութեան անտեսմանը եւ բաց թողնւած հնարաւորութիւնների, երկրորդը՝ դրանց նկատմամբ չափազանցւած մօտեցումը եւ ընկրկելը»: Այս մասին երէկ՝ սեպտեմբերի 6-ին, Իրանի ազատ եւ առեւտրային գօտիների ներդրումային հնարաւորութիւններին նւիրւած ազգային համաժողովի ժամանակ յայտարարել է ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին:

«Ելոյթ եմ ունենում այնպիսի պայմաններում, երբ մեր երկիրը դէմ-յանդիման է կանգնած բազմաշերտ, շատ բարդ եւ լայնածաւալ պատժամիջոցների: Պատժամիջոցներ, որոնք իրենց ազդեցութիւնն են ունեցել տնտեսութեան, արտաքին առեւտրի եւ մարդկանց կեանքի վրայ: Սա ճշմարտութիւն է, որը չպէտք է ժխտել: Այդուհանդերձ, պատժամիջոցները չպէտք է ներկայացնել որպէս արմագեդոն՝ աշխարհի վերջը՝ ասես, թէ հասել ենք մի կէտի, որտեղ ուրիշ տարբերակ չկայ, քան յանձնւելը։ Այս ընկալումը բացարձակապէս սխալ է»,- յայտնել է Արաղչին՝ ընդգծելով, որ գործող պատժամիջոցները մշակողների նպատակն ի սկզբանէ Իրանին կաթւածահար անելն էր, եւ հէնց այդ նպատակով էլ դրանց համար ընտրել են «Կաթւածահար անող պատժամիջոցներ» անւանումը:

«Սակայն իրականութիւնն այն է, որ Իրանը դեռեւս անսասան է։ Սա, իհարկէ, չի նշանակում, որ պատժամիջոցները ազդեցութիւն չեն ունեցել կամ ճնշում չեն գործադրել մեզ վրայ. նման ընկալումը սխալ է։ Պատժամիջոցների բացասական հետեւանքները անհերքելի են, սակայն չպէտք է թոյլ տալ երկու սխալ. առաջինը՝ անտարբերութիւն պատժամիջոցների եւ դրանց ազդեցութեան ու հետեւանքների նկատմամբ, որը կարող է յանգեցնել ծրագրաւորման անհրաժեշտութեան անտեսմանը եւ բաց թողնւած հնարաւորութիւնների, երկրորդը՝ դրանց նկատմամբ չափազանցւած մօտեցումը եւ ընկրկելը:

Ճիշտ ուղին իրատեսութիւնը եւ պրագմատիզմն է, այսինքն՝ ճնշումների հաւաստանշումը, դրանց հետեւանքների կառավարումը եւ այդ հանգամանքներում առկայ հնարաւորութիւնների օգտագործումը»,- յստակեցրել է նա:

Անդրադառնալով Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցութիւններին, մեր երկրի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը նշել է, որ ելնելով նոր իրականութիւնից, դրանք հաստատապէս նոր ոճ եւ ընթացք են ունենանլու. «Չեմ ասում, որ բանակցութիւնները հանւել են օրակարգից, ո՛չ, բայց դրանք անկասկած նոր ոճ եւ ընթացք են ստացել։ Նոր մտահոգութիւններ եւ բաղադրիչներ են ասպարէզ եկել, որոնց համար մեզ անհրաժեշտ են նոր մօտեցումներ: Հնարաւոր չէ բանակցութիւնները վերսկսել այնպէս, ինչպէս պատերազմից առաջ էր, այլ՝ դրանք պէտք է վերսկսւեն նոր պայմաններով, բոլորովին տարբեր մօտեցմամբ՝ հաշւի առնելով բոլոր մտահոգութիւններն ու խնդիրները»:

Արաղչին նշել է, որ ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցութիւնը եւս չի կարող նոյնը լինել, ինչ պատերազմից առաջ էր. «Մեզ անհրաժեշտ է ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցութեան նոր ձեւաչափ։ Բարեբախտաբար, այս նպատակով մեր բանակցութիւնները Գործակալութեան հետ սկսւել են, եւ այսօր էլ շարունակւում են՝ նոր ձեւաչափի հասնելու համար»:

ԱԳ նախարարը չի շրջանցել նաեւ ԱՄՆ-ի հետ միջնորդաւորւած բանակցութիւնների թեման: Նա նշել է, որ եթէ ամերիկացիները պատրաստ կը լինեն բանակցել ընդհանուր շահերի եւ փոխադարձ յարգանքի հիման վրայ, ապա Իրանը նոյնպէս պատրաստ կը լինի երկխօսութիւն սկսել:

«Միջնորդների միջոցով պատգամներ են փոխանակւում Միացեալ Նահանգների հետ: Այն օրը, երբ ամերիկացիները կեզրակացնեն, որ պատրաստ են բանակցութիւնների՝ հիմնւած ընդհանուր շահերի եւ փոխադարձ յարգանքի վրայ, մենք նոյնպէս պատրաստ կը լինենք վերսկսել բանակցութիւնները»,- յստակեցրել է նա:

Իսկ ինչ վերաբերում է Snapback-ի խնդրին, Արաղչին ասել է որ եւրաեռեակը՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան մեծ սխալ են թոյլ տւել. «Նրանք իրականում աւելի դժւարացրին եւ բարդացրին ճանապարհը՝ յղում անելով 2231 բանաձեւում այսպես կոչւած վէճերի կարգաւորման մեխանիզմին, որը յայտնի է որպէս «գործարկման մեխանիզմ»»:

Related Articles

Back to top button