Յակոբ Բադալեան. «Աշխարհն իսկապէս կարող է կանգնել նոր կարիբեան ճգնաժամի առաջ»

«ԱԼԻՔ» – ԱՄՆ-ի եւ Վենեզուէլլայի յարաբերութիւնների սրման ֆոնին, քաղաքագէտ Յակոբ Բադալեանը հնարաւոր է համարում նոր կարիբեան ճգնաժամը, ինչպէս 1960-ական թւականների սկզբին: Այս մասին նա գրել է ֆէյսբուքեան իր էջում:
«Հաղորդւում է, որ ԱՄՆ զգալիօրէն դուրս է բերում Արեւմտեան Ասիայի ռեգիոնում տեղակայւած իր զինուժը, մասնաւորապէս հարւածային օդուժն ու լիցքաւորող օդանաւերը: Դրանք, ըստ տարածւող տեղեկութիւնների, տեղափոխւում են ԱՄՆ:
Այդ առնչութեամբ դիտարկումները տարբեր են: Պարսից ծոցի ռեգիոնից հարւածային ուժի տեղափոխումը ԱՄՆ պայմանաւորում են կամ Վենեզուէլլայի հետ հնարաւոր կոնֆլիկտի խորացումով, կամ պարզապէս Պարսից ծոցի ռեգիոնում լարւածութեան նւազմամբ, կամ նոյնիսկ հակառակը՝ հնարաւոր լարւածութեան աճով պայմանաւորւած, երբ պարզապէս ամերիկացիները այսպէս ասած հեռանում են մարտադաշտից, միաժամանակ թուլացնելով Իրանի եւ նրա պրոքսիների զգօնութիւնը:
Սրանք միջազգային փորձագիտական դիտարկումներն են:
Այս համատեքստում, իհարկէ ուշադրութեան արժանի է Վենեզուէլլան, բոլոր դէպքերում:
Այստեղ կայ նոր կարիբեան ճգնաժամի շօշափելի նախադրեալ: Ինչպէս յայտնի է, ԱՄՆ նախագահ Թրամփը սպառնում է Վենեզուէլլային:
Նրա համար դրա առիթը նարկոտրաֆիկն է, սակայն բուն շարժառիթները թերեւս աշխարհաքաղաքական են:
Իհարկէ նարկոթրաֆիկը բաւականին լուրջ խնդիր է ԱՄՆ համար:
Թմրամոլութիւնը, թմրանիւթերի վաճառքը, այդ ահաւոր «ժանտախտից» մահացութիւնների թիւը ԱՄՆ-ում չափազանց լուրջ է, եւ այդ իմաստով իհարկէ Թրամփի համար դա ոչ միայն առիթ է, այլ նաեւ պատճառ:
Սակայն, Վենեզուէլլայի հարցում իհարկէ կան այլ մոտիւներ: Մասնաւորապէս, Վենեզուէլլան նաւթով հարուստ, յամառ քաղաքական հակադիր կենտրոն է, որը չի ենթարկւում ԱՄՆ աշխարհաքաղաքականութեանը, բայց գտնւում է ԱՄՆ համար անմիջական շահերի գօտում, նրա ըստ էութեան հարեւանութեամբ:
Դրանից բացի, Վենեզուէլլան այդ իմաստով լաւ յարաբերութիւն ունի Իրանի հետ, Իրանը շատ տնտեսական նախագծեր է իրականացնում այդ երկրի հետ: Այսինքն, Վենեզուէլլան նաեւ Իրանի գլոբալ խաղի տիրոյթ է:
Դէ, աւելորդ է խօսել Ռուսաստանի հետ Մադուրոյի յարաբերութեան մասին:
Սրանք Թրամփի համար իսկապէս ռիսկեր են, եւ նա թերեւս փորձում է չէզոքացնել դրանք, նարկոթրաֆիկի պատճառ-առիթի միջոցով: Նա սպառնում է հարւածել Վենեզուէլլային: Թրամփը ռազմական ուժի շօշափելի ծաւալ է կենտրոնացրել այդ գօտում: Նախատեսում է տասը Ֆ35 կործանիչներ տեղակայել նաեւ Վենեզուէլլայի հարեւանութեամբ՝ Պուերտօ-Ռիկոյում:
Վենեզուէլլայի նախագահ Մադուրոն յայտարարել է, թէ յարգում է Թրամփին, բայց չի ցանկանում, որ նրա հետ հակադիր մօտեցումները վերածւեն ռազմական բախումների: Միաժամանակ նա յայտարարել է, որ ռազմական հարւած ստանալու դէպքում իրենք կը կռւեն:
Այս իմաստով, աշխարհն իսկապէս կարող է կանգնել նոր կարիբեան ճգնաժամի առաջ, որն իհարկէ նոյնական չի լինի, ինչպէս մօտ 6 տասնամեակ առաջ ամերիկա-սովետական բախումով յղի ճգնաժամը, բայց այդուհանդերձ կունենայ իր մեծ ազդեցութիւնը»,- գրել է նա: