Տիգրան Թորոսեան. «Եթէ 2018 թւականի աղէտը չլինէր, ամէն ինչ յանգելու էր Արցախի անկախութեան ճանաչմանը»

«ԱԼԻՔ» – Քաղաքագիտութեան դոկտոր, ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Տիգրան Թորոսեանը վստահ է՝ կարող է ապացուցել, որ Արցախի էջը փակւած չէ, ու Ալիեւը վախենում է դրա վերաբացումից: Այս մասին նա յայտարարել է 168TV-ի «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում, Սաթիկ Սէյրանեանի հետ զրոյցում:
«Նման բան պնդելու հիմքերից մէկն այն է, որ Ալիեւը հետեւողականօրէն գնաց Մինսկի խումբը փակելու յետեւից։ Բացի դրանից, Ալիեւը հետեւողականօրէն գնում է Անկախութեան հռչակագրին յղումը ՀՀ Սահմանադրութիւնից հանելուն, որովհետեւ, կրկնում եմ, Ալիեւը վախենում է, որ մի օր ամէն ինչ շուռ կը գայ։ Վաղն էլ է վախենալու այնպէս, ինչպէս տարիներ առաջ՝ մինչեւ 2018-ի իշխանազաւթումն էր վնգստում, թէ փակ դռների յետեւում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախութիւնը։ Իրենք շատ լաւ գիտեն, որ Արցախը մեր հայրենիքն է, եւ քանի դեռ գէթ մէկ հայ կայ, այն մնալու է մեր հայրենիքը։
Ալիեւը մտասեւեռում ունի, ուզում է Արցախի հետ կապւած ամէն բան ջնջել՝ պատմութիւնը, յիշողութիւնը, բայց յիշողութիւնը, պատմութիւնը չի՛ ջնջւելու»,- ասել Տիգրան Թորոսեանը:
Նրա խօսքով՝ մինչեւ 2018 թւականը Ալիեւը հասել էր ընդամէնը մի բանի, որ այստեղ-այնտեղ բողոքում էր՝ իրեն ճնշում են, բայց ինքն ու իր արտաքին գործերի նախարարը գլուխը կախ ստորագրում էին փաստաթղթեր, որտեղ ասւում էր, որ Արցախի հարցը պէտք է լուծւի ինքնորոշման իրաւունքի շրջանակում։
«Այնպէս որ, մեր խնդիրն Ալիեւը չէ։ Ոչ էլ Էրդողանը: Ի՞նչ փոխւեց։ Փոխւեց այն, որ Արցախի հարցն այսօր տէր չունի։ Այսօր Հայաստանի իշխանութիւնը գործում է Արցախի դէմ։ Նիկոլ Փաշինեանն ասում էր՝ իմ զրոյական կէտից եմ սկսելու բանակցել, Սերժ Սարգսեանի թողածի հետ գործ չունեմ, բերեց-հասցրեց զրոյական կէտի։ Անընդհատ սուտ ու կեղծիք է եղել այս տարիների ընթացքում, հետեւաբար, խնդիրը ՀՀ գործող իշխանութիւնն է»,- ասել է ՀՀ ԱԺ նախկին նախագահը:
Թորոսեանը պնդում է՝ Արցախի ղեկավարութիւնն աշխարհին պէտք է ցոյց տայ, որ իրենք են Արցախի խնդրի տէրը։ Պէտք է շատ ակտիւ լինեն։ Իրենք պէտք է մեզ առաջնորդեն։
«Եթէ 2018 թւականի աղէտը՝ հակասահմանադրական իշխանափոխութիւնը չլինէր, ամէն ինչ յանգելու էր Արցախի անկախութեան ճանաչմանը, որովհետեւ ով ինչ ուզում է խօսի, փաստաթղթերն այդ էին արձանագրում։ Իրաւական փաստաթղթերն այսօր էլ են Արցախի օգտին։ Վերադարձի իրաւունքի հիմքում պէտք է դնել ինքնորոշման իրաւունքը, եւ դրա տապալումը պէտք է դիտարկւի՝ որպէս մարդկութեան դէմ յանցագործութիւն»,- եզրափակել է Տիգրան Թորոսեանը: