Արման Աբովեան. «Ադրբեջանական գրքերում Հայաստանը ներկայացնում են որպէս ռուսների կողմից օկուպացւած տարածք»

«ԱԼԻՔ» – Նախկին պատգամաւոր, հեռուստամեկնաբան Արման Աբովեանը ֆէյսբուքեան գրառում է կատարել ՝ նշելով, որ ադրբեջանական գրքերում Հայաստանը ներկայացւում է, որպէս «ռուսների կողմից օկուպացւած ադրբեջանական հող», իսկ հայերը՝ «ռուսների կողմից բնակեցւած ժողովուրդ ադրբեջանի բնիկ հողերի վրայ»:
«Մինչ ձեզ շարունակում են հիմար եւ անիրատեսական թուրքական հեքիաթներ պատմել այն մասին, թէ իբր խաղաղութիւն է հաստատւել հակահայ բարբարոսների եւ մարդասպանների հետ, պարզապէս նայէք այն գրքերին, որոնցով նրանք կրթում են իրենց երեխաներին։
Ես յատուկ չեմ ներկայացնում հատւածներ Հայաստանի եւ հայերի մասին, որովհետեւ այն, ինչ կը կարդաք այնտեղ մեր մասին (ներառեալ նրանց մասին, ովքեր այսօր պատրաստ են թուրքերին ոտքերը լիզել), դա ձեզ մօտ առաջացնելու է ակնյայտ զայրոյթ եւ զզւանք։
Իսկ հիմա հարց ուղղէք նրանց, ովքեր ձեզ առաւօտից երեկոյ նենգաբար խաբում են խաղաղութեան մասին, թող բացատրեն թէ ինչպէս է, որ ամբողջ Հայաստանի տարածքը ադրբեջանցիները համարում են «ռուսների կողմից օկուպացւած ադրբեջանական հող», ներառեալ Երեւանը, իսկ ձեզ, իմ խաղաղասիրական եւ ադրբեջանցիների հետ ընկերութիւն անելուն երազող քաղաքացիներ, համարում են «ռուսների կողմից բնակեցւած ժողովուրդ ադրբեջանի բնիկ հողերի վրայ»։
Ես սա չեմ ասում, որպէսզի դուք նեարդայնանաք ուզում եմ, որ դուք հասկանաք՝ խաղաղութիւն չի հաստատւել, այլ ընդամէնը լռութիւն է՝ մինչեւ ձեզ «Խաղաղութիւնը արդէն եկել է» գոռալով կը տանեն թուրքական սպանդանոց»,- գրել է նա: