Մետաքսէ Յակոբեան. «Մինչ Հայաստանում շեղում էին հանրութեանը «Յաղթելու ենք…» սուտ բառով, այդ պահին իրենք արդէն Արցախը յանձնում էին»

«ԱԼԻՔ» – «Առաւօտեան նստել էի պատշգամբումս, սուրճ էի խմում։ Սկսւեցին պայթիւններ։ Սկզբում մտածեցի՝ հոսանքի լարերի հետ կապւած պայթիւններ են, յետոյ արդէն միւս պատուհանից նայեցի ու տեսայ ծուխը։ Երեխաներիս արթնացրեցի՝ պատերազմ է»: Սեպտեմբերի 27-ին, 44-օրեայ պատերազմի 5-րդ տարելիցի կապակցութեամբ «Եռաբլուր» զինւորական պանթէոն այցի ընթացքում լրագրողներին 2020 թւականի սեպտեմբերի 27-ի լուսաբացն այսպէս է ներկայացրել Արցախի ԱԺ «Արդարութիւն» խմբակցութեան պատգամաւոր Մետաքսէ Յակոբեանը։
Նա նշել է, որ չէին պատկերացում, որ նախապէս պլանաւորած է պարտութիւնը։
«Արդէն սեպտեմբերի 29-ին մենք տեսանք այդ պլանաւորած պարտութեան ընթացքը։
Մինչ Հայաստանում շեղում էին հանրութեանը «Յաղթելու ենք» այդ կեղծ, զզւելի, սուտ բառով … Այդ պահին իրենք արդէն Արցախը յանձնում էին՝ հաշւի չառնելով մեր տղաներին, ովքեր մարտնչում էին արիւնարբու թշնամու դէմ, զոհւում էին տասնեակներով, հարիւրներով։ Զոհւում էին այն պարագայում, երբ իշխանութիւնը պլանաւորել էր յանձնել»,- ասել է Մետաքսէ Յակոբեանը։