ԻրանՔաղաքական

Արաղչի. «ԱՄՆ-ի չափազանցւած պահանջները խանգարեցին համաձայնութեան կայացմանը»

«ԱԼԻՔ» – ԻՌՆԱ-ի հետ զրոյցում, նիւեօրքեան ուղեւորութեան ադիւնքներն ամփոփելիս, ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին նշել է, որ ԱՄՆ-ի չափազանցւած պահանջների եւ դրանց նկատմամբ եւրոպական երկրների ցուցաբերած աջակցութեան պատճառով հնարաւոր չի եղել փոխզիջումային տարբերակի հասնել:

Խօսելով Snapback մեխանիզմի ակտիւացման մասին, Արաղչին ասել է. «Snapback-ի թեմայի քննարկման ժամանակ մենք բախւեցինք Իրանի Իսլամական Հանրապետութիւնից զիջումներ կորզելու փորձի հետ, որոնք բացարձակապէս անհիմն եւ անիրագործելի էին։ Դրա դիմաց մենք ներկայացրինք մեր սեփական, լիովին ողջամիտ առաջարկները, որոնք, ի դէպ, եւրոպացիները նոյնպէս խոստովանեցին, որ լիովին ողջամիտ են։

Նրանց թւում էր, թէ Snapback-ի՝ իրենց ստեղծած հրէշի կերպարն այնքան սարսափելի է, որ կը վախեցնի մեզ եւ մենք պատրաստ կը լինենք առաւելագոյն զիջումների: Բայց դա բացարձակապէս այդպէս չէր: Մենք ապրել ենք այն բանաձեւերով, որոնք նրանք հիմա փորձում են վերականգնել։ Ես չեմ ասում, որ դա լաւ բան է: Այդ մասին ես բազմիցս ասել եմ, դա բոլորովին լաւ չէ, բայց դա այն հրէշը չէ, որին նրանք պատկերել են, որպէսզի մեզ ստիպեն զիջումների գնալ։

Ժողովուրդը կը տեսնի, որ տնտեսական բանավէճի ժամանակ ԱՄՆ-ի կողմից արդէն սահմանւածներից աւելի շատ պատժամիջոցներ չեն կիրառւի։ Կաւելացւի եւ կրկին կը հեռացւի մի շարք ցուցակներ, որոնք էական ազդեցութիւն չեն ունենայ, բայց կը լինեն որոշակի քաղաքական եւ երբեմն ռազմավարական հետեւանքներ, որոնց մենք պէտք է դիմակայենք»:

«Մեզ համար անընդունելի է որեւէ համաձայնագիր, որը չի ներառում Իրանի շահերը։ Մենք կիրականացնենք այն ամէնը, ինչ պահանջում են երկրի շահերը, եւ ես վստահ եմ, որ Ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդում կը կայացւեն ճիշտ եւ հաշւարկւած որոշումներ»,- յստակեցրել է նա:

Related Articles

Back to top button