ԻրանՄիջազգայինՔաղաքական

ՄԱԿ-ում ՌԴ դեսպան. «Իրանի դէմ պատժամիջոցները վերականգնելու պնդումն անհիմն է, իսկ ՄԱԿ-ի քարտուղարութեան գործողութիւնները հակասում են կանոնադրութեանը»

«ԱԼԻՔ» – ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարին եւ Անվտանգութեան խորհրդի նախագահին ուղղւած նամակում ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնութեան մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբեզնիան խստօրէն քննադատել է որոշ արեւմտեան երկրների եւ ՄԱԿ-ի քարտուղարութեան վերջին գործողութիւնները՝ կապւած Իրանի Իսլամական Հանրապետութեան դէմ Անվտանգութեան խորհրդի նախկին պատժամիջոցների վերականգնման հետ՝ այն անւանելով իրաւական ուժ չունեցող եւ ՄԱԿ-ի կանոնադրութեանն ու Անվտանգութեան խորհրդի պարտադիր որոշումներին հակասող։ Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Նամակում, Նեբեզնիան նշել է, որ ՄԱԿ-ի քարտուղարութեան յայտարարութիւնը, 1696, 1737, 1747, 1803, 1835 եւ 1929 բանաձեւերը «վերակիրառելու» մասին, ոչ միայն անհիմն է, այլեւ Անվտանգութեան խորհրդի որոշումների ակնյայտ աղաւաղում եւ 2231 բանաձեւի ակնյայտ խախտում է։

ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչը յայտարարել է, որ Հարաւային Կորէայի կողմից ներկայացւած պատժամիջոցների ռեժիմը չկիրառելու որոշումը երկարաձգելու նախագծին, ինչպէս նաեւ Ռուսաստանի եւ Չինաստանի համատեղ նախագծին՝ 2231 բանաձեւի գործողութեան ժամկէտը երկարաձգելու վերաբերեալ, դէմ են արտայայտւել Միացեալ Նահանգներին, Մեծ Բրիտանիային եւ Ֆրանսիային, ինչի արդիւնքում էլ դրանք չեն հաստատւել:

Նա յաւելել է, որ այս երկրները, Անվտանգութեան խորհրդի որոշ ոչ մշտական ​​անդամների հետ միասին, փաստօրէն դէմ են արտայայտւել Իրանի միջուկային հարցի շուրջ բանակցութիւնների համար աւելի յաւելեալ հնարաւորութիւն ստեղծելու ջանքերին եւ ընտրել են առճակատման ու լարւածութեան սրման ուղին։

Նեբեզնիան անդրադարձել է նաեւ եւրոպական եռեակի՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի՝ Snapback-ի մեխանիզմն ակտիւացնելու մասին պնդումներին, այն համարելով անհիմն: Նա նշել է, որ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան ոչ միայն չեն կատարել 2231 բանաձեւի անբաժանելի մասը կազմող Համատեղ գործողութիւնների համապարփակ ծրագրում ներառւած վէճերի լուծման գործընթացի պահանջները, այլեւ բազմակի խախտումներով էապէս կորցրել են այս մեխանիզմը կիրառելու իրաւասութիւնը։

«Այսպիսով, վերականգնման մեխանիզմի գործընթացը սկսելու մասին ծանուցումը զուրկ է որեւէ իրաւական արժէքից եւ չի կարող համարւել վաւեր ծանուցում՝ համաձայն 2231 բանաձեւի 11-րդ կէտի»,- յստակեցրել է դեսպանը։ Նա նաեւ յիշեցրել է, որ Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի արտաքին գործերի նախարարները նոյնպէս պաշտօնապէս յայտարարել են այս դիրքորոշման մասին ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարին եւ Անվտանգութեան խորհրդին՝ օգոստոսի 28-ի համատեղ նամակում։

«2025 թւականի սեպտեմբերի 19-ին քւէարկութեան դրւած բանաձեւի նախագիծը ակնյայտօրէն չէր համապատասխանում 2231 բանաձեւում նշւած պահանջներին, եւ այն ոչ մի կերպ չի կարող համարւել անցեալի պատժամիջոցների վերականգնման հիմք: Հետեւաբար, կարելի է եզրակացնել, որ Snapback անունով յայտնի ողջ ենթադրեալ գործընթացը, ըստ էութեան, առոչինչ է, եւ հակառակը ենթադրելու որեւէ փորձ պարզապէս քաղաքական եւ միակողմանի փորձ է՝ օրինականացնելու արեւմտեան երեք երկրների կողմից ակնյայտ խախտումները»,- ընդգծել է Նեբեզնիան:

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչը խորը ափսոսանք է յայտնել քարտուղարութեան գործողութիւնների կապակցութեամբ՝ դրանք անւանելով ՄԱԿ-ի կանոնադրութեան 100-րդ յօդւածին եւ Կազմակերպութիւնից պահանջւող անաչառութեանը հակասող, եւ զգուշացրել է, որ նման գործընթացի շարունակութիւնը կարող է լրջօրէն խաթարել Անվտանգութեան խորհրդի հեղինակութիւնը։ Նա ընդգծել է, որ 1737 կոմիտէի եւ դրա հետ կապւած գործունէութեան վերականգնման համար իրաւական հիմք չկայ, եւ որեւէ գործողութիւն չպէտք է ձեռնարկւի, այդ թւում՝ փորձագէտների ներգրաւումը դրա կազմում կամ կոմիտէի նախագահի նշանակումը։

Վասիլի Նեբեզնիան կոչ է արել ՄԱԿ-ի քարտուղարութեանը անյապաղ յետ վերցնել իր վերջին նոտան, չեղարկել պատժամիջոցների ցանկի վերականգնումը, փակել 1737 կոմիտէի կայքը եւ զերծ մնալ հետագայ որեւէ գործողութիւնից, որը կը ծառայի մի քանի արեւմտեան երկրների շահերին։

Նա ընդգծել է, որ այս նամակը պէտք է հրապարակւի որպէս Անվտանգութեան խորհրդի պաշտօնական փաստաթուղթ։

Related Articles

Back to top button