ՄիջազգայինՔաղաքական

ՌԴ ԱԳՆ. «Ռուսաստանը սպասում է Պուտինի առաջարկների վերաբերեալ Թրամփի արձագանքին»

«ԱԼԻՔ» – Մոսկւան սպասում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արձագանքին՝ ռազմավարական յարձակողական զէնքի կրճատման մասին պայմանագրի (START) վերաբերեալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկներին։ Այս մասին ըստ ռուսական ՏԱՍՍ-ի՝ յայտնել է փոխարտգործնախարար Սերգէյ Ռեաբկովը։

«Եթէ խօսենք հանրային արձագանքի մասին, Սպիտակ տան խօսնակի շատ կարճ, բայց դրական մեկնաբանութիւնից զատ, որեւէ արձագանք չի եղել։ Փակ դռների հետեւում մեր շփումներում զգում ենք, որ ամերիկացիները ցանկանում են աւելի լաւ հասկանալ, թէ ինչ է նկատի ունենում ռուսական կողմը։ Բայց ընդհանուր առմամբ, ես չեմ սպասում, որ նրանք մանրամասն կարձագանքեն։ Քանի որ յայտարարութիւնն արել է նախագահը, կարծում եմ, մենք իրաւունք ունենք ակնկալել Վաշինգտոնի յատկապէս նախագահական արձագանքը»,- նշել է փոխարտգործնախարարը՝ պատասխանելով համապատասխան հարցին։

«Բայց ինձ համար ակնյայտ է, որ այդ նախաձեռնութիւնը որոշակի իմաստով նոր իրավիճակ է ստեղծում ամերիկացիների համար, որոնք տարւած են այսպէս կոչւած ռազմավարական մրցակիցների դէմ կռւելով։ Դա ներառում է ոչ միայն Ռուսաստանը, այլեւ Չինաստանը։ Մենք կը տեսնենք, թէ ինչ գործնական եզրակացութիւններ կանեն նրանք այդ նախաձեռնութիւնից»,- յաւելել է Ռիաբկովը։

Ռուսաստանի փոխարտգործնախարարը յատուկ ընդգծել է Ռուսաստանի նախագահի յայտարարութիւնը Ռուսաստանի Դաշնութեան եւ Ամերիկայի Միացեալ Նահանգների միջեւ ռազմավարական յարձակողական զէնքի հետագայ կրճատման եւ սահմանափակման միջոցառումների մասին պայմանագրի վերաբերեալ։ «Պատահական չէ, որ Պուտինի յայտարարութեան մէջ նշւում է, որ մենք յայտարարել ենք մեր որոշման մասին՝ մէկ տարով պահպանելու «ռազմավարական յարձակողական զէնքի հետագայ կրճատման եւ սահմանափակման միջոցառումների մասին» պայմանագրի կենտրոնական քանակական սահմանափակումները, որոնք կասեցրել ենք։ Սակայն պայմանով, որ Միացեալ Նահանգները չձեռնարկի քայլեր, որոնք կը խաթարեն առկայ ռազմավարական հաւասարակշռութիւնը։

Դա նշանակում է ոչ միայն նրանց ռազմավարական յարձակողական զէնքի աւելացում, այլեւ, օրինակ, «Ոսկէ գմբէթ Ամերիկայի համար» ծրագրի կամ որեւէ այլ բանի շրջանակում գլոբալ հրթիռային պաշտպանութեան համակարգի անկայունացնող տարրերի ստեղծում։ Այնպէս որ, նրանք պէտք է շատ լուրջ մտածեն»,- ընդգծել է փոխնախարարը։

Related Articles

Back to top button