Ուխտի Ս. Պատարագ Գեարդաբադ գիւղի հնադարեայ Ս. Գէորգ եկեղեցում

Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Հինգշաբթի սեպտեմբերի 25-ին Ս. Գէորգ Զօրավարի տօնի եւ Գեարդաբադ գիւղի եկեղեցու անւանակոչութեան առիթով, 25-րդ տարին լինելով, առաւօտեան ժամը 11:00-ին եպիսկոպոսական հանդիսաւոր Ս. Պատարագով նշւեց դարաւոր եկեղեցու անւանակոչութեան տօնը:
Գիւղի հաւատացեալները, ինչպէս նաեւ Ուրմիայից եւ Թաւրիզից ուխտաւորներ ժամանել էին Գեարդաբադ գիւղը, աղօթելու պատմական եկեղեցում:
Հանդիսաւոր Ս. Պատարագը մատոյց եւ իր պատգամը փոխանցեց, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը: Պատարագի սրբազան երգեցողութիւնը կատարւեց «Նարեկացի» երգչախմբի միջոցով:
Գեարդաբադ գիւղի եկեղեցու Հոգաբարձութեան եւ Խնամակալ մարմնի տիկնանց միջոցով, գլխաւորութեամբ տէր եւ տիկին Մարտիկ եւ Լալա Ֆարհադեանների եւ տիկին Նորվարդ Անտոնեանի, դիմաւորւեցին բոլոր ուխտաւորները, եւ մասնակից դարձան Ս. Պատարագի արարողութեանը: Ս. Պատարագին ներկայ գտնւեցին Թեմի Ազգային բարերար՝ տէր եւ տիկին Էդիկ եւ Սանդրա Մեջլումեանները, որոնք մատաղի մեծագումար նւիրատուները են մնում տարիներից ի վեր:
Սբ. Պատարագի ընթացքում իր պատգամը փոխանցելով, առաջնորդ Սրբազանը անդրադարձ կատարեց սուրբերի ունեցած մեծ դաստիարակութեանը, բոլոր քրիստոնեայ ժողովուրդներին, որոնք նրանց օրինակով հասնելու են սրբութեան. «Ս. Գէորգի եւ բազմաթիւ այլ սուրբերի ազգութիւնը չէ կարեւոր, այլ ինքնութիւնը եւ սրբակենցաղ վարքը: Այսօր շատ է թիւը այն մարդկանց, որոնք քննում են այլոց հպատակութիւնը, թէ ո՞ր երկրի քաղաքացի են նրանք: Սուրբերի կեանքից հեռու է նման քննարկում, որովհետեւ տւեալ երկիրը չէ՛ որ նրանց ինքնութիւնը որոշելու է, այլ նրանց բարեկրօն անհատականութիւնը, որը սրբութեամբ դրոշմում է նրանց ճակատը: Դիոկղետիանոս կայսեր անձը իր կատարած մեծագործութիւններով չի՛ յիշւում այնքան, ինչքան Ս. Գէորգը նահատակած լինելու չարութեամբ…: Ահա թէ ինչպէս, ոմանք իրենց չարութեամբ են վատ պատմութիւն կերտում, իսկ ուրիշներ իրենց սրբութեամբ են անմահանում», ասաց Սրբազանը: Իր պատգամի աւարտին, առաջնորդ Սրբազանը իր բարձր գնահատանքը յայտնեց եկեղեցու Հոգաբարձութեան եւ Խնամակալ մարմնին, որոնք մեծ զոհողութեամբ ի կատար ածել էին ուխտագնացութեան բոլոր աշխատանքները, յատկապէս մատաղի պատրաստութիւնը:
Սուրբ Պատարագից անմիջապէս յետոյ, եկեղեցու շրջափակում օրհնւեց մատաղը (Հալիմ), որը արդէն քառորդ դարի աւանդութեան համաձայն եփւում է եկեղեցու կանանց Խնամակալ մարմնի միջոցով:
Խնամակալ մարմինը օրհնեալ մատաղով հիւրասիրեց Սրբազան Հօրը եւ նրան ընկերակցող Թեմական խորհրդին, Պատգամաւորական ժողովի եւ երգչախմբի անդամներին, ինչպէս նաեւ բարերար հիւրերին: Ուխտաւոր ամբողջ ժողովուրդը եւս, շրջափակում սեղանների շուրջը նստած ճաշակեց օրւայ օրհնեալ մատաղից: