Հայաստան - ԱրցախՔաղաքական

Կոնսենսուս պլիւս մէկ. իշխանափոխութեան մոռացւած ռեսուրսը

ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՒԵՏԻՍԵԱՆ

 

Չնայած Նիկոլ Փաշինեանն արդէն սկսել է նախuնտրական քարոզարշաւը, սակայն դրա նպատակն իրականում ընտրութիւններում քաղաքացիների քւէները ստանալը չէ:

Իշխանութեան վարկանիշն անդառնալիօրէն ցածր է, եւ որեւէ քարոզարշաւ, եթէ անգամ դա կազմակերպեն պրոպագանդիզմի համաշխարհային գուրուները, ի զօրու չէ ընտրութիւններում ապահովել ՔՊ-ի յաղթանակը:

Փաշինեանը շատ լաւ հասկացել է դա, հասկացել է շատ վաղուց: Եւ նա իր նախընտրական հայեցակարգը կառուցել է ոչ թէ ներքին՝ էլեկտորալ, այլ արտաքին հովանաւորչութեան հաշւարկով: Դրա իմաստն այն է, որ Հայաստանում իշխանութիւնը ձեւաւորւելու է ոչ թէ ընտրութիւնների, այլ աշխարհաքաղաքական կոնսենսուսի արդիւնքում, կամ ֆորմալ քաղաքացիական պայմանագիրը չէ, որ որոշելու է Հայաստանի ղեկավարի անունը, այլ ստւերային գէոպոլիտիկ պայմանաւորւածութիւնը:

Հէնց դա է «Խաղաղութեան պայմանագրի» իրական իմաստը, որի նախաստորագրումից յետոյ իշխանութիւնն իրեն զգում է գրեթէ յաղթածի դերում:

Սա որքան զարհուրելի, նոյնքան էլ օրինաչափ իրականութիւն է, քանի որ հէնց այդպէս է ձեւաւորւում իշխանութիւնն արտաքին կառավարման յանձնւած պետութիւններում:

Առաջիկայ ընտրութիւններում Փաշինեանը գոնէ մինչ այս պահն ունի արտաքին դաշնակիցներ, որոնք բովանդակային իմաստով ոչ թէ դաշնակիցներ են, այլ նրա իշխանութեան վերարտադրութեան շահառուներ՝ սեփական շահերի բաւարարումը շարունակելու նպատակադրմամբ:

Այս պայմաններում նախընտրական քարոզչութիւնը, որ մակերեսային տպաւորութեամբ՝ ամէն օրւայ հետ բուռն ընթացք է ստանում, իրականում աւելի շատ արտաքին էֆեկտ ապահովելու, մարդկանց զբաղեցնելու նպատակ ունի, քանի որ եւ քանի դեռ ներհայաստանեան հարցերը որոշւում են արտաքին խաղացողների կողմից՝ շրջանցելով ընտրութիւնների հիմնական սուբիեկտին՝ հասարակութեանը, որն առայժմ սեփական սուբիեկտայնութիւնն իրացնում է լաւագոյն դէպքում օջախային աղմուկի նշաններ արտայայտող անտարբերութեամբ:

Պետութեան համար գոյաբանական սպառնալիք է, երբ երկրի իշխանութեան ձեւաւորման հարցում առնւազն որոշիչ դերակատարում են ստանում արտաքին դերակատարները: Բայց դա միեւնոյն ժամանակ հրաշալի հնարաւորութիւն է ընդդիմադիր ուժերի համար՝ բեկելու արդէն իսկ վերջնական թւացող որոշումները եւ երկրում ձեւաւորելու ներքնապէս հայկական, իրապէս ժողովրդին պատկանող իշխանութիւն՝ առնւազն էլեկտորալ առումով:

Դրա համար, սակայն, բոլոր ընդդիմադիր ուժերը՝ առանձին-առանձին եւ հաւաքականօրէն, պէտք է կարողանան գտնել իշխանութեան իրական սուբիեկտի՝ ժողովրդի հետ հաղորդակցութեան, ոչ թէ կենացային ու պաթոսային կոմունիկացիայի, այլ հէնց հաղորդակցութեան, երկխօսութեան ճանապարհները՝ հասարակութեանը մասնակից դարձնելով առաջիկայ ընտրական գործընթացին, որից բոլոր որոշումներ կայացնողները՝ փաշինեանական իշխանութեան գլխաւորութեամբ, դուրս են դրել քաղաքացիներին:

Սա ամենեւին չի նշանակում, թէ ընդդիմադիր ուժերը պէտք է գրողի ծոցն ուղարկեն աշխարհին, միջազգային հանրութեանը: Ոչ, արտաքին յարաբերութիւններն ու հաղորդակցութիւնն անխուսափելիօրէն անհրաժեշտ եւ կարեւոր են, այդ թւում՝ ներքաղաքական գործընթացների մոդելաւորման տեսանկիւնից: Բայց մի բան է՝ քաղաքացիների հետ արդիւնաւէտ հաղորդակցութեամբ ու քաղաքացիների ընտրական սուբիեկտայնութիւնը թիկունքում աշխարհի հետ յարաբերութիւնը, բոլորվին այլ պարագայ է՝ տարբեր կենտրոններից «դաբրոների» ապաւինելով՝ իշխանութեան ձգտումը, որն արդէն իսկ լաւագոյնս  անում է Նիկոլ Փաշինեանը:

Իրադարձութիւնների ընթացքն առնւազն մինչեւ այս պահը ցոյց է տալիս, որ Հայաստանում իբրեւ թէ իշխանութեան յայտ ներկայացնող ուժերի զգալի մասը գնում է եւ շարունակելու է գնալ փաշինեանական ճանապարհով՝ ի սկզբանէ դատապարտւած լինելով ձախողման: Որովհետեւ եթէ Նիկոլ Փաշինեանը, իշխանութիւն ունենալու բերումով, կարողանում է իր վերարտադրութեան հարցում ապահովել բազմակողմ աշխարհաքաղաքական կոնսենսուս, նրա դէմ պայքարողները լաւագոյն դէպքում ապաւինում են կողմերից մէկի հեռաւոր հաւանութեանը, այն դէպքում, երբ հաւանութիւնը Երեւան ուղարկելուց շատ առաջ ուղարկողն արդէն իսկ այն տւել է փաշինեանական նախագծի շարունակութեանը՝ ոչ թէ Նիկոլ Փաշինեանի, այլ բազմակողմ կոնսենսուսի մասնակիցների հետ առեւտրում:

Հայաստանն արտաքին կառավարման յանձնելու մասին ահազանգեր հնչեցնող ընդդիմադիրների մեծ մասը գործնականում անում է ամէն ինչ՝ այդ արտաքին կառավարումը կատարեալ դարձնելու համար: Իսկ կատարելութիւնը հաստատւում է այն ժամանակ, երբ արտաքին կառավարիչներին յաջողւում է վերահսկողութիւն հաստատել ոչ միայն նոմինալ իշխանութեան, այլ ընդդիմութեան նկատմամբ:

Առաջիկայ ընտրութիւնները՝ հերթական կամ արտահերթ, այդ՝ արդէն իսկ անդառնալիութեան հասնող ընթացքը կասեցնելու եզակի, տեսականին ձգող հնարաւորութիւն են, որը կարող է իրացնել հասարակութիւնը:

Բայց միայն այն դէպքում, երբ նրա սուբիեկտայնութեանն ապաւինողներն այն չեն փորձի վաճառել գնորդներին, որոնք արդէն իսկ այն գնել են Նիկոլ Փաշինեանի քաղաքական վաճառասեղանից:

168.am

Related Articles

Back to top button