Թուրքախօս երկրները հաւաքւել են Գաբալայում. քննարկումների կենտրոնում՝ «Թրամփի ուղին»
«Թրամփի ուղու» պայմանաւորւածութեամբ նոր էջ է բացւում թուրքալեզու երկրների համագործակցութեան հարցում

«ԱԼԻՔ» – Հոկտեմբերի 6-ին ադրբեջանական Գաբալայում մեկնարկել է թուրքալեզու երկրների երկօրեայ գագաթնաժողովը, որին մասնակցում են Կազմակերպութեան անդամ երկրների նախագահները: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, Ղազախստանի ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը եւ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ներկայ են Թուրքական պետութիւնների կազմակերպութեան 12-րդ գագաթնաժողովին: Գագաթնաժողովը հիւրընկալող երկիրը՝ Ադրբեջանը, որպէս գագաթնաժողովի գլխաւոր թեմա է առաջարկել «Տարածաշրջանային խաղաղութիւնն ու անվտանգութիւնը»։
Այս գագաթնաժողովից որոշ ժամանակ առաջ Թուրքական պետութիւնների կազմակերպութեան գլխաւոր քարտուղար Կուբանիչբէկ Օմուրալիեւը յայտարարել էր.
««Թրամփի երթուղու» իրականացումը լրացուցիչ խթան կը հաղորդի «Միջին միջանցքի» նախաձեռնութեան յաջողութեանը։ «Թրամփի ուղի՝ յանուն միջազգային խաղաղութեան եւ բարգաւաճման» (TRIPP) հեռանկարը նախատեսում է Զանգեզուրում 43 կմ երկարութեամբ ճանապարհի բացում, որը կը միացնի Ադրբեջանը Նախիջեւանի հետ եւ կը կառավարւի ԱՄՆ-ի կողմից։ Այդ ճանապարհը կը դառնայ Կենտրոնական Ասիայից Ադրբեջան եւ այնուհետեւ Թուրքիայի տարածքով դէպի համաշխարհային շուկաներ խոշոր առեւտրային երթուղու մի մասը։
Մենք այդ միջանցքն անւանում ենք «Միջին միջանցք»։ Այն գտնւում է Արեւելք-Արեւմուտք առանցքի վրայ՝ Հիւսիս եւ Հարաւ տրանսպորտային միջանցքների միջեւ, եւ ունի զգալի ռազմավարական առաւելութիւններ՝ համեմատած երկու այլընտրանքային երթուղիների հետ: Այս առաւելութիւնների թւում են աւելի կարճ հեռաւորութիւնը, կլիմայի առաւելութիւնները, ինչպէս նաեւ աւելի կայուն քաղաքական միջավայրը: Տարածաշրջանում համապարփակ խաղաղութեան եւ կայունութեան հաստատումը, ինչպէս նաեւ «Թրամփի ուղու» իրականացումը լրացուցիչ խթան կը հանդիսանան Միջին միջանցքի նախաձեռնութեան յաջողութեան համար»,- ասել էր գլխաւոր քարտուղարը։
Կուբանիչբէկ Օմուրալիեւը ուշադրութիւնը կենտրոնացրել էր Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղութեան գործընթացում ԱՄՆ-ի յատուկ դերի վրայ:
«Մենք ողջունում ենք 2025 թւականի օգոստոսին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի միջնորդութեամբ ստորագրւած համատեղ յայտարարութիւնը, ինչպէս նաեւ խաղաղութեան եւ միջպետական յարաբերութիւնների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրումը։ Այս կարեւոր քայլը ցոյց է տալիս կողմերի վճռականութիւնը՝ յետեւում թողնել կոնֆլիկտային ժառանգութիւնը եւ ապագան կառուցել համագործակցութեան եւ փոխադարձ յարգանքի հիման վրայ»,- նշել էր նա՝ շարունակելով, որ այդ զարգացումը համարում են պատմական շրջադարձային պահ ոչ միայն Ադրբեջանի եւ Հայաստանի, այլ ողջ Հարաւային Կովկասի համար եւ նրա սահմաններից դուրս:
Ալիեւն Ադրբեջանում արդէն ընդունել է կազմակերպութեան գլխաւոր քարտուղար Օմուրալիեւին ու հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարւել վաշինգտոնեան պայմանաւորւածութիւններին, դրանից յետոյ ստեղծւած իրավիճակին: Օմուրալիեւն Ալիեւին շնորհաւորել է պայմանաւորւածութիւնների ու խաղաղութեան կապակցութեամբ:
168.am-ի հետ զրոյցում ռուս քաղաքական վերլուծաբան Վիկտոր Նադէին-Ռաեւսկին ասել է, որ Վաշինգտոնում ձեռք բերւած «Թրամփի ուղու» պայմանաւորւածութեամբ նոր էջ է բացւում թուրքալեզու երկրների համագործակցութեան հարցում:
Ըստ նրա՝ Հայաստան-Ադրբեջան պայմանաւորւածութիւնների իրագործման դէպքում թուրքալեզու առանցքային երկրները ստանում են այն կապը, որին երկար ժամանակ ձգտել են: Դրանով ստանում են հնարաւորութիւն խորացնելու համագործակցութիւնը՝ օգտւելով շատ աւելի գլոբալ ենթակառուցւածքային ծրագրերից: Վերլուծաբանի որակմամբ, հէնց այդ պատճառով է կազմակերպութիւնում ներկայումս Ադրբեջանը դառնում բաւականին էական խաղացող, քանի որ այս պայմանաւորւածութիւններից շատ բան է կախւած թուրքախօս, այսպէս կոչւած, աշխարհի զարգացման հարցում:
«Պատահական չէ նաեւ, որ գագաթնաժողովի հիմնական թեման հէնց նշւած է տարածաշրջանային խաղաղութիւնն ու անվտանգութիւնը, որով արձանագրւած է այս կազմակերպութեան զարգացման համար անհրաժեշտ երկու կարեւոր բաղադրիչ՝ տարածաշրջանային համագործակցութիւն ու անվտանգութիւն: ԹՊԿ-ն վստահաբար խորացնելու է քաղաքական, տնտեսական համագործակցութիւնը, ամրապնդելով նաեւ համագործակցութիւնն անվտանգութեան ոլորտում: Հէնց այս ոլորտում համագործակցութեան տարբեր ձեւաչափեր էին քննարկւում, ներկայումս եւս կը շարունակւեն քննարկումները, դեռ առարկայական որոշումներ կարծես թէ չկան միացեալ ռազմական միաւորում ձեւաւորելու համար»,- ասել է նա:
Վերլուծաբանը գտնում է, որ Ադրբեջանի, Թուրքիայի համար այս ուղղութիւնը մշտապէս է կարեւոր եղել, սակայն ներկայումս Ադրբեջան-Ռուսաստան յարաբերութիւններում ստեղծւած լարւած յարաբերութիւնների շրջանակում Ադրբեջանն էլ աւելի ակտիւ քաղաքականութիւն է փորձում վարել՝ ինչպէս ռեգիոնում, այնպէս էլ՝ դրանից դուրս իր գործընկերների հետ:
«Ուստի, չի բացառւում, որ այս գագաթնաժողովի թեման լինի Միջին միջանցքը, վաշինգտոնեան պայմանաւորւածութիւնների լոյսի ներքոյ այս երկրների համագործակցութեան համար բացւած հնարաւորութիւններն ու դրանք առարկայացնելու հետագայ տարբերակները:
Բայց բացի զուտ ռեգիոնալ օրակարգից, նման կառոյցներն այսօր ունեն նաեւ գլոբալ նշանակութիւն եւ տեղաւորւում են բազմաբեւեռ աշխարհի ձեւաւորման գործընթացի մէջ: Պատերազմների ու անկայունութեան ժամանակահատւածում, երբ գլոբալ տարատեսակ զսպման մեխանիզմները չեն գործում, երկրները փորձում են որոշակի շահերի համախմբման դէպքում ձեւաւորել մի առանձին մեխանիզմ: Նման կազմակերպութիւն է ԹՊԿ-ն, որը կապել է թուրքախօս երկրներին որոշակի շահերի ու համագործակցութեան ապագայ տեսլականի շուրջ: Սա կարող է բազմաբեւեռ, ֆրագմենտացւած աշխարհի որոշակի տարր դառնալ, ուստի տարիներ առաջ ձեւաւորւած այս կազմակերպութիւնը, եթէ նոյնիսկ այն ժամանակ այդքան էլ չէր կարեւորւում անդամ երկրների կողմից, ապա այսօր այդ կազմակերպութեանն ուղղւած նրանց «հայեացքը», կարծիքն այլ է, քանի որ ռեգիոնալ փոփոխւող իրավիճակում նրանք ռեգիոնալ համագործակցութեան հարցում ապագայ են տեսնում: Ռուսաստան-Արեւմուտք զարգացող լարւածութեան պայմաններում, պատերազմի հռետորաբանութեան սրման իրավիճակում երկրները կայունութիւն են փնտրում նաեւ նման կազմակերպութիւններում»,- նման տեսակէտ է յայտնել վերլուծաբանը:
Ինչ վերաբերում է այս ամենում ՀՀ դիրքին ու դերակատարութեանը, ապա, վերլուծաբանի խօսքով՝ Հայաստան-Ադրբեջան պայմանաւորւածութիւններն անուղղակիօրէն նպաստում են այս կազմակերպութեան բարգաւաճմանը, քանի որ Ադրբեջանն ու Թուրքիան մշտապէս մեծ սեպ են համարել հանգամանքը, որ չունեն հաղորդակցութիւն իրենց միջեւ հնարաւոր ամենակարճ ճանապարհով:
«Ուստի այդ պայմանաւորւածութիւններից յետոյ այս կազմակերպութեան առանցքային օրակարգը պտտւում է «Թրամփի ուղու» շուրջ, որն ադրբեջանական կողմը յամառօրէն շարունակում է միջանցք անւանել: Կարծում եմ՝ պէտք է սպասել, որ գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագրում կը լինի անդրադարձ նշածս թեմաներին»,- ասել է նա:
Զրոյցը՝ ԱՐԱՔՍ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆԻ