
«ԱԼԻՔ» – ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ էսմայիլ Բաղային երէկ՝ հոկտեմբերի 6-ին, իր շաբաթական մամուլի ասուլիսում յայտարարել է, որ միջուկային հարցի նկատմամբ եւրոպական երեք երկրների մօտեցումը փոխել է ապագայ բանակցութիւնների ընթացքը՝ յաւելելով, որ Իրանն այս փուլում ԱՄՆ-ի հետ բանակցութիւններ վարելու ծրագրեր չունի: Հաղորդում է ԻՌՆԱ-ն։
Բաղային քննադատել է եւրաեռեակի՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի վերջին պահւածքը՝ նրանց դիրքորոշումն անւանելով «անպատասխանատու եւ ապակառուցողական»։
Նա ասել է, որ այդ երկրները չարաշահել են Համատեղ համապարփակ գործողութիւնների ծրագրի (ՀԳՀԾ) վէճերի լուծման մեխանիզմը՝ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդին ԱՄՆ պահանջները պարտադրելու համար, մինչդեռ բանակցութիւններին Իրանի մասնակցութեան համար նրանց նախապայմանները բացարձակապէս անհիմն են եղել։
ԱԳՆ խօսնակի խօսքով՝ Իրանը կառուցողական երկխօսութեան է մտել Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան հետ՝ համաձայն իր երաշխիքների պարտաւորութիւնների եւ հասել է համագործակցութեան նոր շրջանակի, որը բաւարարել է Գործակալութեանը։ Եւրոպան սկզբում ողջունել է դա, սակայն երեք երկրները հետագայում հրաժարւել են իրենց աջակցութիւնից։
Նա նշել է, որ եւրաեռեակի կողմից ձեռնարկւած գործողութիւնները «թելադրւած էին աւելի շուտ ԱՄՆ-ի պահանջները կատարելու յամառութեամբ, քան իրատեսական հաշւարկով կամ իրաւական ասպեկտների քննարկմամբ եւ նրանք անտեսել են այդ երկրների շահերը, գերակայութիւնները եւ հեղինակութիւնը՝ որպէս ՀԳՀԾ կողմեր։ Իրանի դիրքորոշումն այս հարցում աջակցում են նաեւ Չինաստանը եւ Ռուսաստանը, շարունակել է նա՝ յաւելելով, որ Ռուսաստանը, որպէս Անվտանգութեան խորհրդի մշտական անդամ, արագ մատնանշել է այդ գործողութիւնների անօրինականութիւնը։
Բաղային նաեւ արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքին, ըստ որի՝ եթէ Իրանը վերսկսի իր միջուկային գործունէութիւնը, ԱՄՆ-ն պատրաստ է կրկին ռմբակոծել Իրանի միջուկային կենտրոնները:
Նա ԱՄՆ-ն որակել է որպէս «օրէնքը խախտող երկիր» եւ նշել է. «Կրիմինալ եւ ոչ օրինական գործողութիւն կատարելու մասին խոստովանութիւնը ոչ մի հեղինակութիւն չի հաղորդում ԱՄՆ-ին: Միջազգային հանրութիւնը եւ Իրանի ժողովուրդը կը տեսնեն, որ ԱՄՆ-ն օրրինազանց երկիր է»:
Բաղային յաւելաել է, որ իր վերջին մամուլի ասուլիսում եւս կրկին անդրադարձել է ԱՄՆ եւ Իսրայէլի կողմից Իրանի վրայ կատարւած յարձակումներին՝ նշելով. «Մենք միշտ ասել ենք, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան զեկոյցը եւ դրա չարաշահումը եւրոպական երկրների ու ԱՄՆ-ի կողմից հակաիրանական բանաձեւ ընդունելու համար, նպաստել է, որպէսզի Իսրայէլի եւ ԱՄՆ-ի ռեժիմները կարողանան դա շահարկել»: