ԻրանՔաղաքական

Գեներալ Հաթամի. «12-օրեայ պատերազմի փորձը պէտք է օգտագործենք 12 տարւայ չափով»

«ԱԼԻՔ» – «Թշնամին փորձում է ընկալում ստեղծել այն մասին, թէ բոլոր խնդիրները, դաժան պատժամիջոցները եւ անգամ 8-ամեայ պարտադւած պատերազմը ծագում են Իսլամական Հանրապետութեան գոյութիւնից, սակայն հէնց այս 12-օրեայ պարտադրւած պատերազմը բաւարար է այդ պնդման որպէս կեղծ լինելն ապացուցելու համար»: Ինչպէս հաղորդում է «Թասնիմ»-ը՝ այս մասին Զինւած ուժերի Հրամանատարութեան եւ շտաբի համալսարանի «Պաշտպանական կառավարման» 86-րդ շրջանի բացման հանդիսաւոր արարողութեան ժամանակ յայատարարել է Բանակի գլխաւոր հրամանատար, գեներալ Ամիր Հաթամին։

Արարողութեան ընթացքում գեներալ Հաթամին դիմելով համալսարանի ուսանողներին նշել է․ «Դուք՝ հրամանատարական եւ շտաբային ուսանողներդ, այս համալսարանում սովորելով եւ ռազմավարական՝ «ռազմական եւ պաշտպանական» թեմաներ ուսումնասիրելով, գտնւում էք զինւորականների գիտական ​​եւ ռազմական էլիտան համալրելու ճանապարհին, իսկ երկրի եւ Իսլամական յեղափոխութեան պաշտպանութեան գործում, որպէս զինւորականի ամենակարեւոր եւ սրբազան պարտականութիւն, ձեր պատասխանատւութիւնը շատ աւելի ծանր կը լինի, քան անցեալում»։

«Մեր երկրի՝ տարածաշրջանում եւ աշխարհում ռազմավարական դիրքի պատճառով Իրանի տարածքային ամբողջականութեան, անկախութեան եւ Իսլամական Հանրապետութեան համակարգի պահպանումն աւելի դժւար է միւս երկրների համեմատութեամբ»,- նշել է նա՝ յաւելելով. «Իրանական ազգը հպարտ եւ պատւաւոր ազգ է, եւ իրանական հողը նոյնպէս լի է հսկայական ներուժով, ինչը բանակում այս ազգի զինւորների պատասխանատւութիւնն աւելի ծանր է դարձնում»։

12-օրեայ պատերազմն անւանելով Իրանի թշնամիների ստերի ապացոյցը՝ ԶՈՒ գլխաւոր հրամանատարն ասել է. «Թշնամին փորձում է ընկալում ստեղծել այն մասին, թէ բոլոր խնդիրները, դաժան պատժամիջոցները եւ անգամ 8-ամեայ պարտադւած պատերազմը ծագում են Իսլամական Հանրապետութեան գոյութիւնից, սակայն հէնց այս 12-օրեայ պարտադրւած պատերազմը բաւարար է այդ պնդման որպէս կեղծ լինելն ապացուցելու համար: 12-օրեայ պատերազմում մենք յարձակման ենթարկւեցինք, երբ բանակցութիւններ էինք վարում: 8-ամեայ պարտադրւած պատերազմում ամբողջատիրական համակարգը, Իսլամական համակարգին վնաս հասցնելու նպատակով, մեր երկիրը դարձրեց ներխուժման եւ ճնշման թիրախ՝ համապարփակ աջակցութիւն ցուցաբերելով Սադդամի անբարոյ ռեժիմին»:

Նշելով, որ պատմութեան ընթացքում մեր երկիրն ու ժողովուդը ենթարկւել են անթիւ, անհամար վայրագութիւնների, գեներալ Հաթամին յիշեցրել է Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմի օրինակները, երբ Իրանը չէզոքութիւն յայտարարելով հանդերձ ենթարկւել է պատերազմի մասնակից գերտէրութիւնների ագրեսիային: Նա այդ փաստը պայմանաւորել է Իրանի աշխարհաքաղաքական բացառիկ դիրքով՝ ընդգծելով, որ այս իրադարձութիւնները մեզ ստիպում են անհրաժեշտ հետեւութիւններ անել:

Այս համատեքստում, գեներալ Հաթամին յատուկ կարեւորել է Բանակի կողմից 12-օրեայ պատերազմի փորձից օգտւելու անհրաժեշտութիւնը՝ ընդգծելով. «Միակողմանի գործողութիւնների դարաշրջանն աւարտւել է, համատեղ գործողութիւնների դարաշրջանն էլ է անցնում, եւ մենք թեւակոխում ենք համակցւած պատերազմի եւ ընկալողական ոլորտի վրայ կենտրոնանալու դարաշրջան: Այս պատերազմի նախապատրաստման եղանակը տարբերւում է նախորդ պատերազմներից: Մենք մասնակցեցինք մեզ պարտադրւած պատերազմին, որը տեւեց ընդամէնը 12 օր, բայց մենք պէտք է օգտւենք դրա փորձից՝ 12 տարւայ չափով»:

Related Articles

Back to top button