Ապագան այսպէս է գալիս
Մի գեղեցիկ օր Հայաստանում հայերը կը դառնան փոքրամասնութիւն

ՅԱԿՈԲ ՔՈՉԱՐԵԱՆ
Վերջին տարիներին Հայաստանի բնակչութեան բնական աճն ահագնացող տեմպերով կրճատւում է։ Մի կողմից՝ ծնելիութիւնն է նւազում, մԻւս կողմից՝ մահացութիւնն է աւելանում։ Սա լուրջ վտանգ է երկրի ապագայի համար, բայց դրան ուշադրութիւն դարձնող չկայ։ Իշխանութիւնները, ճառեր ասելուց բացի, ոչինչ չեն կարողանում անել երկրի գենոֆոնդի գահավիժումը կանխելու համար։ Երկիրը կորցնում է իր զարգացման ներուժը։
Ծնելիութեան ցուցանիշն այս տարի Հայաստանում հասել է վերջին 7 տարիների ամենացածր մակարդակին։ 7 ամսում ծնւել է ընդամէնը 17.568 երեխայ։
Ի դէպ, սրա մէջ ներառւած են նաեւ Արցախից տեղափոխւածները։ Յիշեցնենք, որ տարեկան Արցախում շուրջ 2 հազար երեխայ էր ծնւում։ Ու հիմա այդ ծնունդները եւս ներառւած են այս ցուցանիշների մէջ։ Բայց անգամ դրանով հանդերձ, ծնունդները Հայաստանում էապէս կրճատւել են։
Չի եղել տարի, որ ծնելիութեան մակարդակն աւելի ցածր լինի, քան այժմ։
Այս տարի գրեթէ 1000-ով աւելի քիչ երեխայ է ծնւել Հայաստանում, քան նախորդ տարի, 2589-ով աւելի քիչ, քան 2023 թ., 1924-ով աւելի քիչ, քան 2022 թ., 2558-ով աւելի քիչ, քան 2021թ., 1867-ով աւելի քիչ, քան 2020 թ., 1804-ով աւելի քիչ, քան 2019 թ.։
Ծնելիութեան նւազումն իր հիմնաւոր պատճառներն ունի՝ անվտանգութիւնը, տնտեսական ու քաղաքական անորոշութիւնները, երիտասարդների համար աշխատելու նպաստաւոր պայմանների բացակայութիւնը, բնակարանային անլուծելի խնդիրները, անբաւարար սոցիալական աջակցութիւնը։ Այս ամէնը ստիպում են մարդկանց յետաձգել, երբեմն էլ՝ պարզապէս հրաժարւել երեխաներ ունենալու մտքից։
Ղարաբաղեան պատերազմում զոհւած հազարաւոր երիտասարդները, որոնք այսօր պէտք է ապահովէին գէնոֆոնդի վերարտադրութիւնը, այլեւս չկան։ Եւ սա ոչ միայն պատմական ողբերգութիւն է, այլեւ ժողովրդագրական աղէտ, որի հետեւանքները գնալով տեսանելի են դառնում։
Ծնելիութիւնը, որը տարիների ընթացքում եղել է երկրի բնական յաւելաճի առանցքը, նւազում է։ Այս տարւայ 7 ամիսներին բնակչութեան բնական յաւելաճը կազմել է ընդամէնը 2500, անցած տարի գերազանցում էր 3500-ը։
Յաւելաճը կրճատւել է յատկապէս ծնելիութեան նւազման պատճառով։
Իշխանութիւնները խօսում են ծնելիութեան խթանման մասին, սակայն իրականում վարում են մի քաղաքականութիւն, որը նպաստում է ոչ թէ սեփական բնակչութեան վերարտադրութեանը, այլ օտարերկրացիների ներգրաւմանը։ Այլազգիների միջոցով են մտադիր լուծել բնակչութեան վերարտադրութեան խնդիրը։ Սոցապ նախարարը, ով ի պաշտօնէ կոչւած է սոցիալական ծրագրերով խթանելու բնակչութեան վերարտադրութիւնը, տարիներ առաջ Ազգային ժողովում յայտարարում էր, թէ պէտք է ներգաղթ կազմակերպել, այն էլ՝ ոչ թէ հայերի, այլ այլազգիների։
«Մենք պէտք է կազմակերպենք ներգաղթ․ այո՛, մեր վերաբերմունքը պէտք է փոխւի. մենք որպէս ազգ՝ սիրում ենք այլազգի տուրիստներին, բայց մշտական բնակւողներին՝ ոչ այնքան։ Էդ մարդկանց պիտի դարձնենք մերը, երեխաները գան մեր դպրոց, ապրեն մեր հետ, յետոյ՝ քաղաքացիութիւն ստանան»,- ասում էր Արսէն Թորոսեանը։
Մէկ այլ առիթով էլ ասում էր՝ իմ խորին համոզմամբ, կարող ենք մեր ժողովրդագրութիւնը բարելաւել միայն ներգաղթով, ուրիշ տարբերակ չկայ: Մեզ պէտք են շատ մարդիկ, որ գան Հայաստանում ապրեն, ակնյայտ է նաեւ, որ այդ շատ մարդիկ հայերը չեն լինելու: Եւ սա ասում էր մէկը, ում այսօր վստահւած է Հայաստանի ժողովրդագրական վիճակի բարելաւումը։
Ժամանակին մեծ հայրենադարձութիւն էին խոստանում, հայերին Հայաստան էին բերում, «մեծ հայրենադարձութիւնը» տապալեցին, հիմա էլ յոյսներն օտարերկրացիներն են, որոնց ուզում են բնակեցնել Հայաստանում։
Հաւանաբար դէմ չեն նաեւ Հայաստանն ադրբեջանցիներով ու թուրքերով բնակեցնելուն։ Չնայած այն, ինչ անում են հիմա, արսէնթորոսեանների կարծիքը չեն էլ հարցնելու. ադրբեջանցիներն ու թուրքերը լցւելու են Հայաստան։ Այն ժամանակ գուցէ բնակչութեան վերարտադրութեան ցուցանիշներն աճեն, բայց ոչ հայերի հաշւին, ու մի գեղեցիկ օր այնպէս ստացւի, որ հայերը Հայաստանում փոքրամասնութիւն դառնան։
Սա այն է, ինչին տանում է այսօրւայ իշխանութիւնների քաղաքականութիւնը։ Յատկապէս որ, նրանք կարծես այնքան էլ դէմ չեն դրան։
Ժամանակին սփիւռքի յանձնակատարն էլ յայտարարում էր, թէ ոչ մի վատ բան չկայ նրանում, որ Հայաստանում այլազգիներ բնակեցւեն։ Հայաստանը կարող է արաբների, ասորիների եւ այլ ազգերի հայրենիքը դառնալ։
Հայաստանը լցնում են այլազգիներով, իսկ հայերը երկրից գնում են։ Վերջին տարիներին Հայաստանը լքել է 150-160.000 քաղաքացի։
Արցախը դատարկելուց յետոյ, այնպէս են անում, որ արցախցիներն էլ հեռանան Հայաստանից։ Երկու տարում Արցախի գրեթէ երկու տասնեակ հազար քաղաքացիներ տեղափոխւել են այլ երկրներ։ Արտագաղթել են Հայաստանից, որովհետեւ քիչ է՝ ապրելու տարրական պայմաններ չեն ստեղծում, հոգեբանօրէն ճնշում են, վիրաւորում։ Դեռ մարդիկ ուշքի չեկած տեղահանումից ու հայրենազրկումից՝ կտրեցին սոցիալական ծրագրերը։
Իբր բնակարանային ապահովութեան ծրագիր են իրականացնում՝ ամէն ինչ անում են, որ մարդիկ հրաժարւեն օգտւել դրանից։ Տեւական ժամանակ է, ծրագիրը գործում է, բայց հազիւ մի քանի հարիւր մարդ է կարողացել բնակարան ձեռք բերել։ Դրա համար էլ շատերը հեռանում են, այնինչ կարող էին այնպէս անել, որ այս մարդիկ մնային Հայաստանում ու ինչ-որ կերպ նպաստէին բնակչութեան վերարտադրութեան աւելացմանը։
Փաստացի Հայաստանը գտնւում է մի իրավիճակում, որ մի կողմից՝ ծնելիութիւնն է նւազում, միւս կողմից՝ արտագաղթի տեմպերը չեն դադարում։
Այս տարւայ 7 ամիսներին էլ Հայաստանի բազմաթիւ քաղաքացիներ հեռացել են երկրից։
Սահմանային մուտքերի ու ելքերի տարբերութիւնն անցնում է 24 հազարից։
Այդքանով աւելի շատ քաղաքացիներ են գնացել, քան վերադարձել։ Որքան էլ իշխանութիւնները սա փորձեն կապել արտագնայ աշխատանքի մեկնելու հետ, փաստ է, որ գնացողների զգալի մասն այլեւս չի վերադառնում, ուղղակի արտագաղթում է։
168.am