…Ու ես սկսեցի հայհոյել

ԱՂՒԱՆ ՎԱՐԴԱՆԵԱՆ
Հոկտեմբերի 3-ին, դատարանում Աջապահեան Սրբազանին երկու տարով ազատազրկելու վճիռը լսելուց յետոյ, իջայ ԱԱԾ տեսակցութեան։ Արքեպիսկոպոսը եկաւ. ձիգ, խաղաղ, քմծիծաղով։ Մօտ երկու ժամ խօսեցինք ամէն ինչից, բարձր֊բարձր ծիծաղեցինք պիղծ ոչնչութիւնների վրայ, ուրախ պատմութիւններ պատմեց-պատմեցի։
Բայց զայրացած էր՝ անամօթ, խայտառակ անարդարութիւն, դատաւոր կնոջ կամակատար վարք, թելադրողի ստորութիւն։
Հոգեւորական է. հայհոյել չէր կարող։
-Հօրաքոյրս՝ Մարին,- ասաց՝ մեր գերդաստանից վերջինն էր ներգաղթել Բէյրութից, 1947-ին։ Միւս բոլորը Լենինական էին տեղաւորւել, հօրաքոյրս՝ Թորոս ամուսնու հետ՝ Երեւան, Կիլիկիա թաղամաս։
Թորոսը համեստ, խելօք, լուռ մարդ էր՝ Մարին էր տունը կառավարում։
Երկու-երեք տարի յետոյ, մի երկուշաբթի Մարին ասում է՝ գնում եմ Լենինական հարազատներիս տեսնեմ, ուրբաթ կը գամ։
Աւտոկայանը՝ Կիլիկիային մօտիկ, ուրբաթ Թորոսը իջնում է աւտոկայան կնոջը դիմաւորելու։ Ամբողջ օրը սպասում է, Մարի չկայ։ Շաբաթ է գնում՝ նոյնը։ Կիրակի՝ նոյնը։ Հեռախօս-բան չկայ։
Դառնում է տուն, բայց դէ ներւային, ջղայնացած։ Ճամփին հանդիպում է մէկ ուրիշ հայրենադարձի, ով խայտառակ քֆուրչու համբաւ ունէր։ Ի՞նչ կայ, Թորոս եղբայր, ջղայն ես, հո բան չի՞ եղել։
Թորոսս՝ բա չես ասի՝ Մարին երկուշաբթի գնաց, ասաց՝ ուրբաթ կը գամ, երեք օր իջնում-բարձրանում եմ, չկայ։ Հա, ջղայն եմ, բայց հայհոյել չգիտեմ, ի՞նչ կը լինի, իմ տեղը դու… Ու էս հարեւանը բերանը բացում, եօթ յարկանի քֆուրներ Մարիի, Մարիի հարազատների հասցէին։ Թորոսը հանգստացած տուն է գնում։
Հասկացայ, սրբազան՝ ասացի, դու չես կարող հայհոյել, ինձ վրայ մնաց։ Ու ես սկսեցի հայհոյել՝ հաճոյքով, սիրով։
Սրբազանս, կարծեմ, գոհ խուց վերադարձաւ։