Պենտագոնը կը յայտարարի նոր սերնդի կործանիչների արտադրութեան մասին

«ԱԼԻՔ» – Պենտագոնն այս շաբաթւայ վերջում, ըստ ամենայնի, կապալառու կընտրի՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի համար նոր սերնդի աւիակիրների վրայ հիմնւած կործանիչներ նախագծելու եւ կառուցելու համար: Հաղորդում է Reuters գործակալութիւնը՝ վկայակոչելով աղբիւրներին։
Գործակալութեան տւեալներով՝ Պաշտպանութեան նախարարութիւնն ընտրութիւն է կատարում Boeing եւ Northrop Grumman ինքնաթիռաշինարարական կորպորացիաների միջեւ։ Նոր կործանիչը կը կոչւի F/A XX եւ կը փոխարինի F/A-18E/F Super Hornet-ին, որը ծառայութեան մէջ է 1990-ականներից։ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն անցեալ շաբաթ հաստատել է նոր կործանիչների համար կապալառու ընտրելու որոշումը։ ԱՄՆ ռազմածովային ուժերը, ինչպէս սպասւում է, կը յայտարարեն ընկերութեան անունն արդէն այս շաբաթւայ վերջում, սակայն անանուն պաշտօնեան նշել է, որ գործընթացը կարող է յետաձգւել։
Աւելի վաղ Պենտագոնը 74 միլիոն դոլար էր խնդրել ինքնաթիռի զարգացման ֆինանսաւորման համար, որը կապահովի ծրագրի «նւազագոյն ֆինանսաւորումը»։ Մի քանի բարձրաստիճան պաշտօնեաներ ցանկանում էին գործընթացը յետաձգել երեք տարով՝ մատակարարման շղթային առնչւող մտահոգութիւնների պատճառով։ Մինչդեռ Կոնգրեսը 750 միլիարդ դոլար է յատկացրել մշակումն արագացնելու համար եւ 2026 թւականի ֆինանսական տարում լրացուցիչ 1,4 միլիարդ դոլար կը տրամադրի։
F/A XX ինքնաթիռների քանակը, դրանց արժէքը եւ ծրագրի ժամանակացոյցը գաղտնի են պահւում։ Այդ շարքի առաջին ինքնաթիռները, ամենայն հաւանականութեամբ, շահագործման կը յանձնւեն 2030-ական թւականներին։