Կոնստանտին Զատուլին. «Ալիեւին ձեռնտու էր ժամանակաւորապէս իրեն հեռու պահել ՌԴ-ից՝ Փաշինեանի եւ Թրամփի հետ բանակցութիւններից առաջ»

«ԱԼԻՔ» – Վերջին ամիսներին Ալիեւը զբաղւած էր այլ գործերով՝ մեկնելով Վաշինգտոն՝ «Զանգեզուրի միջանցք»-ի շուրջ բանակցելու։ Այս մասին News.am-ի հետ զրոյցում ասել է Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ հարցերով, անդամ երկրների եւ հայրենակիցների հետ յարաբերութիւնների կոմիտէի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։
«Այդ ժամանակ նրա համար ձեռնտու էր իրեն Ռուսաստանից հեռու պահելը, որպէսզի Մոսկւան չխառնւէր Փաշինեանի եւ Թրամփի հետ իր բանակցութիւններին, քանի որ նա ցանկանում էր արդիւնքի հասնել։ Նա վստահ չէր, որ Ռուսաստանն այդ դէպքում որոշակի ազդեցութիւն չի ունենայ։ Դա վերաբերում է ոչ միայն տւեալ ժամանակահատւածին, այլեւ Հարաւային Կովկասի իրավիճակին ընդհանրապէս։ Ըստ իս, կարգաւորման հնարաւորութիւնն ու հեռանկարները պէտք է գնահատւեն ոչ միայն այս հանդիպմամբ, այլեւ նրանով, թէ ինչ կը յետեւի դրան։
Օրինակ՝ արդեօք գերի վերցւած ռուսաստանցի պատանդները, որոնք առեւանգւել էին յարաբերութիւնները ցոյց տալու համար, կազատւե՞ն բանտից։ Արդեօ՞ք Ռուսական տունը, որը փակւել էր, կը վերականգնւի իր նախկին կարգավիճակով, ինչպէս նաեւ մեր Russia Today-ն ու այն ամէնը, ինչը յստակօրէն ճնշւել էր՝ այս փուլում Ռուսաստանի նկատմամբ Ադրբեջանի վերաբերմունքը հաստատելու համար էր։
Ըստ իս, ռուս-ադրբեջանական յարաբերութիւնները պէտք է լաւ լինեն։ Միեւնոյն ժամանակ, մենք պէտք է օբիեկտիւօրէն գնահատենք Ադրբեջանի դերն ու տեղը, ինչպէս նաեւ նրա նպատակները։ Եթէ Ադրբեջանի նպատակներն են Թուրքիայի հետ միասին զարգացնել Թուրքական պետութիւնների կազմակերպութիւնը, եւ, ի դէպ, Ալիեւը այս հանդիպմանը եկել է Գաբալայում Թուրքական պետութիւնների կազմակերպութեան 12-րդ գագաթնաժողովից յետոյ:
Ի դէպ, Գաբալան նշանակալի վայր է։ Այնտեղ էր գտնւում Ռուսաստանի Դաշնութեան ռադարային կայանը, որն ապամոնտաժւեց Իլհամ Ալիեւի օրօք։ Ռուսական ռադարային կայանը ոչնչացւեց Գաբալայում։
Հէնց այնտեղ էր անցկացւել Թուրքական պետութիւնների կազմակերպութեան 12-րդ համաժողովը։ Այդ համաժողովի ընթացքում Ալիեւը խօսեց այն մասին, թէ ինչպէս են զարգանում իր յարաբերութիւնները Թուրքիայի հետ եւ որ միայն վերջին մէկ տարւայ ընթացքում ադրբեջանա-թուրքական 25 զօրավարժութիւն է անցկացւել։
Ցանկանում եմ ուշադրութիւն հրաւիրել, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է։
Մենք պայքար ենք մղում Ուկրաինայում՝ կանխելու համար Ուկրաինայի անդամակցութիւնը ՆԱՏՕ-ին եւ այդ դաշինքի լիիրաւ անդամ դառնալը։
Ադրբեջանը ռազմականօրէն միաւորում է ուժերը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ, որը Արեւմտեան Եւրոպայի ֆորումներում մշտապէս ընդգծում է, որ ոչ թէ Թուրքիան է առաջ շարժւում դէպի Ադրբեջան, այնուհետեւ դէպի Կասպից ծով եւ Կենտրոնական Ասիա, այլ ՆԱՏՕ-ի անդամ պետութիւնն է առաջ շարժւում։ Դա պէտք է բոլորի համար ակնառու լինի։ Իսկ հաճոյախօսութիւնները, ժեստերը եւ քաղաքավարութիւնը սովորական երեւոյթ են քաղաքավարի հասարակութեան մէջ, եւ դրանում ոչ մի տարօրինակ բան չկայ, ինչպէս որ ոչ մի տարօրինակ բան չկայ յարաբերութիւնները կարգաւորելու ցանկութեան մէջ»,- նշել է Զատուլինը։