Արթուր Խաչատրեան. «Կառավարութիւնը ոչինչ չի անում, որ Հայաստանի տնտեսութիւնը պաշտպանի թուրքական էքսպանսիայից»

«ԱԼԻՔ» – «Այսօր կառավարութիւնը որեւէ բան չի անում, որպէսզի Հայաստանի տնտեսութիւնը պաշտպանի թուրքական էքսպանսիայից, առաջին հարւածը գալու է գիւղատնտեսութեան վրայ, երկրորդը՝ տեքստիլի վրայ»: Ինչպէս հաղորդում է News.am-ը՝ այս մասին, երէկ՝ հոկտեմբերի 13-ին, ՀՀ Աժ-ում լրագրողների հետ զրոյցում նշել է ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը՝ նկատելով, որ սրանք այն ոլորտներն են, որոնք մեծապէս սոցիալական նշանակութիւն ունեն։
«Ես կարող եմ ձեզ ներկայացնել էկոնոմիկայի նախարարութեանը իմ ուղարկած հարցումը եւ իմ պատասխանը, թէ ինչ ազդեցութիւն է ունեցել Հայաստանի տնտեսութեան վրայ 2021-ին թուրքական ապրանքների վրայ ամբողջական էմբարգոն։ Մարդիկ հիմնաւորել են, թէ տնտեսութիւնը ինչքանով է դրանից դրական ազդակ ստացել, տեղական արտադրութեան զարգացում, ներմուծման փոխարինում տեղականի հաշւին, սեփական արտադրութեան աւելացում։ Այնպէս որ ես կարծում եմ, որ էկոնոմիկայի նախարարութիւնը ճիշտ կը լինի, որ հաշւարկ ներկայացնի։ Ես 2013-ին եղել եմ փորձագիտական խմբի անդամ եւ երբ Հայաստանը պատրաստում էր ԵՄ-ի հետ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գօտու համաձայնագիր կնքել, դա Հայաստանի վրայ ի՞նչ ազդեցութիւն կունենայ։ Նման հաշւարկ այսօր կառավարութիւնը չի ներկայացնում, որովհետեւ իրենք էլ են հասկանում, թէ դա ինչով է յղի»,- ասել է նա։
«Մենք խաղաղութեանը դէմ չենք եւ հէնց այդ պատճառով դէմ ենք Նիկոլ Փաշինեանին, որովհետեւ ինքը բերում է ոչ թէ խաղաղութիւն, այլ բերել է պատերազմ եւ բերում է տառապանքներ եւ արտաքին ռիսկերի մեծացում»,- նշել է Արթուր Խաչատրեանը։
«Տեսէք Նիկոլ Փաշինեանը ինչ հոգեբանական ճարպիկ խաղ է անում, ասում է՝ ինձ ընտրել է ժողովուրդը, ուրեմն եթէ դէմ ես ինձ, դէմ ես ժողովրդին։ Չէ, ժողովրդին դէմ չենք, որովհետեւ դու ընտրւել ես լրիւ ուրիշ խոստումներով, եւ երկրորդը, քեզ ընտրել է ժողովրդի 27-28% -ը։ Ասում է՝ դէմ ես ինձ, ուրեմն դէմ ես խաղաղութեանը։ Չէ, դէմ ենք քեզ, դէմ չենք խաղաղութեանը»,- ասել է նա։
Փաշինեանի պնդմանը, թէ ՀՀ կառավարութեան ծրագրում առաջնային տեղ է գրաւել հէնց խաղաղութեան հասնելը, ինչը ինքը կատարել է. պատգամաւորն ի պատասխան նշել է. «Այդ դէպքում իր ծրագիրը պէտք է լինէր ընդամէնը մի նախադասութիւն։ Իր ծրագրի մէջ կային էական հակասութիւններ։ Այն ժամանակ ինքը խաղաղութիւնը տեսնում էր Շուշիի եւ Հադրութի դէօկուպացիայի միջոցով, Արցախի հակամարտութեան կարգաւորումը տեսնում էր «անջատում յանուն փրկութեան» բանաձեւի մէջ։ Հիմա փոխւել է այդ ամէն ինչը։
Երկրորդը ի՞նչ խաղաղութեան մասին ենք մենք խօսում, եթէ երկրի տարածքի մի էական հատւած օկուպացւած է թշնամու կողմից, երբ թշնամին լկտիաբար խառնւում է քո ներքին գործերի մէջ։ Օրինակ սահմանադրութեան փոփոխութեան պահանջը, դա միջամտութիւն է քո ներքին գործերին։
Ի՞նչ է նշանակում՝ ես բերել եմ խաղաղութիւն։ Ինչ ուզել է, զիջել ես, հիմա որ չզիջես, էլի կը շարունակենք գնդակոծումը»։
Դիտարկմանը, որ Գէորգ Պապոյեանն ասել է, որ այսպէս թէ այնպէս թուրքական բրենդները այստեղ կան, այսինքն որեւէ խնդիր չի լինելու, Խաչատրեանն արձագանքել է. «Դա նոյնն է, որ ասես՝ դէ միեւնոյն է թմրամոլութիւնը կայ, այն օրինականացնենք, պրծենք, թեթեւից սկսած մինչեւ ամենածանր օգտագործում են»։
«Ես փոքր քաղաքական ուժերին ուզում եմ յիշեցնել 2021-ի ընտրութիւնները, երբ շանս չունեցող փոքր կուսակցութիւնները մասնակցեցին ընտրութիւններին, որի արդիւնքում Նիկոլ Փաշինեանը, որ ստացել էր 53,8 տոկոս, այսօր ԱԺ–ում ունի 70 տոկոսից աւելի ներկայացւածութիւն:
Ես ուղղակի, քաղաքական ուժերին, որոնք իրական ընդդիմութիւն են եւ ցանկանալու են մասնակցել ընտրութիւններին, ցանկացայ այդ վիճակագրութիւնը յիշեցնել»,- նշել է Արթուր Խաչատրեանը՝ անդրադառնալով ԱԺ առաջիկայ ընտրութիւններին։
Հարցին՝ իր յիշեցումը վերաբերում է նաեւ Սամուէլ Կարապետեանի՞ն, Արման Թաթոյեանի՞ն, Խաչատրեանը պատասխանել է. «Գոնէ Սամուէլ Կարապետեանը շատ աւելի մեծ ընտրազանգւած ունի, քան թէ փոքր կուսակցութիւնները, որոնք ստացել են, օրինակ, 12,000 քւէ: Սամուէլ Կարապետեանին դա վստահաբար չի վերաբերւում, սոցիալական հարցումները ցոյց են տալիս, որ ինքը բաւականին մեծ ընտրազանգւած ունի։ Արման Թաթոյեանը պէտք է ինքը որոշի՝ ոնց է գնալու։ Ամէն դէպքում ես բոլորին եմ դա յիշեցնում»։
Դիտարկմանը, որ «Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետեանը յայտարարել է, որ Ռոբերտ Քոչարեանը չկայ այն ցանկում, որի հետ իրենք կը միաւորւէին, Արթուր Խաչատրեանն արձագանքել է, որ իրենք այդ յայտարարութիւնն ընդունել են ի գիտութիւն. «Չեն ուզում, առանձին կանեն, մենք էլ առանձին կանենք։ Իսկ ինչի՞ պէտք է ուզէին։ Սա նախընտրականի մասին է, իսկ յետընտրական զարգացումներում, ես կարծում եմ, որ կը կրկնւի Գիւմրիի սցենարը, որովհետեւ Փաշինեանին չսիրողներն աւելի շատ են, քան սիրողները»։
Ինչ վերաբերում է հարցին, թէ արդեօք 2026-ի ընտրութիւններին ՀՅԴ-ն կը մասնակցի Ռոբերտ Քոչարեանի հետ, թէ առանձին, նա պատասխանել է, որ այդ հարցը պէտք է որոշի ՀՅԴ Հայաստանի Գերագոյն ժողովը։