Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արման Թաթոյեան. «Վեհափառ Հայրապետի դէմ քրէական վարոյթ նախաձեռնելը կամ հետապնդում յարուցելը քաղաքական նպատակով իշխանութիւնների գծած սցենարի մաս է»

«ԱԼԻՔ» – ՀՀ Մարդու իրաւունքների նախկին պաշտպան, «Միասնութեան թեւեր» քաղաքական նախաձեռնութեան ղեկավար Արման Թաթոյեանը ֆէյսբուքեան իր էջում անդրադարձել է Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի դէմ ՀՀ գործող իշխանութիւնների վերջին գործողութիւններին՝ նշելով, որ դրանք քաղաքական նպատակով իշխանութիւնների գծած սցենարի մաս է:

Նա մասնաւորապէս գրել է.

«Վեհափառ Հայրապետի դէմ քրէական վարոյթ նախաձեռնելը կամ հետապնդում յարուցելը քաղաքական նպատակով իշխանութիւնների գծած սցենարի մաս է։

Ինչպէ՞ս կարող է եկեղեցականներին վերաբերող տարիներ առաջւայ դէպքերի վերաբերող գաղտնալսումը յայտնւել իշխանական լրատւամիջոցներում։ Սա առաջին հարցն է, որ պէտք է առաջանայ իւրաքանչիւրիս մօտ։

Այսինքն՝ մենք ունենք իշխանութիւններ, որոնք իրաւապահ մարմիններին օգտագործում են նեղ քաղաքական շահերի համա՞ր կամ հէնց իրե՞նք են ապօրինի այլ եղանակներով անում գաղտնալսումներ ու դրանք պահում անգամ տարիներով, որպէսզի իրենց յարմար պահի դրանք օգտագործեն քաղաքական նպատակներով։ Ստացւում է՝ հէնց այդպէս էլ կայ:

Ինչո՞ւ այնպէս ստացւեց, որ հէնց իշխանական լրատւամիջոցները (ՔՊ կուսակցութեան պաշտօնաթերթը, Վարչապետի ընտանիքին եւ ըստ հրապարակային մի շարք աղբիւրների՝ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալին պատկանող լրատւամիջոցները) տարածեցին ձայնագրութիւնները, ինչո՞ւ են գեներացնում հանրային հետաքրքրութիւն վարկաբեկող նիւթերով ու դրանից յետոյ «շատ պատահաբար յայտնւում» են իրաւապահ մարմիններն ու իշխանական պրոպագանդայի մաս կազմող ԶԼՄ-ի հրապարակումները վերցնում են ուսումնասիրութեան։

Եւս մէկ անգամ յստակ պէտք է նշել՝ Վարչապետը չունի օպերատիւ-հետախուզական, քննչական կամ իրաւապահ այլ մարմիններից, դատարաններից մարդկանց մասնաւոր կեանքի, գաղտնալսումների վերաբերեալ տեղեկութիւններ ստանալու իրաւունք, նրան այդ տւեալները հասանելի չեն: Աւելին, այդ տւեալների գաղտնիութիւնը պաշտպանւած է հէնց նրանից: Վարչապետին իրաւունք չունեն փոխանցելու օպերատիւ հետախուզական, այդ թւում՝ ձայնագրութիւնների վերաբերեալ նիւթեր։

Սրանք ՀՀ-ում գործող օրէնքի, Սահմանադրութեան ու միջազգային ուղիղ պահանջներ են, ոչ թէ իմ կարծիքը եւ դրա նպատակը քրէական հետապնդման ու օպերատիւ-հետախուզական գործունէութիւնը քաղաքական որեւէ ու յատկապէս Վարչապետի ազդեցութիւնից պաշտպանելն է՝ անկախ նրանից, որ [անթոյլատրելի կերպով] նրա կողմից են նշանակւում։

Յատկանշական է, որ այս տեղեկութիւնների տարածմանը զուգահեռ, ՔՊ պատգամաւորներն ու իշխանութեան համախոհները ինտենսիւօրէն լծւել են Եկեղեցին արատաւորող հրապարակումների տարածմանը՝ փորձելով ստեղծել տպաւորութիւն, թէ գործում են օրէնքի շրջանակում։

Մեր բազում խնդիրները լուծելու փոխարէն, հսկայական ռեսուրսներ, իրաւապահ մարմինների մեծաքանակ ջանքեր ուղղւում են պետութիւնը թուլացնող, մեր ազգային դիմադրողականութիւնը քայքայող ապօրինի արարքների վրայ, որոնք վրէժխնդրութիւն են ու նեղ քաղաքական շահերի նպատակ ունեն՝ նախեւառաջ պայմանաւորւած ադրբեջանական պահանջներով: Սա նւէր է ադրբեջանական իշխանութեանը՝ զաւթողական ծրագրերի համար: Իշխանութեան գործելաոճը վարկաբեկում է հայ ազգին աշխարհում, վիրաւորում է մեր արժէքները:

Այս արատաւոր իրավիճակից ոչ մէկ շահած դուրս չի գալու։

Ակնյայտ է, որ իշխանութիւնների գործելաոճը բացարձակ նպատակ չունի երկրում հաստատել իրաւունքի գերակայութիւն կամ առհասարակ պայքարել արատաւոր երեւոյթների դէմ. սա ընդամէնը հերթական հարւածն է մեր երկրի միջազգային իմիջին, ժողովրդավարութեանը եւ մեր ազգային արժէքներին։ Այս գործելաոճը կոպիտ ոտնահարում է կրօնի եւ խղճի ազատութիւնը:

Եթէ մեր Եկեղեցու ներսում խնդիրներ էլ կան, ապա դրանք չպէտք է լուծւեն նման տարբերակով՝ հասարակութիւնը կրկին տանելով բաժանման ու ատելութեան խորացման ճանապարհով։ Կառավարութեան ղեկավարն ու ՔՊ խմբակցութեան պատգամաւորները, այլ պաշտօնեաները հարցերը նման կերպ լուծելու իրաւասութիւն չունեն։

Եւ վերջում՝ որպէսզի որեւէ մէկը չշահարկի, յատուկ արձանագրում ենք, որ առհասարակ մեզ համար որեւէ խախտում ընդունելի չէ, ու բարձրացւող հարցը եկեղեցու բուն ներսի հարց չէ: Պարզապէս այնպէս են անում, որ որեւէ մէկն իշխանութեան անօրինականութիւնները չբարձրաձայնի. եթէ բարձրաձայնւի, միանգամից այդ մարդուն կը դարձնեն խախտումները խրախուսող ու քարոզչական հնարքներով կը փակեն իրենց անօրինական պահւածքի հարցը»:

Related Articles

Back to top button