Իշխան Սաղաթէլեան. «Գիւմրիում այսօր յարձակում է ոչ թէ Վարդան Ղուկասեան անձի, այլ ժողովրդի քւէի վրայ»

«ԱԼԻՔ» – ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանն անդրադառնալով Գիւմրիի դէպքերին՝ նշել է, որ Գիւմրիում յարձակում է ոչ թէ Վարդան Ղուկասեան անձի, այլ ժողովրդի քւէի վրայ է:
Նա մասնաւորապէս գրել է.
«Երկու յիշեցում.
Գիւմրու աւագանու ընտրութիւնների արդիւնքները, որոնց արդիւնքում քաղաքապետ է ընտրւել Վարդան Ղուկասեանը, չեն վիճարկւել դատական կարգով։
Երեք շաբաթ առաջ Ազգային ժողովի ամբիոնից վարչախմբի ղեկավարը յայտարարեց, որ Վարդան Ղուկասեանի քաղաքապետ լինելն ինքը համարում է թիւրիմացութիւն, որը պատրաստւում է շտկել։
Սա այն ամենն է, ինչ հարկաւոր է իմանալ այսօր կատարւողի վերաբերեալ։ Ուրեմն Գիւմրիում այսօր յարձակում է ոչ թէ Վարդան Ղուկասեան անձի, այլ ժողովրդի քւէի վրայ, որը հարկաւոր է պաշտպանել Հայաստանում ժողովրդավարութեան գլխաւոր թշնամուց։
Միեւնոյն ժամանակ, այս իրավիճակում չափազանց կարեւոր է Գիւմրիի ընդդիմադիր ուժերի պահւածքը, ովքեր պէտք է ամէն կերպ կանխեն Հանրապետութեան երկրորդ քաղաքում իշխանութեան զաւթումը»։



