Հարւածել Եկեղեցուն՝ նշանակում է հարւածել ազգային նկարագրին

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը նախաձեռնել էր «Հայկական Սփիւռքի մարտահրաւէրները եւ հայրենիքը» թեմայով հանդիպում, որին մասնակցել են սփիւռքի տարբեր համայնքների ներկայացուցիչներ։ Ելոյթներով հանդէս են եկել ՀՅԴ Բիւրոյի անդամներ Յակոբ Բագրատունին, Մուրադ Փափազեանը, Սեւան Դանիէլեանը, ՀՅԴ Հայաստանի Գմ ներկայացուցիչ Իշխան Սաղաթէլեանը։
Յակոբ Բագրատունին իր ելոյթում ներկայացրել էր, թէ ինչպէս են քաղաքական փոփոխութիւնները, որոնք վերջերս տեղի ունեցան Լիբանանում, Սիրիայում, Պաղեստոինում, անդրադարձել հայկական սփիւռքի գաղութների վրայ: Նա իր խօսքում յիշեցրել է այն բոլոր դժւարութիւնների մասին, որոնք հայ համայնքներն ունեցել են` Սիրիայի 2011 թւականի պատերազմից մինչեւ երկրաշարժ, մինչեւ պետական վարչակազմի փոփոխութիւն, Լիբանանում 2019 թւականից սկսւած տագնապը, տնտեսական աղէտը, նաւահանգստի պայթիւնը, Իսրայէլի յարձակումը Լիբանանի վրայ: «Չնայած այս դժւարութիւններին, մեր համայնքները շարունակում են օժանդակել Հայաստանին, եւ, վերջին հաշւով, իրենց երազն է հայրենադարձութիւնը: Ես միշտ ասում եմ՝ եթէ պէտք է հայն արտագաղթի այս երկրներից, ապա միակ ուղղութիւնը պէտք է լինի ներգաղթը Հայաստան»,- ասել է նա:
«Հրապարակ»ը զրուցել է ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու Յակոբ Բագրատունու հետ:
– Կարո՞ղ ենք ասել, որ Լիբանանում խաղաղ կեանքը վերջնականապէս վերականգնւել է, դեռ անցեալ տարի դպրոցները չէին աշխատում նոյնիսկ:
– Այո, դպրոցներն աշխատում են, բոլոր կառոյցները՝ մշակութային, մարզական, բնականոն գործում են, միաւորները, միութիւններն իրենց տարեկան ձեռնարկներն են իրականացնում եւ բիւջէն հաւասարակշռում են ներքին նւիրատւութիւններով: Դպրոցները վերաբացւել են, ուսուցիչներն իրենց գործի վրայ են, համալսարանական մեր միութիւններն աշխատում են, բոլոր տեղերի մշակութային, մարզական, բարեսիրական միութիւնները գործում են, եւ այս ամենի մէջ մենք մեր ժողովրդի հետ ենք, ժողովուրդն էլ դա դրական կերպով է ընկալում:
– Հայ համայնքը Լիբանանում հիմա ինչքա՞ն է, շա՞տ է կրճատւել: Ժամանակին մօտ 200-300 հազար հայութիւն կար:
– Մեր հաշւարկով՝ շուրջ 110-120 հազար է:
– Մի Արցախի չափ հայութիւն է մնացել, փաստօրէն:
– Այո: Բոլոր համայնքներն անկում են ունեցել:
– Դուք հետեւո՞ւմ էք այսօր Գիւմրու իրադարձութիւններին, գիտէ՞ք, թէ Հայաստանում ինչ է կատարւում, եւ ի՞նչ գնահատական ունէք:
– Այո, իհարկէ: Իշխանութիւնների հերթական ոստիկանական բռնատիրական նախաձեռնութիւնները շարունակւում են, նպատակն էլ ենթադրեալ ամբաստանութիւնների քօղի տակ լռեցնելն է որեւէ առողջ ու ազատ կարծիք, ազատ միտք եւ նախապատրաստւելու առաջիկայ ընտրութիւններին` իրենք իրենց վերարտադրելու համար:
– Ինչպէ՞ս են սփիւռքում վերաբերւում հոգեւորականների հանդէպ իրականացւող քրէական հետապնդումներին: 10-ից աւելի անձ կալանքի տակ է, բռնաճնշումներ են իրականացւում:
– Կարեւոր է նշել, որ սփիւռքում Եկեղեցու հանդէպ յարգանքը եւ եկեղեցական արժէքների հանդէպ փարումը շատ բարձր են: Միանշանակ կարող եմ ասել, որ սփիւռքի ազգային ուժերի ջախջախիչ մեծամասնութեան կարծիքն այն է, որ նման բան ընդունելի չէ, հարւածը ոչ թէ անձերի, անհատ եկեղեցականների դէմ է, այլ՝ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմի, ինչը կը նշանակի եկեղեցին` իր աւանդոյթներով, իր քրիստոնէական արժէքներով, իր այն խորքային արմատներով, որ ունի մեր ժողովրդի մէջ, հարւածում են հայ եկեղեցուն, հարւածում են միւս ազգային արժէքներին՝ լեզու, մշակոյթ, գրականութիւն, ընտանեկան բարքեր։ Մեր ժողովրդի ընդհանուր արժէհամակարգը, բնականաբար, շատ լաւ գիտեն իշխանութիւնները, որ Եկեղեցին մեր ժողովրդի ողնասիւնն է, Եկեղեցին դարերով պահպանել է մեր ազգային նկարագիրը, հետեւապէս՝ հարւածել Եկեղեցուն՝ նշանակում է հարւածել ազգային նկարագրին, այդ արժէքներին եւ հասնել այն նպատակներին, որոնց համար հասել են իշխանութեան ու շարունակում են պահել այդ իշխանութիւնը:
– Նիկոլ Փաշինեանի՝ Վատիկան մեկնելուց յետոյ լուրեր են պտտւում, որ մեր Եկեղեցու ոչնչացումն արւում է, որպէսզի միանանք կաթոլիկ եկեղեցուն: Դուք ինչպէ՞ս էք վերաբերւում սրան, հնարաւո՞ր էք համարում:
– Բաւարար աբսուրդ բաներ կատարած է վարչապետը, սակայն այս մէկը քիչ մը… չեմ ուզում մտածել հաւատալու մասին: Բայց կը զարմանամ, թերեւս, որ մեր եկեղեցական աւանդութիւնները չգիտէր, որ չմկրտւած` ինչպէս հաղորդութիւն կառնէ: Երկրորդ․ Առաքելական Եկեղեցու զաւակը հաղորդակից չէ Կաթողիկէ եկեղեցու հաղորդութեանը, այլ հաղորդակից է Ուղղափառ, Ղպտի, Ասորէական եւ Մալաբար Ուղղափառ եկեղեցիներին: Սա մի մանրամասնութիւն` պարոն վարչապետի համար: Հետաքրքրական է նաեւ, որ նա ներկայ է գտնւել արարողութեանը, որով սրբացրել են ցեղասպանութեան նահատակ Հայ Կաթողիկէ եպիսկոպոս Մալոյեանին, այն դէպքում, երբ ցեղասպանութեան հանդէպ Նիկոլ Փաշինեանը կասկածոտ մօտեցում ունի: Շատ բնական է, երբ որ մենք բարձր ենք գնահատում Հայ Կաթողիկէ եկեղեցու Մալոյեան եպիսկոպոսի սրբադասութեան ակտը, եւ դա համայն հայութեան համար արժէք է, գնահատելի ակտ է, որի համար կաթողիկէ եկեղեցին՝ իր սրբազան քահանայապետով, ընդունելի է նաեւ եւ մէկ անգամ եւս կը շեշտի այն, որ Վատիկանը ցեղասպանութեան 100-ամեակի առիթով չանսաւ Հայոց Ցեղասպանութիւնը: Եւ այս անգամ եւս սա մեզ համար շատ մեծ իրագործում է, որ կատարեց կաթողիկէ ընդհանրական եկեղեցին` Հայ Կաթողիկ եկեղեցու միջամտութեամբ եւ առաջարկով:



